Բաժիններ՝

Ավելի քան 1 միլիոն պաղեստինցիներ են հեռացել Ռաֆահից Իսրայելի գործողությունների պատճառով. UNRWA

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գործողությունների պատճառով Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքից հեռացած պաղեստինցիների թիվը գերազանցել է 1 միլիոնը: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը (UNRWA):

«Ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել Ռաֆահը», – գրել է գործակալությունը X սոցիալական հարթակում:

Ըստ հաղորդագրության՝ հազարավոր ընտանիքներ «պատսպարվում են Խան Յունիսի վնասված և ավերված օբյեկտներում», որտեղ UNRWA-ն շարունակում է օգնություն ցուցաբերել տեղահանվածների հիմնական կարիքները բավարարելու համար:

Մեկ այլ հաղորդագրության մեջ գործակալությունը նշում է, որ մայիսի 6-ից Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով հնարավոր չէ հումանիտար արձագանքը Գազայի հատվածում։

Մայիսի 6-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ սկսել է պատրաստվել Ռաֆահի արևելյան շրջանների բնակչության տարհանմանը։ Հաջորդ օրը զինվորականները հայտարարել են քաղաքում գործողության մեկնարկի և Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը վերահսկողության տակ վերցնելու մասին։

Ավելի վաղ միջազգային հանրությունը Իսրայելին կոչ է արել հրաժարվել Ռաֆահում լայնածավալ գործողությունից։ Մասնավորապես, ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ նման որոշումը համարում են սխալ, քանի որ այն կվնասի այնտեղ գտնվող քաղաքացիական բնակչությանը և կթուլացնի հրեական պետության անվտանգությունը։ Իսրայելի իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ Ռաֆահում գործողությունն անհրաժեշտ է «լիակատար հաղթանակի» և Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինված ջոկատների ջախջախման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս