Այս օրը Հայոց ձորի ճակատամարտում սկիզբ դրվեց հայ ժողովրդի անկախ պետականությանը. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ք.Ա. 2492 թվականի այս օրը՝ օգոստոսի 11-ին Հայոց ձորի ճակատամարտում սկիզբ դրվեց հայ ժողովրդի անկախ պետականությանը։

Հայ ժողովուրդը իր դասականացված պատմությունը սկսում է Հայոց ձորի ճակատամարտում Բաբելոնի տիրակալ Բելի զորքերի դեմ Հայկ Նահապետի տարած հաղթանակով:

Այն մեզ հայտնի է Պատմահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունից:

Ըստ Պատմահոր Խորենացու՝ Հայկ Նահապետը ,չկամենալով ենթարկվել Բաբելոնի բռնակալ Բելին, իր որդիների հետ հեռանում է հյուսիս իր հայրենի երկիր:

Բելն իր որդու գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Հայկի մոտ և պահանջում հնազանդվել իրեն, սակայն, վճռական մերժում ստանալով, արշավում է Հայկի դեմ: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Վարագա լեռան ու Վանա լճի միջև գտնվող տարածքում`Հայոց ձոր գետի աջ ափին: Բելի զորքերը նկարագրելիս՝ Խորենացին, որպես քաոսային ուժի մարմնավորում, նրանց ներկայացրել է «անճոռնի ամբոխի զորությամբ» և բազմություն անկարգ հրոսակի» եզրույթներով: Հայկական ուժերը «կարգելով երեքանկյունի ձևով»` Հայկն իր վրա է վերցնում կենտրոնի անմիջական հրամանատարությունը, աջ թևը հանձնում է որդիներին` Արամանյակի գլխավորությամբ, ձախ թևը թոռներին` Կադմոսի գլխավորությամբ, քանի որ «աղեղ ու սուր գործածելու մեջ կորովի մարդիկ էին»: Նահապետը «մյուս բազմությունը» կանգնեցնում է հետևում` կազմելով սեպաձև մարտակարգ: Մեր բանակը կասեցնում է թշնամու հարձակումը, թույլ չտալով Բելին առաջին գրոհով հաջողության հասնել:

Ճակատամարտի եկրորդ փուլում մեր զորքերը ստիպեցին Արևելքի տիրակալին բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր: Բելը նետահարվում է այն ժամանակ, երբ նրա բանակը պատրաստվում էր ձեռնարկել նոր գրոհ, և նրա նետահարումից հետո սկսվում է խուճապ: Մովսես Խորենացին իրատեսորեն նկարագրում է Բելի սպանվելուց հետո սկսված խուճապը. ««Իսկ ամբոխը, տեսնելով այսպիսի մեծ քաջության գործը, փախչում է»: Պատմահայրը, ամփոփելով իր խոսքը Հայոց ձորի հաղթանակի մասին, գրում է. ««Մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»:

Հ.Գ. «Մեր աշխարհում էլ արիության շատ գործեր կան գործված, գրով հիշատակության արժանի»:

Մովսես Խորենացի»

Տեսանյութեր

Լրահոս