Նիկոլ Փաշինյանը թաքցնում է հրաժարականի դիմումը
Պոպուլիզմի գլխավոր գործիքներից մեկը հասկացությունների, գաղափարների խեղաթյուրումն է այնպես, որպեսզի վերջնարդյունքում դրանք հաճելի լինեն ժողովրդին։ Ոչ թե հասարակությանը, ոչ թե քաղաքացիներին, ոչ թե ազգին, այլ հենց ժողովրդին։ Նշված բոլոր հավաքականություններից ժողովուրդը միաժամանակ և՛ ամենաընդգրկունն է, և՛ ամենալղոզվածը, ու դրանով հանդերձ՝ ամենաանհասցեականը։ Եվ ամենևին պատահական չէ, որ տարիներ շարունակ ըստ անհրաժեշտության ու ըստ քաղաքական նպատակահարմարության քաղաքացուն առաջին պլան բերած Նիկոլ Փաշինյանը հիմա կրկին սկսել է խոսել ժողովրդի մասին ու իր տեքստերում դիմել ժողովրդին։
Իր կուսակցության վերջին համաժողովին նա մի դեմագոգիկ ելույթ է ունեցել, որտեղ հանդես է եկել հակաքաղաքական ու հակատրամաբանական հայտարարությունների հերթական շարքով։ Ըստ Փաշինյանի, իր գլխավորած կառավարությունը, ոչ ավել, ոչ պակաս, «ժողովորդի մամուլի խոսնակն է», որովհետև «ժողովուրդը չունի կոմունիկացիոն միջոց, չկա մամուլի խոսնակ, որին լրատվամիջոցները զանգեն, հարցնեն՝ իսկ ժողովուրդն ի՞նչ ա մտածում»։
Այս էժանագին մտավարժանքներն իրականում մի քանի նպատակ ունեն։ Նախ, Փաշինյանը փորձում է հերթական անգամ հաճոյանալ ժողովրդին։ Նրա առջև խոնարհվելու, 3 միլիոն վարչապետների մասին դատարկաբանություններն արդեն ժամկետանց են, ու նա երևի մտածում է՝ ինչ-որ ժամանակ էլ կարող է դուր գալ մարդկանց մի մասին՝ ներկայանալով որպես նրանց մամուլի խոսնակ։
Փաշինյանը, իհարկե, թքած ունի, որ այդ հայտարարությունը ոչ միայն հակաբանական է, այլ նաև հակասահմանադրական, որովհետև Սահմանադրությամբ իշխանությունը ոչ թե ժողովրդի մամլո խոսնակն է, այլ հասարակության կողմից իրեն պատվիրակված լիազորությունների իրագործողը և առաջին հերթին՝ անվտանգությունն ապահովողը։ Այսինքն՝ կառավարությունը ոչ թե խոսելու, այլ գործելու սահմանադրական պարտականություն ունի։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կառավարությանը վերապահում է բացառապես խոսելու գործառույթ, ինչը, իհարկե, հասկանալի է այն առումով, որ իր կառավարությունը հետևողականորեն տապալել ու տապալում է բոլոր քաղաքականությունները, և մնացել է միայն խոսելը։
Բայց կառավարությանը, իմա՝ ինքն իրեն ժողովրդի մամլո խոսնակի կարգավիճակ շնորհելու փաշինյանական խորամանկությունն ունի շատ ավելի խորքային մղում։ Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր հրապարակային ելույթների, հարցազրույցների գնահատումները տատանվում են հիմարությունից հակապետականություն միջակայքում․ նա հրապարակավ կամ հիստերիկ պոռթկումներ է ունենում, կամ տարբեր այլաբանությունների անվան տակ ուղղակի ցնորամտություններ է ներկայացնում, կամ ուղղակի տարածում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը սպասարկող թեզեր։
Հիմա, երբ Փաշինյանն ինքն իրեն հռչակում է՝ որպես «ժողովրդի մամլո խոսնակ», այդպիսով իր բոլոր հայտարարությունները՝ սկսած ցնդաբանություններից, վերջացրած հակահայկական ելույթներով, ներկայացնելու է՝ որպես «ժողովրդի խոսք»։ Այլ կերպ ասած, նա մի օր հայտարարելու է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել ոչ թե իր, այլ ժողովրդի անունից, մեկ այլ առիթով ասելու է, որ եկեղեցու դեմ հայտարարությունները ոչ թե իր անձնական տեսակետն են, այլ ժողովրդի ցասումը, հետո ասելու է, որ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ է դնում ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ «ժողովրդի մամլո խոսնակը»։ Իսկ սա արդեն ոչ թե քարոզչական հնարք է, այլ խիստ քաղաքական հաշվարկ, որի նպատակն է սեփական բոլոր ձախողումների, ընդհուպ՝ Հայաստանի պետականության կործանման մեղքը բարդել ժողովրդի վրա և, սովորության համաձայն, խուսափել պատասխանատվությունից։
Իսկ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո ժողովուրդը կարող է արձանագրել, որ Հայաստանն այլևս իշխանություն չունի, կամ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել, որովհետև նույն Սահմանադրությամբ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը չի կարող իր պաշտոնը համատեղել «ժողովրդի մամլո խոսնակի» աշխատանքի հետ։ Մնում է հասկանալ՝ ինչո՞ւ է «ժողովրդի մամլո խոսնակը» գաղտնի պահում վարչապետի հրաժարականի մասին դիմումը։
Հարություն Ավետիսյան