102-րդ ռազմաբազան ֆիզիկապես կանգնած է, բայց դերակատարություն չունեցավ, երբ ՀՀ-ին վտանգ էր սպառնում. Արմեն Խաչատրյան

«Հայաստանը երբևէ այսքան բարձր սուբյեկտայնություն չի ունեցել, որքան հիմա, երբ Հայաստանի հետ հաշվի են նստում և՛ Արևմուտքը, և՛ Միացյալ Նահագները,  շատ ու շատ ռազմական, ռազմավարական հարցեր են քննարկում»,- այսպես բնութագրեց Հայաստանի սուբյեկտայնությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ Հայաստանը չպետք է իր հույսը դնի ԱՄՆ-ի վրա՝ հիշելով, թե այդ երկիրն ինչպես է լքել իր դաշնակիցներին։

Ըստ իշխանական պատգամավորի՝ կար ժամանակ, երբ Ռուսաստանում էին շատ հարցեր որոշում, թե Հայաստանը որտեղ պետք է գնա։

«Հայաստանն իր անվտանգային համակարգը բազմաշերտ է սարքում և ամեն ինչ անելու է, որպեսզի անվտանգային համակարգը բավարարի այսօրվա պահանջներին։ Էական չէ, թե սա ում է  դուր գալիս, ում՝ ոչ, մենք գնալու ենք մեր ճանապարհով։  Ցավոք սրտի, մենք տեսել ենք այն անվտանգային համակարգը, որն ունեցել ենք։ Փաստորեն, դա անվտանգային համակարգ չի եղել, այլ թղթի վրա գրված պայմաններ ու պարտավորություններ են եղել, որոնք ի կատար չեն ածել, ինչի հետևանքով էլ մեզ հարցեր եք տալիս, թե 6 տարվա մեջ էս արեք, էն արեք»,- շեշտեց նա։

Պատգամավորն այս համատեքստում նաև ասաց՝ այլևս անհիմն վստահելու կամ հավատալու իրավունք չունեն, դրա համար էլ դիմել են գործնական քայլերի բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, քաղաքական, ռազմական։

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե հայ-թուրքական սահմանին այսօր կանգնած է 102-րդ ռուսական ռազմաբազան, որը փաստորեն լուրջ դերակատարություն ունի երկրի անվտանգության պահպանման հարցում, իշխանական պատգամավորը որոշ բացառությամբ ընդունեց, որ լուրջ դերակատարություն ունեն։

«102-րդ ռազմաբազան գոյություն ունի, ամեն դեպքում ՀՀ նոր անվտանգային համակարգի գծագրությունից պարզ կդառնա, թե մեր հետագան ինչպես է լինելու։ Այդ ռազմաբազան ոչնչով չօգնեց, երբ ներխուժում եղավ ՀՀ սուվերեն տարածք։ Լուրջ դերակատարում ասելով՝ նկատի ունեմ այն, որ այս պահին ֆիզիկապես կանգնած են սահմանին, բայց դրական իմաստով դերակատարություն չունեցավ, երբ ՀՀ-ին վտանգ էր սպառնում ու այսօր էլ կա»,- ընդգծեց նա։

Լրագրողի հաջորդ հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ չեն հանում ռազմաբազան, Արմեն Խաչատրյանը պատասխանեց՝ հանելու են այն ժամանակ, երբ պետք լինի։

Տեսանյութեր

Լրահոս