Մենք համաձայն ենք. եկեք, անցեք․ Փաշինյանը՝ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան մասի կապի մասին

Հայաստանի Հանրապետությունը համաձայն է տրանսպորտային և երկաթուղային հաղորդակցություն ապահովել Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածների միջև, սակայն Ադրբեջանը համաձայն չէ, որ անվտանգությունը Հայաստանն ապահովի։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա մեջբերեց 2020թ. եռակողմ հայտարարության կետերից մեկը, ըստ որի՝ կողմերի միջև համաձայնեցմամբ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը։

«Մենք համաձայն ենք. եկեք, անցեք, ո՞վ ա խանգարում։ Ադրբեջանը համաձայն չէ, որովհետև ասում է՝ անվտանգությունը դու չպիտի ապահովես։ Բա ո՞վ պիտի ապահովի, որ նախ ես եմ ստորագրել, հետո էլ դուք եք ստորագրել, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ապահովի։ Ասում է՝ չէ, անցուդարձը դու չպիտի կազմակերպես։ Ո՞նց ես չպիտի կազմակերպեմ, որ դուք եք ստորագրել, որ ես պիտի կազմակերպեմ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա այնպիսի մի կետ, որով սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն իր տարածքի նկատմամբ, նաև չկա մի գործառույթ, որը Հայաստանի Հանրապետությունն արտապատվիրակում է։

Ի տարբերություն սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ արած մեջբերման, այս անգամ Փաշինյանը եռակողմ հայտարարության 9-րդ կետն ընթերցեց մինչև վերջ, որտեղ նաև նշված է` «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի անվտանգային դաշնային ծառայության մարմինները»։

Փաշինյանի խոսքով՝ սա չի նշանակում, որ ԱԴԾ մարմինները պիտի ներկա լինեն։

«Այստեղ գրա՞ծ է, որ ՌԴ անվտանգային դաշնային ծառայության որևէ ներկայացուցիչ պիտի գետնի վրա էնտեղ լինի։ Չկա նման բան»,- ասաց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս