Հայաստանից կմնա 10 հազար քառակուսի կմ տարածք՝ Ալիևի պահանջներն էսպես բավարարելու դեպքում. Շահեն Շահինյան

Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ապրիլի 23-ին Բաքվում՝ միջազգային համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քարտեզագիր Շահեն Շահինյանն Ալիևի այս խոսքերն առաջարկեց համեմատել Փաշինյանի՝ «եթե չտանք 4 տարածքները, պատերազմ կլինի» արտահայտության հետ, և արձանագրեց՝ սա նշանակում է, որ հիմա սահմանագծում և սահմանազատում տեղի է ունենում ուժի սպառնալիքի ներքո։

«Արդո՞ք սա չէ ապացույցն այն բանի, որ Ադրբեջանը սպառնացել է ուժի գործադրմամբ, և հիմա սահմանագծում և սահմանազատում տեղի է ունենում ուժի սպառնալիքի ներքո։ Համաձայն միջազգային կանոնակարգերի (ԵԱՀԿ և ՄԱԿ կանոնակարգեր)՝ պետությունների միջև սահմանագծում և սահմանազատում տեղի ունենալ չի՛ կարող ուժի սպառնալիքի ներքո։

Սահմանագծման և սահմանազատման գործընթացը, իհարկե, դրական բան է, բայց ամենակարևորը սկզբունքն է, որը պետք է հաստատվի, եթե դա չկա, ուրեմն, ինչպես ասում են, սատանան թաքնված է մանրուքների մեջ»,- ասաց քարտեզագիրը։

Կարդացեք նաև

Շահեն Շահինյանը չի վստահում ադրբեջանական կողմին և կասկածում է, թե պատրաստ են գնալ ամբողջական սահմանագծման և սահմանազատման, ինչպես վերջին շրջանում պարբերաբար հայտարարում են:

«Դեռ հարց է՝ արդյո՞ք սահմանագծման ու սահմանազատման գործընթացը Տավուշից կհասնի նաև Սյունիք, որտեղ պետք է Ադրբեջանը Հայաստանին վերադարձնի 200 քառակուսի կմ տարածք։ Կասկածում եմ։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ընտրվել հենց Տավուշը, որտեղ հետ է քաշվում միայն հայկական զորքը, չէ՞ որ, եթե մենք վերցնեինք 1926 թվականի քարտեզը, ապա այս տարածքները կմնային Հայաստանին, ավելին՝ մոտ 1000 քառակուսի կմ-ով Հայաստանի տարածքը կավելանար»,- ասաց քարտեզագիրը՝ հայտնելով նաև այլ մտահոգություններ հատվածական սահմանազատման և սահմանագծման աշխատանքների առնչությամբ։

«Ինչո՞ւ չեք քննարկում Բերքաբերի հարցը, Բերքաբերի ջրամբարի հարցը, որը վերահսկում է ադրբեջանական կողմը։ Եթե մենք մեր հենակետերը հետ ենք քաշում, ինչո՞ւ նույնը չեն անում ադրբեջանցիները՝ Բերքաբերից, և ինչո՞ւ Հայաստանին չեն փոխանցում 1000 հեկտար հող այդ հատվածից»,- հարցադրումներ հնչեցրեց Շահինյանը, ապա ընդգծեց՝ որևէ մեկը չի բացառում, որ Ադրբեջանն ինչ-որ պահից խաչ չի քաշելու նաև Ալմա Աթայի հռչակագրի վրա և Հայաստանին պարտադրի այլ լուծումներ։

Ըստ Շահինյանի՝ ադրբեջանական կողմը հաջորդ պահանջով դնելու է Վերին Ոսկեպարը ստանալու հարցը, ապա պահանջելու է Հայաստանից միջանցք.

 «Ադրբեջանը նաև միջանցք է պահանջելու Վերին Ոսկեպարին հասնելու համար. կրկնում եմ՝ միջանցք, որի վրա չի գործելու Հայաստանի Հանրապետության ներքին օրենսդրությունը։ Կարծում եմ՝ Ադրբեջանը պահանջելու է Հայաստանից միջանցք նաև Բարխուդարլու և Սոֆուլու անկլավներին կապվելու համար»,- ասաց Շահինյանը։

Քարտեզագրի համոզմամբ՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմը շարունակում է ինչպես տաք՝ ռազմական գործողություններով, այնպես էլ՝ հիբրիդային, ուստի միջազգային հանրությունից պետք է պահանջել՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։

«Ադրբեջանը նպատակ չունի ընդամենն իր տարածքը մեծացնել։ Ռազմական տեսանկյունից՝ Ադրբեջանին փոխանցելով այդ տարածքները, նկատի ունենալով Հայաստանում նրանց զբաղեցրած դիրքերը, անվտանգային լուրջ սպառնալիք է ստեղծվում մեզ համար։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ իր համար շատ դժվար է լինելու հարձակվել Տավուշի լավ պաշտպանված դիրքերի վրա, ուստի պահանջում է, որ սահմանին կանգնի սահմանապահ զորք»,- ասաց Շահինյանը՝ պնդելով, որ Ադրբեջանը ստանալով առավելագույնը Տավուշում՝ կա՛մ խաթարելու է այս գործընթացը՝ այն չշարունակելու համար, կա՛մ գործընթացը թեքելու է այլ ուղղությամբ։

«Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում հաջորդ պահանջն է լինելու։ Արդյունքում՝ Հայաստանին կմնա 10 հազար քառակուսի կմ տարածք՝ Ադրբեջանի պահանջները բավարարելու դեպքում»,– խոսքը եզրափակեց քարտեզագիրը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս