ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ռուսաստանի և Հայաստանի սերտ, դաշնակցային կապերը համապատասխանում են ինչպես ռուսների, այնպես էլ հայերի արմատական, իրական շահերին։ Այս մասին ասված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ ՀՀ–ում ՌԴ դեսպանության տարածած հայտարարության մեջ:
«Անցած տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել։ Փոխվել են և՛ երկրները, և՛ աշխարհը, որում մենք ապրում ենք։ Ցավոք, մեր հարաբերություններում նաև շատ տարաձայնություններ կան, ինչպես նաև փոխադարձ պահանջներ։ Վստահ ենք, որ Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում ոչ միայն հնարավոր է շտկել այդ տարաձայնությունները և վերադառնալ նորմալ դաշնակցային հարաբերությունների, այլև դա միակ խելամիտ որոշումն է»,- ասված է հայտարարությունում։
Դիվանագիտական ներկայացուցչությունը հիշեցնում է, որ Երևանի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 33 տարի առաջ` 1992 թվականի ապրիլի 3-ին` նշելով, որ համաձայնագիրը երկու երկրների միջև փոխհարաբերություններում նոր փուլի սկիզբ դրեց։
«Մեր ժողովուրդները միշտ միմյանց վերաբերվել են շատ բարեկամաբար և ջերմ։ Հայտարարությունում նաև ընդգծվում է, որ հիմնական փաստաթղթից ընդամենը մի քանի տարի անց 2 երկրների միջև ստորագրվեց բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր, և դա պատահական չէ»։