«Ազգերի լիգայում Ադրբեջանի քարտեզը մերժվել է, իսկ Հայաստանինը՝ ընդունվել ի գիտություն». Շահեն Շահինյան
29.800 քկմ տարածքը Խորհրդային Հայաստանի սահմանն է, որով Հայաստանը գտնվել է Խորհրդային Միության կազմում։ Խորհրդային Միության ձևավորման ժամանակահատվածում Հայաստանի տարածքն ավելի մեծ է եղել։ Փաստացի այս մակերեսն ավելի փոքր է, քան Առաջին Հանրապետության մակերեսը, ավելի փոքր է, քան Առաջին Համաշխարհային պատերազմից հետո ՀՀ-ին հատկացվող տարածքը։ Այսինքն՝ մենք նպատակ ենք դրել ստանալ այն նվազագույնը, ինչը կարծես թե հնարավոր չի։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց գեոդեզիստ-քարտեզագիր, «Էլմա» էլեկտրոնային քարտեզի հեղինակ Շահեն Շահինյանը։
Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է տեղի ունենա 1919-1920 թվականների քարտեզներով, որոնց վերաբերյալ Շահեն Շահինյանն ասաց, որ Առաջին Համաշխարհային պատերազմից հետո և նորաստեղծ Հայաստանը, և՛ նորաստեղծ Ադրբեջանը տպագրել են այդ քարտեզներն այն տարածքների վերաբերյալ, որոնց նկատմամբ ունեին հավակնություններ։
«Եթե վերցնենք Ադրբեջանի այդ քարտեզները, ապա նրանք հավակնություններ ունեն նաև Թուրքիայից, քանի որ այս պահին Թուրքիայի կազմում գտնվող Կարսի մարզը ադրբեջանցիները համարել են իրենց տարածք։ Եթե հիմք վերցնենք այդ ամենը, ապա Հայաստանին թողնված է մոտավորապես 10 հազար, կամ դրանից էլ ավելի փոքր տարածք, որը ներառում էր Երևանը, Էջմիածինը և Սևանի մի փոքր հատված։ Այսինքն՝ Հայաստանը որպես պետական միավորում՝ վերանում է, սակայն այդ քարտեզներն իրավական ուժ չունեն և չեն էլ ունեցել։
Նույն ժամանակահատվածում Հայաստանը տպագրել է իր տարածքների քարտեզները, այդտեղ են եղել տարածքները, որոնց նկատմամբ Հայաստանը վերահսկողություն չի ունեցել։ Հատկանշական է, որ երբ պետություններն էլ այդ քարտեզներն ուղարկել են Ազգերի լիգա, այնտեղ Ադրբեջանի քարտեզը մերժվել է, իսկ Հայաստանի քարտեզը ընդունվել է՝ որպես ի գիտություն և քննարկման ենթակա,- հավելեց քարտեզագիրը։
Շահեն Շահինյանը կարծում է, որ սահմանազատման ու սահմանագծման առաջին պայմանը պետք է լինի երկու կողմերի միջև համաձայնության ձեռքբերումը, որ այս գործընթացում պետք է բացառվի ուժը և ուժի կիրառման սպառնալիքը։ Հաջորդ պայմանը պետք է լինի այն, որ ադրբեջանական ուժերը լքեն այն տարածքները, որոնք զավթել են 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Միայն այս երկու պայմանների դեպքում պետք է սկսել բանակցություններ սահմանազատման ու սահմանագծման սկզբունքների վերաբերյալ, քանի որ կողմերը, ի սկզբանե, պետք է համաձայնության գան, թե ինչ սկզբունքներով պետք է իրականացնեն սահմանազատումը։
«Օրինակ, կողմերը պետք է պայմանավորվեն, որ սահմանազատումը պիտի իրականացնեն խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներով, և ֆիքսում են, թե որ ժամանակաշրջանի քարտեզներով։ Կամ մեկ այլ տարբերակ՝ պայմանավորվում են, որ սահմանազատում պետք է իրականացնեն այսինչ թվականի դե ֆակտո իրավիճակով, կամ պայմանավորվում են, որ գործընթացը պետք է իրականացնեն առհասարակ Ցարական Ռուսաստանի կազմից դուրս գալու ժամանակաշրջանից։ Սկզբունքները բազմաթիվ են, որոնց վերաբերյալ պետք է լինի հստակ պայմանավորվածություն ու ըմբռնում։ Ընդ որում, տեսնելով առնվազն վերջին 3 տարվա Ադրբեջանի կեղծիքները, ունենք առնվազն 1 կեղծ քարտեզի դեպք, որն ապացուցվեց, որ հայկական ու ռուսական կողմերի ունեցած քարտեզներն իդենտիկ են, իսկ Ադրբեջանինը տարբերվում է։
Էրդողանի վերջին հայտարարությունն ապացուցեց, որ իրենք են կառավարում սահմանազատման աշխատանքները, ունեն հստակ նպատակներ, թե այդ գործընթացով ինչի են ուզում հասնել։ Ադրբեջանն 8 ամիս առաջ հայտարարություն տարածեց, որով առաջարկում էր իրականացնել սահմանազատում՝ առանց սկզբունքի ֆիքսման, ինչը խոցելի ու վտանգավոր առաջարկ է։
Աշխարհում բացառիկ դեպք է, երբ կողմը փորձում է միանձնյա սահմանազատում իրականացնել»,- շեշտեց Շահեն Շահինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում