«Ժողովրդավարությունն օգտագործվում է որպես շղարշ` ավտոկրատ ռեժիմները և նրանց իրավախախտումները քողարկելու համար». իշխանական Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

Այս օրերին, երբ Հայաստանում ոտնահարվում են մարդու իրավունքները, ՀՀ քաղաքացին ոստիկանության մեքենայից դուրս է բերվում դիմակավորված ինչ-որ անհայտ մարդկանց կողմից, ծեծվում, խոշտանգվում ու կտտանքների ենթարկվում, Աժ պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի աշխատանքներին ու մեծ-մեծ ելույթներ ունենում Հայաստանում իբր գոյություն ունեցող ժողովրդավարության ու դրա արժեքների մասին։

Մասնավորապես՝ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում, որտեղ նշել է, թե Եվրոպայի խորհրդի անդամ երկիր լինելու արտոնությունը ժողովրդավարության բարձր որակի, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության նկատմամբ լիարժեք հարգանքի վկայությունն է: Միեւնույն ժամանակ, ըստ նրա՝ այդ արտոնությունը «երկնքից իջած բարիք չէ», եւ կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր պետք է ամենօրյա ջանք գործադրի` պահպանելու մեր հիմնարար արժեքներին համապատասխանող ժողովրդավարության մակարդակը:

«Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների, հատկապես` այսօր, երբ մենք ականատես ենք լինում ագրեսիայի, պատերազմների խժդժությունների, ճգնաժամերի եւ անկայունության ամենաահասարսուռ դրսեւորումներին, ինչպես Եվրոպայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Այստեղ` Եվրոպայի խորհրդում, մենք պետք է գործենք այն գիտակցմամբ, որ ժողովրդավարական խաղաղությունը պարտադիր պայման է իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն կառուցելու եւ պահպանելու համար:

Ժողովրդավարական խաղաղությունը նաեւ առանց որեւէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է»,- հայտարարել է Վարդանյանը։:

Բայց սա ամենը չէ, ինչ նա ասել է ժողովրդավարության մասին։

«Վերջին 75 տարիների ընթացքում մենք մշակել ենք ժողովրդավարության տարբեր հաջողված մոդելներ` հիմնված մեր հիմնարար արժեքների վրա: Այնուամենայնիվ, մենք չենք կարող ժխտել տարբեր անդամ պետություններում ժողովրդավարությունից նահանջելու խնդիրը:

Ժողովրդավարությունից նահանջը մտահոգիչ հիմնախնդիր է մեր կազմակերպության համար, եւ մենք չպետք է թերագնահատենք մեր բոլորի վրա վերջինիս ունեցած ազդեցությունը:

Մենք պետք է ակտիվորեն դիմակայենք դրան եւ ժողովրդավարությունից նահանջի նկատմամբ կիրառենք արժեքների, այլ ոչ թե իրական քաղաքականության վրա հիմնված մոտեցում` հավասար վերաբերմունք դրսեւորելով ժողովրդավարությունից նահանջող բոլոր երկրների նկատմամբ:

Տիկնա’յք եւ պարոնա’յք, մեր կազմակերպության նպատակն է նպաստել իրական ժողովրդավարության կառուցմանը, այլ ոչ թե արհեստական, կեղծ, անվանական կամ այլ փոխարինորդների ձեւավորմանը, որտեղ ժողովրդավարությունն օգտագործվում է որպես շղարշ` ավտոկրատ ռեժիմները եւ նրանց իրավախախտումները քողարկելու համար:

Ուստի, մեր առաքելությունը ժողովրդավարությունից նահանջելու վաղ կանխարգելման իրական մեխանիզմների մշակումն է ու ամբողջ Եվրոպայում իրական ժողովրդավարության կայացմանը նպաստելը»,- ասել է նա:

Համաձայնեք՝ նրանից լավ, որևէ մեկը չէր կարող ձևակերպել այն իրավիճակը, որում այսօր գտնվում է իրեն «ժողովրդավարական բաստիոն» հռչակած Հայաստանը՝ ՔՊ-ի իշխանության ներքո։

«Ժողովրդավարությունն օգտագործվում է որպես շղարշ` ավտոկրատ ռեժիմները և նրանց իրավախախտումները քողարկելու համար»,- սա ասել է ՔՊ-ական Վարդանյանը՝ ակամայից տիպիկ ներկայացնելով Հայաստանյան ներկայիս իրավիճակը։

Տեսանյութեր

Լրահոս