Ինչպես ներել և չչարանալ՝ կայացավ «Մնա» կամ «Մոռանալու նուրբ արվեստը» ներկայացման պրեմիերան
Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի «Մնա» կամ «Մոռանալու նուրբ արվեստը» ներկայացման պրեմիերան։
Սիրային խաղերով, անսպասելի դեպքերով ու լուծումներով ներկայացումը հանդիսատեսին պահեց հաճելի գերլարվածության մեջ, որը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր դահլիճից հնչող բարձր ծիծաղով ու ծափահարություններով։

«Մնա» ներկայացման հիմքում ինքնատիպ զարգացումներով պատմություն է, երբ քաղաքի գլխավոր հոգեբանի մոտ հայտնվում է սկլերոզ ախտորոշմամբ մի տղամարդ և նրա հայտնվելուց հետո հոգեբանի կյանքը գլխիվայր շրջվում է։ Անսպասելիորեն հիշողության խանգարման առաջին նշաններն աստիճանաբար սկսում են ի հայտ գալ հենց հոգեբանի մոտ։
Ներկայացումը իր տարբեր դրսևորումներով հանդիսատեսին ցույց է տալիս, թե ինչպես է պետք ներել, մտորել հիշողության, ցավի և մարդկային հարաբերությունների մասին։
Ներկայացման բեմադրող ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանն է, ասում է՝ բեևմադրության գլխավոր նպատակը հասարակության համար կարևոր թեմաների մասին խոսելն է։
«Կարծում եմ՝ երբեմն պետք է խոսել այնպիսի բաների մասին, որոնց մասին մարդիկ հաճախ չեն խոսում, որովհետև վախենում են փող չաշխատելուց։
Պետք է վեր բարձրացնել խնդիրները, որովհետև մենք շատ ենք չարացել։ Երևի 6-7 տարի է՝ բոլոր ներկայացումները դավաճանության մասին են։ Հիմա մենք ուզում ենք խոսել չչարանալու, մոռանալու մասին՝ թե իրար ինչեր ենք ասել, ինչպես ենք վիրավորել, որովհետև ցավը բերում է զայրույթ, զայրույթը՝ փոխադարձ վիրավորանք, իսկ մեր ազգը պետք ունի խաղաղվելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սեդրակ Գոջամյանը։

Պիեսի հեղինակն Արմեն Վարդանյանն է, նրա խոսքով՝ նման գործ իրենց ստեղծագործական թիմը դեռևս չէր արել, ուստի այն նոր և համարձակ փորձ էր, որը պահանջում էր բոլորովին այլ մոտեցում։
«Այս տիպի գործի մեջ դերասանների տրանսֆորմացիան իսկապես բարդ խնդիր էր։ Այս անգամ ես և Սեդրակը փորձեցինք ծանր բեռ վերցնել մեր ուսերին, քանի որ նման ներկայացում դեռ չէինք արել։ Որպես պրեմիերա՝ գոհ եմ, կարծում եմ՝ սա որպես առանձին պատմություն՝ կհետաքրքրի հանդիսատեսին։ Չկա այն հայկական կենցաղը, որը, բնական է, կա մեր ներկայացումներում. մենք փորձեցինք մի քիչ այլ մոտեցում ցուցաբերել, ինձ թվում է՝ ստացվեց»,- նշեց Արմեն Վարդանյանը։
Նշենք, որ «Մնա» ներկայացման գրաֆիկական դիզայնի և երաժշտական ձևավորման հեղինակը Արտեմ Ղարիբյանն է, բեմանկարիչը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գարեգին Եվանգուլյանը, զգեստների ձևավորողը՝ Մարինե Թադևոսյանը, գործադիր պրոդյուսերը՝ Համլետ Գալուստյանը, տնօրենը՝ Սիմոն Սարգսյանը։

Ներկայացման ժամանակ բեմում էին Վաչե Երիցյանը, Ավետ Զոհրաբյանը, Տոմա Պետրոսյանը, Մագա Հարությունյանը և Սուրեն Փահլևանյանը։

