Բաժիններ՝

«Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդների մասով աճ ունենք»

Հայաստանում գրանցվել է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդների մասով աճ: Այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:

Ըստ նախարարի՝ վերջին տարիներին իրականացված միջոցառումները զգալի կերպով ազդում են ծնունդների կարգաթվային կառուցվածքի վրա:

«Ունենք աճ ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդների մասով: Օրինակ՝ 2018 թվականին ծնվել է ընտանիքում երրորդ և հաջորդ կարգաթվով 8271 երեխա, 2022–ին այդ թիվը կազմել է 11 հազար 956, աճը կազմել է 44.6 տոկոս: Բնականաբար, կարող ենք արձանագրել, որ մեր այս միջոցառումը տվել է դրական արդյունքներ»,–ասաց Մկրտչյանը:

2022 թվականի հունվարից գործող՝ «Ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության» ծրագրի շրջանակում 2023–ի դեկտեմբեր ամսվա տվյալներով աջակցություն է տրամադրվել 21 հազար 804 երեխայի համար:

Նախարարը հիշեցրեց, որ 2023 թվականին վերանայվել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համակարգ, նոր փոփոխությամբ խնամքի նպաստ են ստանում բոլոր մայրերը՝ անկախ աշխատել–չաշխատելու հանգամանքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս