Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ նիստում Վաշինգտոնը Թեհրանին զգուշացրել է չթիրախավորել ԱՄՆ անձնակազմը՝ Սիրիայում Իրանի հյուպատոսարանի գնդակոծության պատճառով

Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի գնդակոծության թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ԱՄՆ-ն Իրանին նախազգուշացրել է Վաշինգտոնի դեմ քայլեր չձեռնարկել՝ հայտարարելով, որ իրենք տեղյակ չեն եղել հարձակման մասին։

Ապրիլի 1-ին տեղի ունեցած հարձակման մեջ Իրանը մեղադրում է Իսրայելին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 2 բարձրաստիճան գեներալ և 5 զինվորական խորհրդատու։ Բացի այդ, ըստ տարբեր ԶԼՄ-ների, զոհվել են 6 սիրիացիներ։

«Մենք չենք վարանի պաշտպանել մեր անձնակազմին և կրկնում ենք մեր նախազգուշացումներն Իրանին և նրա պրոքսիներին՝ չօգտվել իրավիճակից` վերսկսելու իրենց հարձակումներն ԱՄՆ անձնակազմի վրա. նորից եմ կրկնում՝ մենք որևէ մասնակցություն չենք ունեցել հարձակմանը և նախապես տեղյակ չենք եղել դրա մասին», – ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ռոբերտ Վուդը։

Իրանը 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհրդին հայտնել է, որ իրեն իրավունք է վերապահում «վճռական պատասխան տալ» հարձակմանը` մեղադրելով Իսրայելին ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և դիվանագիտական ու հյուպատոսական շենքերի անձեռնմխելիությունը խախտելու մեջ:

«Միացյալ Նահանգները պատասխանատու է իսրայելական վարչակարգի բոլոր հանցագործությունների համար», – ասել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանի տեղակալ Զահրա Էրշադին՝ մեղադրելով ԱՄՆ-ին Սիրիան և տարածաշրջանն ապակայունացնելու փորձի մեջ և քննադատելով Վաշինգտոնին Իսրայելին աջակցելու համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ապրիլի 2-ին դատապարտել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա տեղի ունեցած հարձակումը՝ բոլոր կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրադրության հետագա սրումից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս