Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ սպառվել են երկրի 49-րդ Ժողովրդական ժողովի աշխատանքի շրջանակներում նոր կառավարություն կազմելու բոլոր հնարավորությունները։
«Կա այսպիսի ժողովուրդ» կուսակցության ներկայացուցիչները Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևից ստացել են երկրի նոր կառավարություն կազմելու իրավունքի երրորդ՝ վերջին մանդատը և անմիջապես այն պետության ղեկավարին են վերադարձրել՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է գնալ ընտրությունների։
Նախագահ Ռադևն ասել է, որ անհապաղ հանդիպումներ կսկսի վարչապետի հնարավոր թեկնածուների հետ և կանի ամեն բան՝ «արագացնելու տեխնիկական կառավարություն կազմելու գործընթացը»։
Մարտի 5-ին պլանային ռոտացիայի նախապատրաստման շրջանակներում, որի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել 9 ամիս առաջ, վարչապետ Նիկոլայ Դենկովը հրաժարականի դիմում էր ներկայացրել խորհրդարան, որը խորհրդարանն ընդունել էր միաձայն։ Ձեռք բերված համաձայնություններին համապատասխան՝ նոր կառավարությունը պետք է գլխավորեր փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելը, սակայն քաղաքական առաջատար միավորումների միջև ապագա կառավարության շուրջ բանակցությունները ձախողվել են, ինչում քաղաքական միավորումների առաջնորդները մեղադրել են միմյանց։