ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԱՊՀ շրջանակում բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին արձանագրության վավերացմանը

Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրության վավերացմանը: Արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

«Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը ստորագրվել է 2000 թվականի դեկտեմբերի 1-ին: Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Ուկրաինայի կողմից:

«Արձանագրության նպատակն է Անկախ Պետությունների Համագործակցության իրավապայմանագրային հենքի գույքագրումը: Կողմերն արձանագրում են արձանագրության թիվ 1 հավելվածում թվարկված պայմանագրերի դադարեցումը՝ դրանց գործողության ժամկետը լրանալու և հետագա պայմանագրեր կնքելու պատճառով: Արձանագրության թիվ 2 հավելվածում թվարկված պայմանագրերը դադարեցնում են իրենց գործողությունն այդ պայմանագրերի մասնակից պետությունների միջև հարաբերություններում` արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից»,-ասաց Մնացական Սաֆարյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ այդ ընթացակարգերն արդեն կատարվել են արձանագրությունը ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը հիմա վավերացնում արձանագրությունը՝ Սաֆարյանը պատասխանեց, որ հատուկ պատճառ չկա:

«ԱՊՀ քարտուղարությունից հարց էր եղել, թե ինչո՞ւ Հայաստանը չի վավերացրել մինչև հիմա: Մեր վարչությունն ըստ իրենց նպատակահարմարության, այսինքն՝ գույքագրման արդյունքում սկսեց արձանագրության վավերացման գործընթացը»,–նշեց նա:Արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

Տեսանյութեր

Լրահոս