ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի և Արցախում պաշտպանության գոտիների ստեղծումը
Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության և պաշտպանունակության, ինչպես նաև բանակաշինության հետ կապված հրատապ հիմնահարցերի լուծման արդյունավետության բարձրացման նպատակով օգոստոսի 15-ին ստեղծվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե` Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ:
Կոմիտեի անդամներն էին Կարեն Բաբուրյանը (նախագահի տեղակալ), Սերժ Սարգսյանը (Ինքնապաշտպանության կոմիտեի և ինքնապաշտպանության ուժերի ղեկավար), Արմեն Իսագուլովը (ներքին գործերի ղեկավար), Սամվել Բաբայանը (Ինքնապաշտպանության ուժերի ղեկավարի տեղակալ, ՊԲ հրամանատար), Բորիս Առուշանյանը (Տնտեսական գծով ղեկավար), Վալերի Բալայանը (Պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար):
Պետական կառավարման նորաստեղծ մարմնին են հանձնվել Նախարարների խորհրդի բոլոր գործառույթները, ինչպես նաև ռազմական դրության իրականացման լիազորությունները:
Հանրապետությունում ստեղծված ծայրաստիճան ծանր ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական կացության բարելավման, պետական իշխանության ու կառավարման բոլոր կառույցների համախմբման, հանրապետության պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ճանապարհին պատերազմական իրավիճակում կառավարման նոր մարմնի ստեղծումը կարևոր քայլ էր, ինչը հնարավորություն է ընձեռել օպերատիվորեն ու մասնագիտորեն լուծելու ծառացած հիմնահարցերը:
Ինքնապաշտպանության համակարգն առավել կատարելագործելու, կենտրոնացված ու միասնական հրամանատարություն և կառավարման արդյունավետ գործող օղակներ ստեղծելու, նյութատեխնիկական միջոցների մատակարարման, մարտական գործողությունների շրջանում կարգապահության, կարգ ու կանոնի հաստատման հրատապությունն ու անհրաժեշտությունն ամենայն սրությամբ զգացվել են 1992թ. ամառային ռազմարշավի ավարտին:
Տակավին մարտական գործողությունների ամենաեռուն շրջանում` 1992թ. հուլիսի կեսերին, ԻՊԿ նախագահի ղեկավարությամբ արդեն սկսվել էր Արցախում պաշտպանության գոտիների ստեղծումը, ինչը թույլ կտար լուծելու վերոհիշյալ խնդիրները: Այդ իսկ նպատակով դեռ այն ժամանակ նախատեսվում էր Արցախի տարածքը բաժանել վեց մարտական գոտիների, հիմնականում` Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի և Շուշիի շրջանների սահմաններում:
Մարտական գոտիների տարածքներում տեղակայված ստորաբաժանումները, մարտական ջոկատները, կազմավորումները, անկախ իրենց պատկանելությունից, անվերապահորեն պետք է անցնեին մարտական գոտիների հրամանատարների լրիվ ենթակայության տակ և մարտական գործողություններ վարեին համաձայն միասնական պլանի ու մարտական խնդիրների:
Չենթարկվող կազմավորումներն անհապաղ պետք է զինաթափվեին ու կազմացրվեին:
Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի մարտական գոտիների հրամանատարներ էին նշանակվելու համապատասխանաբար Ա. Աղաբեկյանը, Մ. Մելքոնյանը, Վ. Բալասանյանը, Հ. Բաղմանյանը և Ս. Օհանյանը: Հրամանագրով սահմանված էին նաև հրամանատարների լիազորությունները: Մասնավորապես, նրանց էր անցնում ենթակաների ու ՄԳ-ում գտնվող ստորաբաժանումների և կազմավորումների նկատմամբ ամբողջ իշխանությունը: ՄԳ-ների հրամանատարները պետք է ԻՊԿ որոշումների համաձայն պատասխանատվության գոտիներում պլանավորեին, կազմակերպեին և անցկացնեին մարտական գործողություններ, ինչպես նաև մասնակի (տեղային) մարտեր:
Հրամանատարների իրավասությանն էին հանձնվում մարտական տեխնիկայի և նյութատեխնիկական միջոցների բաշխումը, ինչպես նաև ՄԳ-ում գտնվող կազմավորումներում կարգուկանոնի, պահանջվող կարգապահության հսկողությունը և պահպանումը, չենթարկվելու և դիրքերի ինքնակամ լքման փորձերի կանխումը: Այդ ամենի համար հրամանատարները պատասխանատու էին նաև հանրապետության կառավարության առաջ:
Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից