Բուենոս Այրեսում բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել Սենատում բյուջեի կրճատման շուրջ բարեփոխումների քննարկման ընթացքում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Երկրի տնտեսական դրությունը բարելավելուն ուղղված բարեփոխումների փաթեթը, որն առաջարկել է նախագահ Խավիեր Միլեյը, ներառում է տնտեսական արտակարգ դրության հայտարարում, կենսաթոշակների կրճատում, աշխատողների իրավունքների սահմանափակում։
Միջոցառումներին դեմ են արտահայտվել ձախ քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական կազմակերպությունները։
Կոնգրեսի առջև հավաքված ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել։ Բողոքի ակցիայի մասնակիցները շշառումբեր և քարեր են նետել իրավապահների ուղղությամբ։
Ընդդիմադիր պատգամավորները հայտնել են, որ տասնյակ ցուցարարների և մի քանի պատգամավորների բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Ըստ իշխանությունների՝ վիրավորվել է նաև առնվազն 20 ոստիկան։ 15 մարդ ձերբակալվել է։
Սենատում նախնական քննարկման ժամանակ օրինագիծն անցել է ձայների 37 կողմ, 36 դեմ հարաբերակցությամբ։ Ակնկալվում է, որ 328 կետից բաղկացած օրինագիծը կետ առ կետ կքննարկվի՝ հունիսի 13-ին լիարժեք հաստատումից առաջ։ Այնուհետև օրինագիծը կվերադառնա Կոնգրեսի ստորին պալատ՝ վերջնական հաստատման համար։
Խավիեր Միլեյն իշխանության է եկել 2023 թվականին՝ խոստանալով պետական ծախսերի կտրուկ կրճատում։ Նա նախարարների կաբինետը կրճատել է երկու անգամ, աշխատանքից հեռացրել է 50 000 պետական աշխատողի, կասեցրել է հանրային աշխատանքների նոր պայմանագրերը և չեղարկել վառելիքի և տրանսպորտի սուբսիդիաները, մինչ երկրում ինֆլյացիայի տարեկան մակարդակը հասել է 300 %-ի։