Այսօր ամենահիմնարար խնդիրը պետության գոյատևումն է, մինչդեռ ՔՊ-ականները զբաղված են իրենց վարկերը փակելով․ Վիգեն Հակոբյան

Այսօր Հայաստանում զուգահեռ իրականություններ կան, և դրանցից մեկը որևէ առնչություն չունի իրականության հետ։ Կա ինչ-որ վիրտուալ իրականություն, որին առնչվում են «ազգի ընտրյալները», որոնք հիմնականում զբաղված են ժամանակ ձգելով, քանի որ, ինչպես վերջին շրջանում խոստովանում են, իրենց վարկերը պիտի փակեն։ Կա նաև իրական ու հիմնարար խնդիր՝ անվտանգություն, պետության գոյատևում։ Ցավոք, հանրության ոչ մեծ մասն է ընկալում, որ դա բավականին լուրջ խնդիր է։ Ընդ որում, խոսքը ոչ թե անտեսանելի հեռանկարի, այլ արագ զարգացում ունեցող խնդրի մասին է։ Միգուցե պատգամավորները ևս դա լավ չեն հասկանում և զբաղված են, ըստ էության, բուռն գործունեության իմիտացիայով։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Երբ խորհրդարանը քննարկում է անվտանգային խնդիրները, օրինակ, հերթական քառօրյայում, և երբ Նիկոլ Փաշինյանին հարցեր են տրվում, դա ինչ-որ լուրջ գործ չէ։ Եթե նույնիսկ այդ քննարկման բովանդակությունը կապված է անվտանգության, տարածաշրջանային խնդիրների, երկրի գոյաբանական հարցերի հետ, դա էլ հիմնականում հերթապահ հարցուպատասխան է։ Պատգամավորներն այս ընթացքում փորձում են այդ օրակարգով էլ զբաղվել, որ հետո արդարանան, թե ինչու են իրենք զբաղվում նստաշրջաններին մասնակցելով»,- ասաց քաղտեխնոլոգը։

«Այն, ինչ անում է այս իշխանությունը, բնորոշ է գլոբալիստական գաղափարախոսությանը։ Լիբերալ, նեոլիբերալ կամ վայրի լիբերալիզմի գաղափարախոսության հիմքում իրականում պետության ոչնչացումն է։ Պետք է լինի ընդհանուր դաշտ, որը չպետք է ունենա ո՛չ սահմաններ, ո՛չ ազգային պատկանելության զգացողությամբ ապրող մարդիկ, որոնք իրենց նույնականացնում են ինչ-որ էթնոսի կամ պատմության հետ։ Նույնիսկ կրոնի նույնականացման խնդիր պիտի լինի։ Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, իր քաղաքական ուժի գաղափարախոսությունը բնութագրեց՝ որպես իզմ-երից զուրկ գաղափարախոսություն, ասում էր՝ մենք չունենք իզմ-եր։ Դա առաջին նշանն է, որ այդ քաղաքական ուժն իշխանության է եկել գլոբալիստական նպատակներով՝ դրանք լոկալ տարածքում իրականացնելու համար։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում 2018-ից հետո, հենց դրա վառ ապացույցն է»,- նշեց Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ եթե ուզում ես կառավարել երկիրը, այդ տարածքում ապրող ժողովրդին դարձնել կամազուրկ, ստիպել, որ իրեն նույնականացնի՝ որպես աշխարհի մարդ, աշխարհաքաղաքացի կամ կոսմոպոլիտ, պարզ է, որ պետք է առաջնահերթորեն պայքարես այն ինստիտուտների դեմ, որոնք ի վերջո մարդուն պահում են այդ հողի վրա. «Ո՞ր ինստիտուտներն են, որոնք մարդուն դիրքավորում են՝ որպես այս կամ այն ազգի ներկայացուցիչ, որն ունի իր պատմությունը, նպատակները, նախ՝ ընդհանուր ազգային նպատակը։ 2018-ից հետո հետևողականորեն պայքար գնաց մշակույթի, կրթության, եկեղեցու դեմ։ Եկեղեցին, թերևս, միակ ինստիտուտն է, որն այնուամենայնիվ կարողացավ դիմանալ այս պայքարին և նույնիսկ վերջին տարիներին պայքարի արդյունքում ավելի ամրապնդեց իր դիրքերը վարկանիշի և հանրային ընկալման առումով։ Որպեսզի ոչնչացվի նաև ուժային հնարավոր դիմադրության գործոնը, ականատես եղանք բանակի քանդմանը»:

«Այս ամենի ամենակարևոր գործիքներից մեկն այն է, որ փորձում ես փոխել հերոսներին։ Եթե մինչև հիմա հերոսն Արցախի պատերազմական կերպարներն էին, կամ պատմական հերոսները, որոնք պայքարում էին Հայաստանի, հայ ժողովրդի գոյատևման, անկախության համար, հիմա մեր գլխավոր հերոսը հարկատուն է։ Երբ ասում է, թե մեր հերոսը հարկատուն է, նկատի ունի, որ նոր հայի, նոր մարդու խնդիրը սպառող լինելն է, այսինքն՝ մոռացի՛ր ամեն ինչի մասին, հարստացի՛ր։ Մեր խնդիրը հարստանալն է, իսկ ո՞վ է խանգարում այդ հարստանալուն։ Կան մի քանի մեղավորներ՝ սկսած 2018-ից։ Դրանք նախկիններն են, արցախցիները՝ Արցախի խնդրով, և ռուսները»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս