Կարևոր փաստերի խրոնոլոգիա՝ հատուկ Ալեն Սիմոնյանի համար
Հունիսի 10-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ Ռուսաստանն իր ռազմավարական դաշնակից Հայաստանին մենակ է թողել, ավելին, «քցել է»:
Հարցին՝ ինչո՞ւ Ռուսաստանը Հայաստանին մենակ թողեց, ԱԺ նախագահն արձագանքել է.
«Որովհետև նախապատրաստում էր գնում Ուկրաինայի պատերազմի, և Սիրիայում ինքնաթիռ խփելուց հետո մեծ գործարք տեղի ունեցավ Թուրքիայի հետ, որի վերջնական նպատակն էր այս տարածաշրջանում ունենալ հնարավորություն հնարավոր սանկցիաները շրջանցելու: Կամ գին էր, որ հայերը պետք է վճարեին, որովհետև հայերն ընտրել էին անկախ, ինքնիշխան լինելու տարբերակը, և դրա համար հայերը պետք է պատժվեին: Հայերը պետք է պատժվեին, որ ընտրություն չունենան, որ այստեղի նախագահը զանգեր ասեր, դե, ես եմ ընտրվում, այնտեղից շնորհավորեին, ու ինքը այստեղ դառնար լեգիտիմ նախագահ, որ մարտի 1-եր անեին:
Եղել է և՛ գործարք, և՛ պատիժ: Նպատակը եղել է հետևյալը՝ մեկ կրակոցով երկու նապաստակ խփել: Այսինքն, գործարք անել, ստանալ այդ ճանապարհը, հաբը, որը հիմա Ադրբեջանը և Թուրքիան հանդիսանում են, իսկ Հայաստանում գինը եղել է այն, որ ՀՀ-ում իշխանություն կփոխվի և կգա պրոռուսական իշխանություն և կասի՝ նախկինները, որն արդեն մենք կլինեինք, մեղավոր են, և այսօր ՀՀ-ն պետք է լինի Ռուսաստան-Բելառուս միության անդամ, որովհետև մենք առանց ռուսների անվտանգ չենք կարող լինել: Եթե ռուսները չլինեն, մենք չենք կարող գոյություն ունենալ…»:
Ալեն Սիմոնյանի այս արձագանքը ստիպեց արտաքին քաղաքական և ժամանակագրական կարճ էքսկուրս կատարել: Եվ այսպես:
Եթե Ալեն Սիմոնյանը նկատի ունի Սիրիայում Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումը (հավանաբար դա նկատի ունի), ապա դա տեղի էր ունեցել 2015 թվականի նոյեմբերի 24-ին՝ պատճառաբանմամբ, որ Թուրքիայի օդային տարածք է հատվել:
Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրքական F-16 կործանիչի կողմից Սիրիայում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումն անվանել էր ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»:
Ավելին, միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների և Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին: Ինչևէ, այս միջադեպը որոշակի ճգնաժամ էր առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում, ինչը հետո հաղթահարվեց, բայց տվյալ դեպքում քննարկման թեման սա չէ, այլ ասելիքը բոլորովին այլ է, ինչի տրամաբանության մեջ շարունակենք մեր ասելիքը:
Հիմա Հայաստանի ինքնիշխանության դեմ Թուրքիայի հետ Ռուսաստանին մեղադրող փաշինյանական իշխանությունը՝ 2018 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու, խոսքը Սիրիա հումանիտար զորախումբ ուղարկելու մասին էր:
Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցներից մեկում հստակեցրել էր, որ հայ մասնագետների խումբը Սիրիայում գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո, ինչ վերաբերում է այս հարցում Ռուսաստանի հետ համագործակցությանը, ապա այն սահմանափակվելու էր միայն ռուսաստանյան կողմի հետ գործունեության համակարգմամբ, որը զուգահեռ իրականացվելու է նաև սիրիական իշխանությունների հետ:
Ավելի ուշ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար» ձեռնարկին. «Ո՞ւմ է պետք այս նախաձեռնությունը.
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խուսափեց իմ հարցին ուղիղ պատասխան տալ, թե սա ում նախաձեռնությունն է՝ Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի: Նման հարց քննարկվում էր նաև մեր իշխանության օրոք, և մեր ռուս գործընկերներն ըմբռնումով և հարգանքով են վերաբերվել մեր այն մոտեցմանը, որ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում հայկական գաղթօջախների անվտանգության խնդիրները, ճիշտ կլինի նման ծրագիր իրականացնել ՀԱՊԿ-ի մանդատի ներքո, անդամ երկրների մասնակցությամբ:
Վարչապետն ու ԱԳ նախարարությունը պնդում էին, որ հայկական զինված ուժերի Սիրիա գործուղման հարցը բարձրացրել են Սիրիայի իշխանությունները և սիրիահայ համայնքը:
Այդ պնդումները մինչ այսօր օդից կախված են, քանզի ամիսներ շարունակ որևէ նամակ, փաստաթուղթ չի հրապարակվել նման կոչով:
Հակառակը, իմ ունեցած տեղեկություններով, հալեպահայ համայնքը բավականին հոռետեսականորեն է տրամադրված այս հարցում՝ շատ լավ հասկանալով ծագող բոլոր խնդիրները, այդ թվում՝ համայնքի անվտանգությանը վերաբերող:
Առավել քան համոզված եմ, որ նախաձեռնության թարմացումն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ մտքում ունենալու Մոսկվայի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու պրիմիտիվ հաշվարկը»։
Արմեն Աշոտյանն արձանագրել էր իրավական խնդիրներ՝ հավելելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է խարսխված լինի բացառապես երկրի շահերի վրա, և չծառայի մի հոգու անձնական իշխանությունը սպասարկելուն՝ ի հաշիվ մեր պետության, մեր քաղաքացիների և մեր զինվորների:
Այս համատեքստում հավելենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր.
«Պարզվում է՝ Ռուսաստանը դեռևս 2015թ. էր առաջարկում Հայաստանին Սիրիայում համատեղ, այսպես կոչված, հումանիտար առաքելություն իրականացնել, սակայն Սերժ Սարգսյանը մերժում էր առաջարկը՝ մերժումը հիմնավորելով Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող վտանգներով: Հայաստանն առաջարկում էր, որ այդ ակցիան իրականացվի ոչ թե ՌԴ հրամանատարության և ՀՀ դրոշի ներքո, այլ գոնե ՀԱՊԿ հովանու տակ, սակայն ԱՊՀ անդամ այլ երկրներ կտրականապես դեմ էին դրան: Նիկոլ Փաշինյանը համաձայնեց այդ առաջարկին, որ փարատի ՀՀ նոր իշխանության հակառուսական լինելու կասկածները կամ մեղադրանքները, սակայն դրանով հանդերձ հայտնվեց ռուսական իշխանության լարած թակարդում»:
Հետաքրքիր է՝ ՀՀ ԱԺ նախագահը փաստերի այս հաջորդականությունը չգիտե՞ր: Ի դեպ, 2015-ին Սիրիայում Թուրքիայի կողմից ռուսական Սու24-ի խոցումից հետո 2018-ին Հայաստանում իրապես իշխանափոխություն տեղի ունեցավ, գուցե նաև ՌԴ-ի աջակցությամբ: Այո, այդ խոցումից հետո տեղի էր ունեցել 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, Փաշինյանը դրա «կազմակերպիչ» էր համարում Ռուսաստանին, որի հետ հետո շատ լավ համագործակցեց, սրա մասին մանրամասն անդրադարձ արել ենք։
Ի դեպ, քանի որ խոսք եղավ ռուսական ինքնաթիռի խոցման, ՌԴ-ին վստահել-չվստահելու, ռուս-թուրքական գործարքի մասին, հիշեցնենք նաև, որ 2023 թվականի մայիսին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որտեղ մի գաղտնազերծում էր արել:
Մասնավորապես, նա հայտնել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարի հետ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի բովանդակությունը, Տավուշի մասին կետը քննարկել էր այն ժամանակ, երբ ռուսական կողմի համար պարզ էր դարձել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը հայկական կողմի կրակից չէ, որ խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ:
«Ժամը 18:30-ի սահմաններում, Ադրբեջանը Նախիջևանի տարածքից խոցեց ռուսական ուղղաթիռը, և քանի դեռ պատահարի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի չէր, ՀՀ վարչապետի ընդունարանից բավական ծանր խոսակցություն ունեցա իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ»,- մանրամասնել էր Տոնոյանը:
Նշենք, որ դեպքից որոշ ժամանակ հետո Ադրբեջանը խոստովանել էր իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ», և ներողություն էր խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ են փոխհատուցում տրամադրել: Ուղղաթիռի խոցման հետևանքով ռուս օդաչուներ էին զոհվել:
Կարելի՞ է, ենթադրել, որ դեպքից հետո ռուսական կողմը նախ մտածել է, թե հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր գնալ նման սադրանքի, գուցե ինչ-ինչ նպատակներից ելնելով:
Հետաքրքիր է, որ դեպքից հետո ռուսական կողմը չի կասկածել, որ իրենց պատկանող ուղղաթիռը կարող էր խոցել Ադրբեջանը կամ Թուրքիան:
Ինչևէ, այսօր Հայաստանը չի վստահում ՌԴ-ին՝ Ալեն Սիմոնյանի նշած՝ գործարքի մի կողմին, բայց վստահում է Թուրքիային և Ադրբեջանին, այլ հարց է՝ նրանք որքանո՞վ են վստահում Փաշինյանին: Իսկ փաստերը հզոր են, որոնք ժամանակ առ ժամանակ լավ կլինի ուսումնասիրել…