Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանի ջրափրկարարներն ու քաղաքացիները Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձ եղած տղայի մարմինը
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ջրահեղձման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևանա լճում՝ «Առագաստ» լողափի տարածքում, քաղաքացի է ջրահեղձ եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի ջրափրկարարները, ովքեր ափից մոտ 15 մետր հեռավորության վրա՝ լճից, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Տեղում Սևանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ջրահեղձ եղածը 24-ամյա Մուհամեդ Ա․-ն է, ով Եգիպտոսի քաղաքացի էր։

