Հայաստանն ու Ղազախստանը խորացնելու են փոխգործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում. Փաշինյանն ու Տոկաևը հայտարարություն են ստորագրել

Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ղազախստանի Հանրապետության նախագահի ՀՀ կատարած պաշտոնական այցի արդյունքներով ստորագրված համատեղ հայտարարությունում նշված է.

«Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաևը Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի հրավերով 2024 թվականի ապրիլի 14-15-ը պաշտոնական այց է կատարել Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանի Հանրապետության Վարչապետը և Ղազախստանի Հանրապետության Նախագահը՝ համակողմանիորեն ուսումնասիրելով հայ-ղազախական հարաբերությունների ողջ համալիրի վիճակը և զարգացման հեռանկարները, հիմնվելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պատմական կապերի, երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամուր կապերի և փոխգործակցության վրա, հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ի՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի անքակտելիության վրա, ղեկավարվելով 1945 թվականի հոկտեմբերի 24-ի՝ ՄԱԿ-ի Կանոնադրության և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի` Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներով, վստահ լինելով, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին, ընդգծելով տարածաշրջանային ձևաչափերի շրջանակում և, ընդհանրապես, միջազգային ասպարեզում հետագա սերտ համագործակցության կարևորությունը, ձգտելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացմանը, կատարելագործմանը և բովանդակային համալրմանը, հայտարարում են ներքոնշյալի մասին.

Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը (հաջորդիվ՝ Կողմերը) շարունակելու են կառուցել իրենց հարաբերություններն ապագային միտված ռազմավարական համագործակցության հիման վրա՝ փոխադարձ վստահության ոգով, առաջնորդվելով ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և փոխշահավետության, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով,

Կողմերը կզարգացնեն կառուցողական և արգասաբեր փոխգործակցությունը երկկողմ հիմունքներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ի շահ երկու երկրների բարգավաճման և զարգացման, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման և ամրապնդման,

Կողմերը կշարունակեն ջանքերը՝ ի շահ Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործընկերության խթանման և Անկախ Պետությունների Համագործակցության՝ արդի իրողություններին ադապտացման ուղղությամբ,

Կողմերը, հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովմամբ երկու պետությունների հետաքրքրվածությունը, շարունակելու են փոխգործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը պաշտպանության ոլորտում,

Կողմերը համոզված են, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության փոխգործակցության խորացումը՝ հիմնված փոխադարձ շահերի հաշվառման, իրավահավասարության և ներքին գործերին չմիջամտելու վրա, ունի հիմնարար բնույթ,

Կողմերը հաստատում են իրենց փոխադարձ պարտավորությունները՝ զերծ մնալ մյուս Կողմի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ գործողություններին, միջոցառումներին, ինչպես նաև միություններին և դաշինքներին մասնակցելուց,

Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը հանդես են գալիս բոլոր հակամարտությունների՝ բացառապես խաղաղ միջոցներով շուտափույթ լուծման օգտին՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների հիման վրա,

Կողմերը բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումներն ու միջոցառումներն՝ ուղղված օրենքի գերակայության, հիմնարար ազատությունների և սոցիալական արդարության ամրապնդմանն՝ իբրև Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ժողովուրդների բարեկեցության բարձրացման նպատակով կայուն և հաստատուն սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտ պայմաններ:

Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը գոհունակությամբ նշում են կողմերի ջանքերը տրանսպորտային խոշոր նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ և տրանսպորտային-տարանցիկ համագործակցության մեծ ներուժի առկայությունը, ընդգծում հաղորդակցության հնարավորությունների ընդլայնման և դրանց գործողության անխափանության կարևորությանը՝ համաձայն ինքնիշխանության և իրավահավասարության սկզբունքների և հաշվի առնելով կողմերի իրավազորություն ու օրենսդրությունը, միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի դրույթները:

Ղազախստանի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության ջանքերը՝ միտված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը, այդ թվում՝ նշելով Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որն ուղղված է տարածաշրջանի բոլոր երկրների տրանսպորտային փոխշահավետ համագործակցությանը:

Կողմերը ողջունում են Երևանի և Աստանայի միջև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության շուտափույթ հաստատումը:

Կողմերը դրական են գնահատում Երևանի պետական համալսարանի Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությունը, ընդգծում Լ.Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանում հայոց լեզվի, պատմության և մշակույթի համար մշակութային հարթակի հատկացման կարևորությունը:

Կողմերը լի են վճռականությամբ՝ կենսագործելու Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի սկզբունքները և դրույթներն՝ ի շահ համատեղ բարգավաճման և երկու երկրների քաղաքացիների ներկա և գալիք սերունդների ամուր բարեկամության:

Այս նպատակով Կողմերը մտադիր են.

պահպանել բարձր և բարձրագույն մակարդակով կանոնավոր շփումները, խորացնել փոխշահավետ համագործակցության ամրապնդման նպատակով՝ միջգերատեսչական գործնական փոխգործակցությունը,

զարգացնել տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ահաբեկչության դեմ հակազդման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, արդի այլ մարտահրավերների և սպառնալիքների ոլորտներում երկկողմ համագործակցությունն այն միջազգային պայմանագրերի հիմքով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը: Այս նպատակով՝ Կողմերը խորացնելու են փոխգործակցությունն երկու երկրների անվտանգության խորհուրդների, պաշտպանական և իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների գծով,

հատուկ նշանակություն տալ համագործակցության միջկառավարական խմբերի գործունեությանն, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության խորհրդարանների փոխգործակցությանը,

առաջնային ուշադրություն տրամադրել տնտեսական փոխշահավետ համագործակցության խորացմանը: Այս նպատակով՝ պատրաստ են ապրանքաշրջանառության ծավալների աճին առավելագույն աջակցություն ցուցաբերելու ճանապարհով նպաստել առկա առևտրատնտեսական ներուժի իրացմանը, վառելիքաէներգետիկ ոլորտում, տրանսպորտի և հաղորդակցության բնագավառում, նորարարությունների և տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, լեռնամետալուրգիական և վերամշակող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում գործակցության խորացմանը,

շարունակել համակարգային աշխատանքը տնտեսական համագործակցության հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, այդ թվում՝ ամենամյա նիստերի կազմակերպման և անցկացման միջոցով: Կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև 2024-2025թթ. առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ,

ընդլայնել Հայաստանի Հանրապետության մարզերի և Ղազախստանի Հանրապետության շրջանների միջև համագործակցությունը, նպաստել առևտրաարդյունաբերական ու մշակութային և հումանիտար ոլորտներում միջշրջանային համագործակցության զարգացմանը, խթանել տնտեսվարող և այլ սուբյեկտների միջև «հորիզոնական» ուղիղ կապերը,

դիտարկել բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և թվայնացման այդ թվում՝ արհեստական բանականության ստեղծման, կանոնակարգման և կիրառման ոլորտներում փոխշահավետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման հնարավորությունները,

համակողմանիորեն նպաստել մշակույթի, գիտության, կրթության, առողջապահության ոլորտներում շփումների ընդլայնմանը, աջակցել մշակույթի և արվեստի կազմակերպությունների և գործիչների, հետազոտական կենտրոնների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվության միջոցների միջև ուղիղ կապերի հաստատմանը,

անցկացնել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի օրեր 2024թ. և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի մշակույթի օրեր 2025թ.,

աջակցել մշակութային-հումանիտար կապերի զարգացմանն, այդ թվում՝ երկու երկրների տարածքում ապրող էթնիկ խմբերի լեզվական, մշակութային և կրոնական ինքնատիպությունը խթանելու միջոցով: Ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին: Նպաստել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ժողովուրդների ավանդույթների և հոգևոր արժեքների նկատմամբ հետաքրքրությանը»:

Նիկոլ Փաշինյանը  և Ղազախստանի Հանրապետության Նախագահը վստահ են, որ երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ներկա շրջափուլը միջպետական փոխգործակցության, բոլոր բնագավառներում կապերի ինտենսիվ խորացման լայն հեռանկար է բացում՝ ի շահ ազգային տնտեսության և մշակույթի համակողմանի զարգացման, ամուր խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման

Կողմերը վստահություն են հայտնել, որ կայացած բանակցությունները, դրանց ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները և պաշտոնական այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը և կծառայեն երկու երկրների ժողովուրդների շահերին:

Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կ.Կ. Տոկաևն անկեղծ երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ն.Վ. Փաշինյանին և ողջ հայ ժողովրդին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և Հայաստանի Հանրապետության Վարչապետին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ղազախստանի Հանրապետությունում: Հրավերն երախտագիտությամբ ընդունվել է»:

Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Տեսանյութեր

Լրահոս