Թուրքիան կասեցրել է որոշ ապրանքների արտահանումն Իսրայել
Թուրքիայի կառավարությունը մասնակիորեն տեղի է տվել Պաղեստինի Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարձակումների ֆոնին այդ երկրի հետ առևտրի կասեցմանն ուղղված ժողովրդի պահանջին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 54 տեսակ ապրանքի արտահանում է դադարեցվել:
Հայտարարության մեջ նշվում է, որ այն մնալու է ուժի մեջ քանի դեռ Գազայում հրադադար չի հաստատվել, իսկ հումանիտար օգնությունն այդ տարածք անխափան և անհրաժեշտ քանակությամբ չի հասցվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ապրիլի 8-ին հայտարարել էր Իսրայելի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու որոշման մասին:
Այն հաջորդել էր Իսրայելի կողմից Թուրքիայի Գազա օգնություն ուղարկելու պահանջի մերժմանը:
Թուրքական ընդդիմադիր մամուլում այս քայլը որակվել է հետևյալ կերպ.
«Արձագանքներն Էրդողանին ստիպեցին ետ քայլ անել»: