Ինչո՞ւ է իրար խառնվել Խաչատուր Սուքիասյանը. Իշխանազրկման հոտ են առել
Որքան էլ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը սպառնալիք չէ իրենց իշխանության համար, և մտավախություն չունեն, որ կկորցնեն իշխանությունը, իրենք իսկ չեն կարողանում թաքցնել իրենց վախերը։ Համատարած հարձակման են անցել շարժման վրա՝ վարկաբեկում են, լուտանքներ են թափում եկեղեցու ու շարժման առաջնորդի հասցեին, ստեր են տարածում։ Եկեղեցուն հարկելու հարցն են անգամ օրակարգ բերել։
Ու մինչ շարժումը գնալով ընդլայնվում է, աննախադեպ կոնսոլիդացիայի փուլ է անցնում, մի իսկական պատերազմ են հայտարարել։ Խառնվել են իրար։ Իշխանությունների հետ սերտաճած, ՔՊ խմբակցության հայտնի գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է գործի անցել, Հայաստանի երբեմնի «հպարտ» քաղաքացու հասցեին բացահայտ մեղադրանքներ է հնչեցնում Ազգային ժողովի ամբիոնից, մարդկանց սպառնում՝ բանտերով, ունեզրկմամբ, անգամ մահով։
Իբր իշխանություններն ուզում են ուժեղացնել Հայաստանը, ամրապնդել սահմանները, հզոր պետություն դարձնել, իսկ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են:
Բոլորը խանգարում են, միայն իրենք են օգնում։
Տեսնո՛ւմ ենք, թե այսքան ժամանակ ինչպես եք Հայաստանը հզորացրել ու սահմաններն ամրապնդել։ Ամրապնդելու փոխարեն՝ սահմանները բացել եք թշնամու առաջ ու երկրի տարածքները մաս-մաս հանձնում եք։
Այդքանից հետո դեռ համարձակվում են սպառնալ այն քաղաքացիներին ու քաղաքական ուժերին, ովքեր ընդդիմանում են իշխանության կործանարար քաղաքականությանը, փորձում են կասեցնել երկրի գահավիժումը։
«Հաշվի առնելով մեր ունեցած տեղեկությունները՝ մեզ մոտ կարծիք է ստացվում, որ մեր գործընկերները և ՀՀ շատ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների, և մի մասն ուղղակի ծառայում է պայմանագրային հարաբերությունների արդյունքում, մի մասը չգիտակցելով՝ իր ընկերներին լսելով։ Եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե ՀՀ-ն ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել ու թե ինչ ձևով են վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս։ Շատ վատ էին վարվում, նրանք կամ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին, կամ ունեզրկվում։
Եթե դուք ձեր չափը չճանաչեք և խանգարեք ՀՀ-ի զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք:
Դուք պետք է ձեր չափը լավ ճանաչեք։ Այն գործիքները, որը դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ»,- Ազգային ժողովի ամբիոնից հոխորտում է ՔՊ-ական գործարար պատգամավորը, ում բիզնես շահերը բազմաթիվ թելերով կապված են իշխանության հետ, ու դեռ հարց է, թե ի՞նչն է այդքան մտահոգել նրան՝ սեփական բիզնեսի՞, թե՞ պետության շահը։
Որ Խաչատուր Սուքիասյանն այս իշխանության ամենաառանցքային շահառուներից մեկն է, նորություն չէ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, նրա բիզնես գործերն անհավանական արագությամբ առաջ են գնում։
Ու հիմա պետությունը հզորացնելու մասին վերամբարձ ճառեր ասող Խաչատուր Սուքիասյանը՝ հավանաբար զգալով իշխանափոխության հնարավոր վտանգները, իր բիզնես շահերը պաշտպանելու խնդիր ունի։ Այլապես կխոստովաներ, որ պետություն կառուցելու, երկիր հզորացնելու ու սահմաններն ամրացնելու փոխարեն՝ իր դավանած իշխանությունն ընդամենը մի քանի տարում հասցրել է ամեն ինչ քանդել ու կործանել։
Պետությունն այնքան են թուլացրել, որ չեն համարձակվում անգամ կեսբերան արձագանքել թշնամի երկրի ղեկավարի հնչեցրած վիրավորանքներին ու սանձարձակություններին։
Երբեմնի պաշտպանված, հզոր բանակ ու ամուր սահմաններ ունեցող պետությունից բան չեն թողել՝ եկել ապագայի հզոր Հայաստանից են խոսում։
Ու գիտե՞ք ինչն է հետաքրքիր, մինչ այս ընթացքում Հայաստանը թուլացրել են, գրեթե զրկել են սուբյեկտայնությունից, այդ նույն ժամանակ որոշ մարդկանց, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանի ու նրա ընտանիքին փոխկապակցված բիզնեսները ծաղկել են։
Հազիվ թե կարելի է կարծել, որ դրանում անմասն են եղել իշխանությունների հետ ունեցած նրա հարաբերություններն ու կապերը։ Բոլորն էլ հասկանում են, որ այն հայտարարությունները, թե բիզնեսն ու քաղաքականությունն այլևս Հայաստանում տարանջատված են, ձևական են։
Կարծում են՝ մարդիկ մոռացել են, թե ովքե՞ր են եղել իրենք և ինչպե՞ս են հարստացել, ինչպե՞ս են կուտակել իրենց ունեցվածն ու շարունակում են կուտակել։
Իշխանափոխությունից շատ չանցած Խաչատուր Սուքիասյանը հաջողությամբ տեղավորվեց վառելիքի բիզնեսում՝ աստիճանաբար ամրապնդելով դիրքերը։
Ինչքանո՞վ դա արվեց իշխանական լծակներն օգտագործելու միջոցով, թողնենք մի կողմ, բայց փաստ է, որ շուկա մտնելուց հետո Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերությունը սկսեց վառելիքի մատակարարման խոշոր պայմանագրեր կնքել պետական մարմինների, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության հետ։
Միայն պաշտպանության նախարարության հետ կնքված մի պայմանագրի գինը կազմում էր ավելի քան 11 մլն դոլար։
Բոլորովին վերջերս էլ հայտնի դարձավ, որ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող վառելիքի շուկայում հանդես եկող «Մեգա Թրեյդը» գործարք է կնքել վրացական «Անիս Փետրոլեումի» հետ։ Ընկերությունները մտադիր են միավորվել և, բնականաբար, ընդլայնել իրենց դիրքերը վառելիքի շուկայում։
Իշխանափոխությունից շատ չանցած, Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը մտավ նաև ավիացիոն բիզնես՝ մասնակցելով Flyone Armenia ավիաընկերության հիմնմանը։
Ի դեպ, վերջերս հենց այս ավիաընկերությունն է ստանձնել կառավարական ինքնաթիռի շահագործումը։
Կարծում եք՝ պատահականությո՞ւն է։
Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ է կապված նաև վերջին շրջանում այդքան քննարկվող ոսկու առևտուրը։
Ոսկերչական արտադրանքի կտրուկ աճը, որը դարձել է Հայաստանի տնտեսության բարձր աճերի հիմքը, ապահովում է մի ընկերություն, որը փոխկապակցված է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ։
Սրանք երևացող բիզնեսներն են, խոշոր բիզնեսները, որոնց գործարար պատգամավորի ընտանիքը տեր է դարձել վերջին տարիներին՝ իշխանափոխությունից հետո։ Դեռ ինչքան բաներ կարող են լինել, որոնք հատակում են։
Այսքանից հետո, կարո՞ղ է որևէ մեկը կասկածել, որ Խաչատուր Սուքիասյանը բիզնես հետաքրքրություններ չունի իշխանության նկատմամբ։ Զարմանալի չէ, որ այդպես խառնվել է իրար. իրեն պատժիչ գործառույթներ է վերագրել, Ազգային ժողովի ամբիոնից սպառնալիքներ է հնչեցնում, բանտերով ու ունեզրկմամբ է վախեցնում, ահաբեկում, մեղադրանքներ տեղում Հայաստանի երբեմնի «հպարտ» քաղաքացու հասցեին, ով փորձում է բռնել այն իշխանության ձեռքը, որն Արցախն Ադբեջանի մաս ճանաչելուց հետո, հիմա էլ անցել է Հայաստանը հանձնելուն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ