«Վիճակը ռազմաճակատում ծանր է, բայց հուսահատվելու հիմք չկա: Ինչ վերաբերում է թշնամուն կանգնեցնելուն, ապա թշնամին արդեն կանգնեցված է: Մեր հողերի ազատագրությանը կհասնենք միայն այդ բանից հետո, երբ բոլորը պարզ հասկանան, որ պատերազմը բոլորի համար է, որ միայն ուրիշների տղաները չեն կռվելու ընդհանուր հայրենիքի համար: Մինչև վերջերս Ղարաբաղի պաշտպանությունը մարդկանց մի խմբի գործ էր միայն: Բայց ռազմական դրություն մտցնելուց հետո, իրավիճակը փոխվել է, և մոտ ժամանակներս մենք կունենանք հաջողություններ»:
Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության և պաշտպանունակության, ինչպես նաև բանակաշինության հետ կապված հրատապ հիմնահարցերի լուծման արդյունավետության բարձրացման նպատակով օգոստոսի 15-ին ստեղծվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե` Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ:
Երբ արդեն ակնհայտ էր Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների միջնորդական առաքելության և Ժելեզնովոդսկում ստորագրված համաձայնագրի անարդյունավետությունը տարածաշրջանում իրադրության նորմալացման համար, քանի որ ադրբեջանական կողմը գերադասում էր հակամարտությունը լուծելու ռազմական ուղին, ավելի քան հրատապ է դարձել ինքնապաշտպանության ուժերի կազմավորման տեմպերի արագացման ու պաշտպանության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների հայթայթման հարցը:
Պատմության այդ սրընթաց ակնթարթը, Լաչինի միջանցքի բացման հաջող ռազմագործողությունը հանգեցրին Արցախի Հանրապետության շրջափակման օղակի ճեղքմանը, ինչո՞ւ չէ, նաև կյանքի ճանապարհի բացմանը, հետևաբար և արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու կեսի գործնական միավորմանը: