Պաղեստինյան իշխանությունները ողջունել են Իռլանդիայի, Նորվեգիայի և Իսպանիայի կողմից Պաղեստին պետության ճանաչումը
Պաղեստինյան ազգային վարչակազմի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը ողջունել է Նորվեգիայի, Իսպանիայի և Իռլանդիայի կողմից Պաղեստին պետության ճանաչումը։ Այս մասին հաղորդում է WAFA գործակալությունը։
Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ այս կարևոր քայլով այս երկրները «ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց հաստատակամ հանձնառությունը երկու պետությունների ստեղծման ճանապարհով խնդրի լուծմանը և Պաղեստինի ժողովրդի համար երկար սպասված արդարության հասնելուն»։
Ըստ գերատեսչության՝ Պաղեստինի ճանաչման որոշումները համահունչ են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի բոլոր համապատասխան բանաձևերին, ինչն իր հերթին «դրականորեն կնպաստի բոլոր միջազգային ջանքերին, որոնք ուղղված են Իսրայելի անօրինական օկուպացիային վերջ տալուն և տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելուն»:
Նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է արել բոլոր երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստին պետությունը, քայլեր անել այդ ուղղությամբ։
Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչում են Պաղեստին պետությունը։
1988 թվականից ի վեր Պաղեստինը որպես պետություն ճանաչել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 146-ը։