Հայաստանից Ադրբեջան ապօրինի տեղափոխված չեխը դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման
Ադրբեջանում Շիրվանի վերաքննիչ դատարանը վճռել է մեկուկես տարվա ազատազրկման դատապարտել Չեխիայի քաղաքացի Դանիել Բաչային, ով այս տարվա փետրվարի սկզբին փորձել է ապօրինի կերպով Հայաստանի տարածքից տեղափոխվել Ադրբեջան։ Վճիռը հրապարակել է Շիրվանի վերաքննիչ դատարանում նիստը նախագահող դատավոր Էլչին Խասմամեդովը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, սահմանն ապօրինաբար հատած Չեխիայի քաղաքացին Դանիել Բաչան է: Նրա արարքի դրդապատճառների վերաբերյալ տեղեկություններ չկան:
Ադրբեջանական աղբյուրները ձերբակալվածի ցուցմունքները չեն հրապարակել, և հայտնի չէ՝ արդյո՞ք նա թյուրիմացությամբ է հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Նրա ձերբակալության մասին Ադրբեջանի իշխանությունները պետական խողովակներով տեղեկացրել են Չեխիայի արտաքին գործերի նախարարությանը:
Պետական անվտանգության ծառայության վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում Չեխիայի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ԱՀ ՔՕ 318.1 հոդվածով՝ ԱՀ պետական սահմանի ապօրինի հատում։