Էրդողանը կարող է ընդունել անտրամաբանական որոշումներ. առիթներ կունենա այցելելու օկուպացված Շուշի՝ զգացմունքները պանթուրքիստական ոգով Ադրբեջանին հայտնելու համար. Ռուբեն Սաֆրաստյան
Ինչպես տեղեկացնում է ermenihaber.am-ը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հուլիսի 6-ին ներկա չի գտնվի և չի մասնակցի օկուպացված Շուշիում կայանալիք «Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նիստին»։
Նշված է, որ Էրդողանը մեկնում է Գերմանիա՝ անձամբ ներկա գտնվելու և դիտելու ԵՎՐՈ-2024-ի Թուրքիա-Հոլանդիա հանդիպումը։
Ինչպես պարզաբանում են թուրքական մերձիշխանական լրատվամիջոցները, այս որոշումը կապված է Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի սկանդալային միջադեպի հետ: Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը գոլը տոնելիս օգտագործել է թուրք ազգայնականների՝ «Գորշ Գայլերի» ժեստը:
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Թուրքիայի նախագահի որոշմանը՝ ասաց՝ այստեղ քաղաքական որևէ միտում չի տեսնում։
«Էրդողանը որպես անհատականություն՝ հայտնի է, ինքը շատ անգամ այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք բոլորովին տրամաբանական չեն։
Կարծում եմ՝ Էրդողանն այնքան վստահ է, որ Թուրքիայի առաջնորդող դերն այդ կազմակերպությունում անսասան է, ուստի ինքն իրեն կարող է թույլ տալ ու գնալ իր թիմին, այսպես ասած, ոգևորելու»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ օկուպացված Շուշի Էրդողանի այցի չեղարկումը չի կարող անդրադառնալ նրա և Ալիևի, ինչպես նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա։
«Կարծում եմ՝ Էրդողանը դեռ շատ առիթներ կունենա այցելելու օկուպացված Շուշի և իր զգացմունքները պանթուրքիստական ոգով տարածելու և Ադրբեջանին հայտնելու համար։
Կրկնում եմ՝ այստեղ ես քաղաքական միտում չեմ տեսնում»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Yenisafak-ը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի այցերի ծրագրին, հայտնել էր, որ Էրդողանը հուլիսի 6-ին կայցելի Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք՝ Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։
Բացի այս այցից, Թուրքիայի նախագահի դիվանագիտական ծրագրով նախատեսված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որը կայանալու է Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը։