Ապրիլ-հունիս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի
Հայաստանում 2023-2024 թվականի ձմեռը եղել է ամենատաքը վերջին 57 տարիներին։ Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 4 աստիճանով։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նրա խոսքով` տաք եղանակը պահպանվել է նաև մարտին։ Շրջանների մեծ մասում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1,5-2 աստիճանով։
«2024 թվականի մարտի 25–ի դրությամբ հանրապետությունում միայն 1600 մ և ավել բարձրություններում է ձնածածկ եղել։ Ձյան շերտի բարձրությունը 2200 մետրից բարձր հատվածներում 70-90 սմ–ով շատ է նախորդ տարվա ձնածածկույթից»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է ապրիլ–հունիս ամիսների եղանակային կանխատեսումներին, ըստ Ազիզյանի` ապրիլին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճան, իսկ տեղումների քանակը նորմային մոտ։ Մայիսին և հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։
Անդրադառնալով Սևանա լճի մակարդակի հետ կապված կանխատեսումներին` Ազիզյանը նշեց, որ ապրիլ–հունիս ամիսներին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 33-38 սմ–ով, ինչը վերջին 3 տարիների ամենաբարձր ցուցանիշը կլինի։