«Խաղաղության խաչմերուկն» ադրբեջանական երգ է, գրվել է Բաքվում, գուցե Էրդողանը խմբագրել է. 3 ճանապարհ պիտի տանք Սյունիքով Ադրբեջանին դեպի Նախիջևան՝ անվերահսկելի». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այցելել է Տիգրանաշեն, որպեսզի ժողովրդին բացատրի՝ չկա մի փաստաթուղթ, որով Տիգրանաշենը եղել է Ադրբեջանի կազմում, և եթե Փաշինյանը Տիգրանաշենը հանձնի որպես անկլավ, ապա դրանից մինչև Նախիջևան 12 կմ է, այդ ճանապարհն էլ է տալու:

«Այս գյուղը տալով՝ ընդհատվում է ճանապարհը դեպի Սյունիք, իհարկե, կարելի է Վեդիով, Ուրցաձորով դուրս գալ: Բայց անմիջական վտանգի տակ է հայտնվում Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղը, և այստեղ սկսվում է Վայոց ձորի մարզը, ու Չիվան, Ելփին վարի են գնում: Տիգրանաշենը հանձնելու դեպքում 4 գյուղ է դատարկվում, իսկ եթե մենք Տավուշի հատվածում՝ Իջևանում, հանձնում ենք Բարխուդարլին, ապա աջից կդատարկվի Այգեհովիտը, Վազաշենը, այնուհետև՝ Պառավաքարը, իսկ ձախից էլ՝ Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը: Սրան գումարած՝ զրկվում ենք ճանապարհից, որով դուրս ենք գալիս Վրաստան»,- մանրամասնել է Բագրատյանը՝ շեշտելով՝ սահմանազատման գործընթացը սկսվում է նրանից, որ կողմերը պայմանավորվում են, թե ո՞ր քարտեզների հիման վրա դա պիտի արվի, և, որ կան տասնյակ արձանագրություններ, որտեղ Հայաստանի տարածքում ոչինչ չկա:

«Դա չորոշած, մենք այս ամեն ինչը կտանք, խաղաղության պայմանագիրն էլ կլինի, բայց արդյունքում ոչ մի տեղ գրած չի լինի՝ որտեղից է սկսվում և վերջանում Հայաստանը»,- շեշտել է ՀՀ նախկին վարչապետը և հավելել, որ վերը նշված գյուղերը տալուց հետո Փաշինյանն անցնելու է Սյունիքով ճանապարհների հանձնմանը:

«Ադրբեջանի կարծիքով՝ Փաշինյանը ստորագրել է միջանցքների տալու տակ և պիտի տա՝ Սյունիքով: Հայաստանը ամոթից ելնելով՝ դա անվանում է «Խաղաղության խաչմերուկ», դա ադրբեջանական երգ է, գրվել է Բաքվում, գուցե Էրդողանը խմբագրել է այդ երգի տեքստը: Այդ «Խաղաղության խաչմերուկն» այն է, որ 3 ճանապարհ պիտի տանք Սյունիքով Ադրբեջանին դեպի Նախիջևան՝ անվերահսկելի»,- մանրամասնել է Բագրատյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս