«Տիգրան Թորոսյանին ևս ազատել են աշխատանքից: Ե՛վ ԵՊՀ-ում, և՛ Բրյուսովում դասախոսները ենթարկվում են քաղաքական հետապնդումների». Ցոլակ Ակոպյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում բոլոր իշխանությունները լուրջ ճնշումներ են գործադրել ընդդիմության եւ իրենց քննադատողների նկատմամբ, սակայն մենք չենք հիշում աղմկոտ դեպքեր, երբ բուհում աշխատող որեւէ դասախոսի աշխատանքից ազատեին իր հայացքների, այս կամ այն ընդդիմադիր ուժին սատարելու կամ նրա համախոհը լինելու համար:
Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում վերջին երկու տարիներին մեծ թվով դասախոսներ են աշխատանքից ազատվել, եւ դա հասարակությունը շատ նորմալ է համարում: Նրանք՝ բոլորը, ուղղակի «պատահականության» սկզբունքով ընդդիմադիր դաշտից են, քննադատել են Նիկոլ Փաշինյանին եւ նրա ռեժիմին:
Նախորդ տարի Բրյուսովից ազատվեցին դաշնակցական Լիլիթ Գալստյանը, Ցոլակ Ակոպյանը ու էլի մի շարք դասախոսներ, օրենքների ու կարգերի բազմաթիվ խախտումներով ռեկտոր նշանակված Դավիթ Գյուրջինյանը չներեց նրանց, ովքեր պայքարում էին նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանի համար, ով արդար մրցույթով` նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, հաղթել էր եւ, ըստ օրենքի, պետք է ռեկտոր նշանակվեր: Սակայն փաշինյանական իշխանությունը տրորեց բոլոր օրենքները եւ մրցույթում պարտված իր մարդուն ռեկտոր նշանակեց:
Երկու տարի է՝ լեզվաբան, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «ինտելիգենտ» Դավիթ Գյուրջինյանը զբաղված է «վհուկների որսով»` բուհն ազատում է այլախոհներից:
Նույնը կատարվում է նաեւ ԵՊՀ-ում, որտեղ անակնկալ կերպով օրեր առաջ աշխատանքից հեռացվել են Աբրահամ Գասպարյանը, Մենուա Սողոմոնյանը: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆալուլտետի երկարամյա դոցենտ Աստղիկ Ավետիսյանն էլ նախորդ շաբաթ մեզ հետ զրույցում նշել էր, որ փակվել է PR մագիստրոսական ծրագիրը, որի ղեկավարն ինքն էր:
Տեղեկացանք, որ Բրյուսովից ազատել են նաեւ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին, ով երկար տարիներ զբաղեցրել է Բրյուսովի անվան համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչի պաշտոնը եւ շատ ակտիվ պայքարում էր ռեկտորի ընտրությունների փուլում` հօգուտ Կարինե Հարությունյանի: Քանի որ Թորոսյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, զրուցեցինք բուհի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի հետ: Մեր այն հարցին` Տիգրան Թորոսյանն ազատվե՞լ է ամբիոնի վարիչի պաշտոնից, Ակոպյանն ասաց.
«Այո, Տիգրան Թորոսյանին եւս ազատել են աշխատանքից: Նա նույնպես միանշանակ քաղաքական հետապնդումների է ենթարկվել, ես կասկած չունեմ այդ մասով: Ե՛վ Երեւանի պետական համալսարանում, ե՛ւ Բրյուսովում դասախոսները ենթարկվում են քաղաքական հետապնդումների: Երկու տարի է՝ ես էլ եմ ազատվել աշխատանքից:
Դավիթ Գյուրջինյանի վրեժխնդրության հարցն է նաեւ: Նա հիմնականում ազատում է նրանց, ովքեր ոչ միայն այս իշխանություններին են դեմ, այլեւ նրանց, ովքեր դեմ են եղել Գյուրջինյանի ապօրինի նշանակմանը: Մարդիկ, ովքեր հարցազրույցներով են հանդես եկել, նշել են, որ դեմ են Դավիթ Գյուրջինյանի՝ ռեկտոր նշանակվելուն, այսօր հերթով ազատվում են աշխատանքից: Նաեւ Հակոբ Մադոյանն է ազատվել աշխատանքից, փակեցին նրա ղեկավարած ամբիոնը` Հայագիտության ամբիոնը, որպեսզի ուղղակի Մադոյանը զրկվի աշխատանքից: Էլի շատերն ազատվել են աշխատանքից, սակայն լռում են»:
Ովքե՞ր են, ինչո՞ւ են լռում։ «Մադոյանը չի լռում, Հայագիտության ամբիոնից չորս-հինգ դասախոս է ազատվել աշխատանքից: Հիմնականում այն մարդիկ, ովքեր Դավիթ Գյուրջինյանին դեռ յոթ տարի առաջ չեն ընտրել որպես բուհի ռեկտոր: Նա այսօր յոթ տարվա վրեժն է անգամ լուծում: Ոչ միայն ապօրինի ռեկտոր է դարձել, լինելով ամբիոնի վարիչ` նշանակվել է ռեկտոր, նաեւ իրեն թույլ է տալիս վրեժ լուծել իրեն դեմ քվեարկողներից: Իրականացնում է իր վաղեմի երազանքը` անձնական վրեժխնդրություն: Եթե մյուս բուհերում խնդիրը միայն քաղաքական է, ապա Բրյուսովում անձնականն ու քաղաքականը` միասին: Օրինակ` Նատալյա Խաչատրյանը դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի լավագույն մասնագետներից: Ես պարզապես ամաչում եմ, որ բուհում կարող է նման իրավիճակ ստեղծվել, ամոթալի է, որ անձնական հարցերը կարող են գերիշխել: Չեմ զարմանա, որ շուտով Տիգրան Թորոսյանին փոխարինելու գա մեկը, ով այս իշխանությունների կամակատարն է: Գա, որպեսզի հլու-հնազանդ կատարի իշխանության պատվերները»,- նշեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով` երբեւէ չի եղել նման իրավիճակ, երբ դասախոսն աշխատանքից ազատվի իր քաղաքական հայացքների համար։ Ըստ Ակոպյանի՝ սա աննախադեպ իրավիճակ է։ «2003 թվականից բուհում եմ, տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, բայց նման բան երբեք չեմ տեսել: Սա արդյունքն է այն բանի, որ երկու տարի առաջ, երբ ինձ ու էլի շատերին ազատեցին աշխատանքից, մյուսները լռեցին: Շատերը չպատկերացրին, որ նույն բանն իրենց հետ են անելու: Ի դեպ, եթե մեր դասախոսներն այս ամենը հանդուրժեցին, վաղը նույն բանն իրենց հետ է տեղի ունենալու:
Պետք է համայնքը համախմբվի, սա անձերի հարց չէ, սա ակադեմիական միջավայրի հարց է: Սա այն հարցն է, որ ոչ ոք չի կարող իր ցանկություններով` ինչպես ցանկանա, վարվել դասախոսի հետ: Կոչ եմ անում բոլոր դասախոսներին` լավ մտածեք, եթե շարունակեք լռել, վաղը մյուսների հետ է նույն բանը տեղի ունենալու»,- եզրափակեց Ցոլակ Ակոպյանը»: