Ադրբեջանը չափազանց բարձր է գնահատում ՀՀ ԶՈւ զինվածության աստիճանը, կամ՝ ինչո՞ւ էին ԱՄՆ ինքնաթիռներն օգոստոսի սկզբին Հայաստան մտել
Ադրբեջանը, մի կողմ դնելով իր հետևողական սպառազինվելու փաստը (ընդ որում՝ հարձակողական բնույթի զինատեսակներով), ինչպես նաև՝ Թուրքիայի հետ ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական ծրագրերը, վերջին շրջանում դարձյալ թիրախում է պահում Հայաստանի զինվելու հանգամանքն ու պայմանավորվածությունները:
Ընդ որում, եթե քաղաքական նպատակահարմարությունն Ադրբեջանի բանակի հզորությունը, անպարտելիությունը և 44-օրյա պատերազմից հետո ՀՀ զինված ուժերի թուլացած լինելը կամ ուժերը վերականգնված չլինելը ներկայացնելն է, ապա ադրբեջանական կողմը հիշում է 44-օրյայում իրենց բանակի հաղթանակած դուրս գալն ու «երկաթե բռնունցքը»:
Իսկ եթե խնդիրը հնարավոր սադրանքի համար լեգիտիմ հիմքեր ստեղծելն է և ներկայացնելը, որ Հայաստանն է պատրաստվում նոր պատերազմի, Ադրբեջանը ՀՀ զինված ուժերին հարձակողական լուրջ ուժեր է վերագրում, հիշում Արևմուտքի աջակցության մասին, այն դեպքում, երբ Արցախն ամբողջապես օկուպացնելուց հետո ապացուցում էին, որ 30 տարի հետո վերջապես միջազգային հանրությունը դեպի Ադրբեջան է շրջվել: Իհարկե, սրանում կար ճշմարտություն՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի օրերին, դրանից հետո Արցախում կատարված իրադարձությունների ֆոնին աշխարհի լռությունը, անտարբերությունը, կամ՝ Ադրբեջանին չպատժելու ցանկությունը:
Այս պահին քաղաքական շահն Ադրբեջանին թելադրում է երկրորդ տարբերակը՝ ներկայացնել, որ Հայաստանը զինվում է ժամանակակից և հարձակողական զինատեսակներով և պատրաստվում պատերազմի:
Օգոստոսի 21-ին ադրբեջանական քարոզչական կայքերից caliber.az-ը բարձրագոչ վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ հղում անելով իր դիվանագիտական և ռազմական ստուգված աղբյուրներին, մասնավորապես, գրել է, թե՝ «վերջին շաբաթների ընթացքում Հայաստան են տեղափոխվել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային կայանները՝ 12 միավոր, հակատանկային հրթիռային համակարգեր և «օդ-օդ» դասի հրթիռներ և այլն»:
Եվ, որ «ռազմական փորձագետների դիտարկմամբ, ֆրանսիական հրթիռները համապատասխան մոդիֆիկացիայից հետո կարող են տեղադրվել ՀՀ զինանոցում առկա ռուսական Սու-30-ների վրա»:
Ընդ որում, Ադրբեջանը գրում է, թե ֆրանսիական զենքն Իրանի միջոցով է հասել Հայաստան, ավելին, չնայած Իրանի պաշտոնական հերքմանը, որ Հայաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական պայմանագիր չի կնքվել, Ադրբեջանը պնդում է, որ այս մասին տարածված տեղեկությունը, բնավ էլ, ֆեյք չի եղել:
Եվ այս ամենը Բաքվի պաշտոնական շրջանակներում մտահոգության և հիասթափության տեղիք է տվել՝ ըստ ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցի:
Այս համատեքստում հարկ է հիշել մի քանի կարևոր հանգամանք:
Առաջին, այո, Հնդկաստանից որոշակի սպառազինություն, ըստ տարբեր աղբյուրների, Հայաստան հասել է, Ֆրանսիայի KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության հետ Հայաստանը կնքել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր, ինչը ենթադրում է CAESAR ինքնագնաց հրետանային կայանների մատակարարում, բայց սա չի նշանակում, որ Հայաստանը գնում է պատերազմի:
Երկրորդ, զենքի գնումը ենթադրում է լոգիստիկ լրջագույն խնդիրների հաղթահարում: Եվ հիմա, երբ Ադրբեջանը պնդում է, որ Իրանը բացել է իր ճանապարհը ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայից եկող զենքի համար, ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը կարողացե՞լ է Իրանի հետ լեզու գտնել և որոշակի հավաստիացումներ տալ, թե՞ սա կարող ենք դիտարկել նաև Իրան-Ֆրանսիա հարաբերությունների հարթություն, այլապես ասել, որ Իրանը թույլ է տվել իր տարածքով ֆրանսիական զենքի տեղափոխում Հայաստան, միայն տեխնոլոգիական «գողության» շարժառիթներից ելնելով, թերևս, այդքան էլ ճիշտ չէ:
Երրորդ, նշենք, որ հունիսին ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուսսոնը տեղեկացրել էր, որ 36 միավոր CAESAR է Հայաստանին մատակարարվելու՝ առաջիկա 15 ամիսների ընթացքում:
Ավելի ուշ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ «Հայաստանը, Խորվաթիան և Էստոնիան պատվիրել են 60 միավոր»:
Այսինքն, մոտ 2 ամսվա ընթացքում պատվիրված ինքնագնաց հրետանային միջոցները հասցնել Հայաստա՞ն: Հանուն արդարության՝ պետք է նշել, որ ադրբեջանական նմանօրինակ հրապարակումները երբեմն հիշեցնում են արևմտամետ որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք, փորձելով ընդգծել Արևմուտքի դերը ՀՀ անվտանգության հարցում, երբեմն իրողությունը չափազանցված են իրականացնում:
Իսկ սպառազինության գնման գործընթացը լռություն է սիրում, և պետք չէ տարբեր շարժառիթներից ելնելով՝ վտանգել ՀՀ անվտանգային խնդիրների լուծումը:
Այս առումով ՀՀ պաշտպանության նախարարությունն առավել զգուշավոր է, քան իշխանության որոշ ներկայացուցիչներ, արևմտամետ քաղաքական գործիչներ և փորձագետներ, ինչպես նաև՝ ՀՀ գործընկերները, որոնց դեպքում սպառազինության մատակարարման հետ կապված, այսպես ասած, ոչ զուսպ կեցվածքը բիզնես շահ է հետապնդում:
Այլ հարց է, որ պաշտպանության նախարարությունը հնարավորինս պետք է փորձի զսպել նրանց:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա նա էմոցիոնալ երկիր չէ, և եթե պաշտոնապես հերքել են Հայաստանին զենք մատակարարելու տեղեկությունը, չպետք է փորձել փորփրել, որը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ էլ Հայաստանի շահից, հատկապես, երբ նման թեմաների գեներացման հարցում Ադրբեջանն իր հեռահար նպատակներն ունի:
Չորրորդ, Հայաստանի զինանոցում դեռ մեծ տեղ ունի ռուսական սպառազինությունը, էլ չենք ասում, որ կա սպասարկման խնդիր, և մեր երկիրն առնվազն այս առումով «կախվածության» մեջ է ՌԴ-ից:
Ի դեպ, Ադրբեջանը լավ կանի՝ վիճակագրություն ներկայացնի Ադրբեջան-Ֆրանսիա ռազմատեխնիկական երբեմնի համագործակցության հետ կապված, որոնց արդյունքները բավականին ուշագրավ էին, և, որ այսօր Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները չեն ազդում բիզնես շահերի վրա՝ ֆրանսիական Total Energies-ը շարունակում է գործունեությունն Ադրբեջանում:
Հոդվածի թեմայի համատեքստում անդրադառնանք նաև ադրբեջանական caliber.az-ի՝ իբր օգոստոսի 2-ին և 3-ին ամերիկյան ինքնաթիռ Հայաստան մտնելու փաստերին, թե ԱՄՆ-ը անձնակազմ և ռազմական բեռ է բերել դրանցով:
168.am-ն անդրադարձել էր նման տեղեկությունների տարածման ադրբեջանական մոտիվացիային:
Մեր հավաստի տեղեկություններով, երբ հուլիսի 15-ից հուլիսի 24-ը Հայաստանում ավարտվել է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, դրան հաջորդող օրերին, այդ թվում՝ օգոստոսի սկզբին, ԱՄՆ-ը իր բերած անձնակազմը և տեխնիկան մի քանի չվերթով Հայաստանից հանել է, և Ադրբեջանը հենց այս նպատակով ամերիկյան ինքնաթիռների մուտքն է Հայաստան ֆիքսել:
Ի դեպ, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին օրերս ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք մատակարարելուն, նշել էր.
«Ես որևէ փաստացի տեղեկություն չունեմ ձեր նշածի վերաբերյալ և չեմ կարող մեկնաբանել հրապարակված լուրերը»: