Չեմ վախեցնում, պարզապես ասում եմ՝ հաշվարկեք. Ոչ թե հանդիպումն է վատ, այլ՝ հետևանքները. Թևան Պողոսյան
Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը: Երևանի, Վաշինգտոնի և Բրյուսելի պաշտոնյաների պնդմամբ՝ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը: Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը։ Այս մասին նախ հայտարարել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Դրանից հետո, Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել էր, որ Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձևաչափով կայանալիք բարձր մակարդակի հանդիպման առանցքը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չէ։
«Սա հանդիպում է ԱՄՆ-ի, Եվրոպական միության և Հայաստանի միջև, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիան, մարդասիրական օգնությունը, աջակցությունը փախստականներին և աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»,- հայտարարել է Միլլերը՝ հավելելով, որ հանդիպումը տարածաշրջանային ուղղվածություն չունի։
Ապրիլի 3-ին Բլիքնեն-Ալիև հեռախոսազրույց էր տեղի ունեցել, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը դժգոհել է նախատեսվող բրյուսելյան հանդիպումից, նշելով, որ «ըստ իրեն հասանելի տեղեկությունների, եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, դրանցից մեկը Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելն է: Շեշտելով՝ «ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև եռակողմ հանդիպումը կհանգեցնի լարվածության սրմանը Հարավային Կովկասում»։
168.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն ասաց՝ բրյուսելյան հանդիպումը որևէ լավ բան չի տալու Հայաստանին։
«Այս հանդիպումից գործող իշխանությունները մեկ բան են սպասում, քաղաքացիների մի հատվածը՝ մեկ այլ բան, մյուս հատվածը՝ բոլորովին այլ բան։
Քաղաքական գործընթացների մեջ հաշվի առեք, որ այսօրվա դրությամբ հանդիպումը դեռ տեղի չունեցած խելքից դուրս քաղաքականացման դաշտի մեջ են տարել՝ առճակատման։ Հանդիպումը տեղի չունեցած՝ ռուսական կողմն այդ ամենը մեկնաբանում է բացասական իմաստով, Արևմուտքը մեկնաբանում է, թե անվտանգության հարցեր չեն քննարկելու, միայն տնտեսական հարցեր են լինելու։ Բայց պետք է իմանանք, որ խոշոր երկրները, բացի նրանից, թե ինչ են բացահայտ հայտարարում, նրանք ունեն նաև հատուկ ծառայություններ, որոնք այդ երկրներին ապահովում են ներքին տեղեկություններ, որը ո՛չ ես, ո՛չ դուք չեք իմանալու, թե իրականում ինչ են խոսել, ինչ են պայմանավորվելու ու ինչի են ձգտելու»,- նշեց Թևան Պողոսյանը։
Ըստ նրա, ակնհայտ է, որ այս ամենը Ռուսաստան-Արևմուտք առճակատման դաշտն է, և բոլոր պարագաներում՝ որևէ կողմից բացասական դեպի Հայաստան։ Այսինքն՝ մի կողմը կարող է Հայաստանին տալ 5 մլրդ, իսկ մյուս կողմը՝ սպառնալ, թե՝ տես, ինչ եմ անելու։
«Այսինքն՝ մենք այս հանդիպումից հետո ունենալու ենք կողմ, որը Հայաստանի նկատմամբ ունենալու է բացասական վերաբերմունք՝ կա՛մ Արևմուտքը, կա՛մ Ռուսաստանը։ Նաև մեկ բան չպետք է մոռանանք, թե արդյո՞ք Հայաստանն ապրում է մի իրավիճակում, որ, օրինակ, Վրաստանի նման է, նա ուներ առճակատումներ, բայց չուներ թշնամիներ՝ ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան են։ Իսկ Հայաստանն ունի։
Պատկերացրեք, դիցուք, լիներ իրավիճակ, երբ Հայաստանին ԵՄ-ն, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը համատեղ հրավիրում են, որ՝ արի քննարկենք քո տնտեսական զարգացումը՝ ունենալու էինք դրական արդյունք, իսկ այսօրվա իրավիճակում՝ բացասական։
Օրինակ, երբ Մինսկի խմբի ժամանակ համանախագահների ինստիտուտն աշխատում էր՝ պահպանվում էր դրական ինչ-որ բան, բայց այս ինստիտուտը չմնաց, վերացավ զինադադարը, ամեն ինչն էլ վերացավ, երբ արհամարհվեց նրանց հետ համագործակցությունը։ Իսկ հիմա մենք առճակատման մեջ ենք»,- հավելեց Թևան Պողոսյանը։
Այս համատեքստում քաղաքագետը հիշեցրեց՝ ԵՄ-ում 1,5 ամսից սկսվելու են ընտրական գործընթացներ, և Աստված գիտի, ԵՄ ներկայացուցիչը, որը ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպելու է ու ինչ-որ բան է որոշելու, իր հաջորդը, որ եկավ, այդ ամենը պահպանելո՞ւ է։ Այս տարվա նոյեմբերին էլ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Բլինքենի հարցն է դրվելու՝ կմնա՞ նա, թե՞ ոչ։
«Բայց ես գիտեմ, որ ինչ-որ մեկը կա, որն արդեն 7 տարի լինելու է, ու եթե այդ մարդը այս հանդիպումից նեղանալու է, 7 տարի այդ նեղացվածությունն ունենալու ենք։ Ես չեմ վախեցնում, պարզապես ասում եմ՝ հաշվարկեք, հաշվարկելու համար իմացեք, որ ՌԴ-ում 7 տարի քաղաքականությունը չի փոխվելու, 7 տարի Պուտինն է լինելու, մյուս տեղերում՝ չգիտեմ։
Ցանկացած հանդիպում ինքնին վատ չէ, այսինքն՝ հանդիպում երևույթը վատ չէ, այլ են հետևանքները։ Այնպես որ, որևէ դրական իրավիճակ այդ հանդիպումից Հայաստանի համար այս պահին չեմ կարող կանխատեսել ու ասել»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։



