Արմեն Մարտիրոսյանի վերաբերյալ ոստիկանությունում նախապատրաստվում են երկու տարբեր նյութեր
Ոստիկանությունում առանձին-առանձին նյութեր են նախապատրաստվում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին առնչվող ապրիլի 9-ի առավոտյան ու երեկոյան միջադեպերի վերաբերյալ: Քաղաքական գործչի փաստաբան Սեդա Սաֆարյանն այսօր pastinfo.am-ի թղթակցին հայտնել է, որ դեռևս իրեն հայտնի չէ, թե ինչու են դրանք հետաքննվում առանձին-առանձին:
Ապրիլի 9-ի առավոտյան Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների ու Ա.Մարտիրոսյանի միջև՝ վերջինիս մորն ու երեխային հրմշտելու ու հարվածելու պատճառով, իսկ երեկոյան ընդհարում է տեղի ունեցել Ա.Մարտիրոսյանի ու ոստիկանի միջև: Ըստ Ս.Սաֆարյանի՝ Արմեն Մարտիրոսյանը ոչնչով չէր առանձնանում շրջակա մարդկանցից, այդ իսկ պատճառով Սեդա Սաֆարյանը չի բացառում, որ ոստիկանի հետ ընդհարումը նպատակ ուներ թուլացնելու Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի դիրքերը, խոցելի դարձնել նրան ու շեղել նրա ուշադրությունը Երևանի ավագանու ընտրություններից:
Ըստ փաստաբանի՝ իրենք ըստ ամենայնի դատական կարգով կվիճարկեն վարչական իրավախախտման արձանագրությունը: Ա.Մարտիրոսյանի հանդեպ վարչական վարույթը հարուցվել է ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, խախտման հիմքով:
Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Սեդա Սաֆարյանն իր հերթին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն` Ա.Մարտիրոսյանին նախօրեին Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկողին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: