Արևմուտքը խամաճիկային իշխանություններին բերել է երեք խնդիր լուծելու՝ երկուսը լուծել են, երրորդը կախված է ՌԴ-ից. Արմեն Բադալյան
ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել, որ ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չի եղել, երբ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ Հայաստանն իր համար ստեղծում է անվտանգության բազմաշերտ համակարգ։
«Հայաստանն իր անվտանգային համակարգը բազմաշերտ է սարքում և ամեն ինչ անելու է, որպեսզի անվտանգային համակարգը բավարարի այսօրվա պահանջներին։ Էական չէ, թե սա ում է դուր գալիս, ում՝ ոչ, մենք գնալու ենք մեր ճանապարհով։ Ցավոք սրտի, մենք տեսել ենք այն անվտանգային համակարգը, որն ունեցել ենք։ Փաստորեն, դա անվտանգային համակարգ չի եղել, այլ թղթի վրա գրված պայմաններ ու պարտավորություններ են եղել, որոնք ի կատար չեն ածել, ինչի հետևանքով էլ մեզ հարցեր եք տալիս, թե 6 տարվա մեջ էս արեք, էն արեք»,- պատասխանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը՝ ասաց իշխանական պատգամավորը, ապա շեշտեց, որ ՀՀ-ում 102-րդ ռազմաբազան գոյություն ունի, սակայն այն ոչնչով չօգնեց, երբ ներխուժում եղավ ՀՀ սուվերեն տարածք։
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով ՀԱՊԿ-ի, 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայտարաություններին ու դրանց հնարավոր հետևանքներին, նկատեց.
«Եթե Հայաստանն ունենար ինքնուրույն քաղաքական ղեկավարություն և ոչ թե՝ Արևմուտքի կողմից նշանակված խամաճիկային ղեկավարություն, ապա ներկա բարդ աշխարհաքաղաքական գործընթացներին Հայաստանի նման փոքր պետությունը պետք է վարեր, այսպես կոչված, կոմպլեմենտար քաղաքականություն։ Սա միակ հնարավոր տարբերակն է այս պահին, քանի որ ռուսական ու ՆԱՏՕ-ական աշխարհը բավականին լուրջ հակամարտության մեջ են մտել, այսպես կոչված՝ արևելյան բլոկը՝ Ռուսաստան, Իրան, Չինաստան, Հյուսիսային Կորեա, և, բնականաբար, սրանք հակամարտության մեջ են Արևմուտքի հետ։
Հայաստանի նման երկրում, երբ կա ղարաբաղյան հարց, իսկ այդ հարցը փակված չէ, անկախ նրանից, թե Հայաստանի ու Ադրբեջանի ներկա ղեկավարությունն ինչ են ասում, այս իրավիճակում անվտանգային համակարգ ձևավորելու միակ տարբերակը բազմավեկտոր անվտանգային համակարգի ձևավորումն է։ Այդ վեկտորներից մեկը ՀԱՊԿ-ն է, մյուսը՝ հայ-ռուսական հարաբերությունները, մեկ այլ վեկտորը պետք է լինի հայ-իրանականը, մյուսը՝ ուրիշ աշխարհ, և այլն։ Այսինքն՝ բազմավեկտորը սա է նշանակում, որ այս բոլորի հետ ունենում ես լավ հարաբերություններ ու անվտանգային համակարգդ փոխլրացնում ես»,- նշեց Արմեն Բադալյանը։
Նրա բնորոշմամբ՝ այն պարագայում, երբ Հայաստանի ղեկավարությունը խամաճիկային է և վարում է հակառուսական քաղաքականություն՝ բնականաբար, ցանկացած հնարավոր կոնտակտ Արևմուտքի հետ, այդ թվում՝ ապրիլի 5-ին սպասվելիք կոնտակտը, խիստ ցավագին է ընկալվում ՌԴ-ի կողմից։
«Արևմուտքն այս իշխանություններին բերել է երեք խնդիր լուծելու համար՝ փակել Արցախի հարցը, որով Ռուսաստանին զրկում են Հարավային Կովկասում ազդեցություն ունենալու կարևորագույն լծակներից մեկից։
Երկրորդ քայլով այնպես են անելու, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական միությունների հետ ստեղծվեն խնդիրներ, ինչը գրեթե կա, քանի որ փաստացի ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները կասեցված են, անկախ նրանից՝ կասեցման ինստիտուտը կա՞, թե՞ ոչ։
Մնացել է այս գործընթացի վերջին քայլը՝ ՀՀ իշխանությունների միջոցով դիվերսիֆիկացնել ՀՀ ամբողջ տնտեսական համակարգը՝ չեզոքացնելով ԵԱՏՄ-ին։
Այս ամենից հետո 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրս հանելը և Հայաստանում արևմտյան ռազմաբազայի ապահովումը կդառնա իրականություն, և բնավ պարտադիր չէ, որ այդ ռազմաբազան ներկայացնի Թուրքիան, սա տեխնիկական հարց է։ Հիմա կլինի՞ այս ամենը, թե՞ ոչ, կախված է մասնավորապես նրանից, թե ՌԴ-ն Ուկրաինայում ինչ հաջողություններ կունենա»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։
Նա նաև հավելեց՝ եթե ռուսական կողմը ձախողի, ապա Թուրքիան Կովկասում կամրապնդի իր դիրքերը, հատկապես՝ Ադրբեջանի միջոցով։