Իտալական L’Espresso պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը՝ այն անվանելով էթնիկ զտում
Իտալական L’Espresso հանրահայտ պարբերականը մարտի 8-ին միանգամից երկու կարևոր հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանում հաստատված բռնատիրական ռեժիմի քաղաքականությանը և Լեռնային Ղարաբաղի հայաթափման հանցավոր գործողություններին: Մասնավորապես, Ադրբեջանում փետրվարին անցկացված նախագահական ընտրությունները որակվել են ոչ ազատ, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները՝ ոչ այլ ինչ, քան էթնիկ զտում: Հոդվածագիրներն անդրադարձել են նաև Բաքվի հանցավոր վարչակարգի հետ Իտալիայի կառավարության փոխհարաբերություններին՝ ակնհայտորեն չողջունելով այդ կապերը:
«Արմենպրես»-ը թարգմանաբար և աննշան կրճատումներով ներկայացնում է Կառլո Տեչեի՝ «Իտալիան աչք է փակում ադրբեջանցի ցեղապետի վրա» և Դանիելե Բելլոկիոյի՝ «Ոչ թե արտագաղթ, այլ էթնիկ զտում» հոդվածները։
Իտալիան աչք է փակում ադրբեջանցի ցեղապետի վրա
«Քանի որ Ադրբեջանը մեզ «կերակրում» է լավ գնով վաճառվող մեթանով, ուրեմն պետք չէ ճառախոսել ադրբեջանցի ժողովրդի՝ մարդկային, քաղաքացիական, սոցիալական իրավունքների կամ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած հայ փախստականների մասին: Երբ ձեռնտու չէ՝ ավելի լավ է անտեսել բարոյական սկզբունքները, որովհետև Հռոմը Բաքվի ջանասեր «հաճախորդն» է, որի հետ հարաբերությունները քաղաքական են, ավելի քան՝ պայմանագրային։ Բողոքի ցույցերը չեն հանդուրժվում։ Լռության շաղախը շատ ողջունելի է։ Իսկ շողոքորթությունը գոհացնում է ադրբեջանական ռեժիմին։ Ինչպես, օրինակ, Ադրբեջանի հրավերն ընդունած իտալացի երեք խորհրդարանականների, որոնք դիտորդական առաքելություն են իրականացրել փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում, որոնք Իլհամ Ալիևը կազմակերպել էր իր հինգերորդ մանդատն ապահովելու համար», – գրում է պարբերականը:
Խոսքը «Fratelli d’Italia»-ի պատգամավորներ Սալվատորե Կայատայի ու Անդրեա Դի Ջուզեպպեի և «Italia Viva»-ի պատգամավոր Նայիկե Գրուպիոնիի մասին է: Բաքվի կառավարության նշանավոր հյուրերը, ըստ «L’Espresso»-ի ունեցած փաստերի, Իտալիա են վերադարձել խանդավառված և, գուցե, արժեքավոր դասերով՝ ի տարբերություն եվրոպացի գործընկերների, ովքեր ԵԱՀԿ-ի դիտորդի կարգավիճակում այցելելով ադրբեջանական ընտրատեղամասեր՝ արձանագրել են առանց մրցակցության և լրագրողների ներկայության քվեարկություն։ Ոչ ազատ քվեարկություն:
Պարբերականը նշում է` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Դի Ջուզեպպե-Կայատա հայրենասեր զույգը և Գրուպիոնին երեք հոգնեցուցիչ օր են անցկացրել Բաքվում՝ «պարեկություն» են կատարել ընտրատեղամասերում, հանդիպել խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովային և կեղծ մամուլի ասուլիսներից հետո վերադարձել են Իտալիա: Նրանք ադրբեջանական լրատվամիջոցներին պատմել են իրենց տպավորությունների մասին: Գրուպիոնին առանձնացրել է քվեարկությանը ինքնաբուխ մասնակցությունը. «Կցանկանայի, որ աշխարհի մյուս երկրներում նույնքան հետաքրքրված լինեն ընտրություններով, որքան Ադրբեջանում»:
«Դի Ջուզեպպեն բարձր է գնահատել երիտասարդների համախմբումը. «Հանդիպեցի բազմաթիվ երիտասարդների, ինչը դրական փաստ է. Իտալիայում և Եվրոպայում երիտասարդները դժկամությամբ են մասնակցում քվեարկությանը: Սրանք կարևոր ազդանշաններ են ժողովրդավարական գործընթացում: Մեր երկրում պետք է օգնենք մարդկանց վերագտնել սերը քաղաքականության նկատմամբ և մասնակցել ընտրություններին:
Ավելի զուսպ է եղել Կայատան, որը բարձր է գնահատել ընտրությունների «թափանցիկությունը»։
Այժմ Ադրբեջանը, նախկին խորհրդային հանրապետությունը, որը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, Իտալիային գազ մատակարարող երկրորդ պետությունն է՝ ժողովրդավարության մեկ այլ նշանավոր «չեմպիոն» Ալժիրից հետո: Ալժիրը և Ադրբեջանը փոխարինել են Ռուսաստանին։ Վլադիմիր Պուտինը 20 տարի բավարարել է Հռոմի էներգետիկ կարիքները՝ իտալական կառավարությունների անխռով գործակցությամբ, փաստորեն, իրեն ենթարկելով Իտալիան: Չնայած սպառման տատանումներին՝ 2023 թվականին TAP գազատարով մոտավորապես 9.2 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ է մատակարարվել Սալենտոյի ափեր։ Դա տարեկան ընդհանուր ծավալի ավելի քան 10 տոկոսն է:
Իտալիայի արտահանումն Ադրբեջան հասնում է 400 միլիոն եվրոյի, իսկ այդ երկրից ներմուծումը, ներառյալ գազի և նավթի, կազմում է մոտ 12 միլիարդ եվրո: 2022 թվականին գնաճի պատճառով ներմուծումը կազմել է 20, իսկ 2021-ին՝ մոտ 9 մլրդ եվրո: Մինչդեռ նախկինում՝ միջինը 5 միլիարդ եվրո էր: Իտալիան հիմնավոր ներդրում ունի Ադրբեջանի ՀՆԱ-ում, որը կազմում է 50 միլիարդ եվրո։
Մելոնիի կառավարությունը տնտեսական հարաբերությունները վերականգնելու նպատակով պատրաստակամորեն վաճառում է մի ապրանք, որը համառորեն պահանջում են պակաս ժողովրդավարական կամ ընդհանրապես ոչ ժողովրդավարական ռեժիմները. զենք: Հունիսին Հռոմը Բաքվին վաճառել է մի քանի տասնյակ միլիոն եվրո արժողության C27J Spartan մարտավարական տրանսպորտային ինքնաթիռ: Դա լավ ազդակ է պաշտպանության ոլորտում խոստումնալից համագործակցության համար, որին նպաստել էր 2023 թվականի հունվարին նախարար Գուիդո Կրոզետտոյի այցը: Սակայն, սեպտեմբերին ադրբեջանական բանակը վերսկսեց Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի, հետևաբար, չճանաչված Արցախի Հանրապետության տանջահար հայ բնակչության ռմբակոծումը: Դարավոր հակամարտությունն ավարտվեց հայերի հանձնվելով և տասնյակ հազարավոր փախստականներով:
Եվրախորհրդարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 4-ի բանաձևում խոսվում է «էթնիկ զտումների» մասին. «Մենք ցավում ենք Ադրբեջանի կողմից վերջերս տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի և վիրավորների թվի առնչությամբ, համերաշխություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հայերին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները և նախնիների հողերը: Մենք կարծում ենք, որ ներկայիս իրավիճակը հավասարազոր է էթնիկ զտումների»:
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դրոշը բարձրացնելու միջոցով հաղթանակը շահարկելու համար նախագահ Ալիևը արտահերթ ընտրություններ էր նշանակել, որպեսզի ստանա իր 5-րդ անընդմեջ մանդատը և իշխանության ղեկին մնա առնվազն մինչև 2031 թվականը:
Իլհամ Ալիևը 20 տարի առաջ հաջորդեց հորը՝ Խորհրդային Միության ժամանակներում բացարձակ կարևորության գործիչ, անկախ Ադրբեջանի հիմնադիր Հեյդարին: Ալիևը հաղթեց այլախոհների նկատմամբ ճնշումների, լրագրողների ձերբակալությունների և ֆարսային մրցակցության պայմաններում՝ ստանալով ընտրություններին մասնակցած 76 տոկոս մարդկանց ձայների 92 տոկոսը։ Նա Բաքու բերեց հստակ ժողովրդավարական ծագմամբ «դիտորդներ» և APA պետական լրատվական գործակալության կազմակերպած ուռճացված հարցազրույցների և հայտարարությունների միջոցով նրանց ներկայացրեց բնակչությանը:
Ադրբեջան-Իտալիա միջխորհրդարանական բարեկամության խումբը բավականին ակտիվորեն ղեկավարում է Մարկո Սկուրիան («Fratelli d’Italia»), ով նախկինում Բաքու էր մեկնել՝ նշելու Հեյդար Ալիևի ծննդյան հարյուրամյակը։
Երեք խորհրդարանականներ Կայատան, Դի Ջուզեպպեն և Գրուպիոնին ներկայացել են որպես «դիտորդներ»։ Ո՞ւմ անունից և ո՞ւմ հաշվին: Նրանք ԵԱՀԿ խմբի հետ չէին, որն, իմիջիայլոց, բաղկացած էր վեց իտալացիներից, չորս պատգամավորներից և երկու այլ սենատորներից», – հավելում է պարբերականը:
«L’Espresso»-ն կապ է հաստատել երեք խորհրդարանականների հետ։ Դի Ջուզեպպեն բացատրել է, որ ինքը կատարել է նաև Միջազգային Առևտրի կոմիտեի նախագահի իր դերը։ Նրա փոխնախագահ Գրուպիոնին մանրամասնել է, որ ինքը հայտնել է այն, ինչ տեսել է, կարծիք չի արտահայտել: Իսկ Կայատան չի պատասխանել։ Ակնհայտորեն ադրբեջանական մոդելը նրան շատ է հետաքրքրել։ Եվ նա դա փորձարկում է», – հավելում է պարբերականը:
Ոչ թե արտագաղթ, այլ էթնիկ զտում
Արցունքները լուռ հոսում են Նունե Խաչատրյանի դեմքին, երբ նա դիտում է իրեն, իր ընտանիքը, իր հողը՝ Լեռնային Ղարաբաղը, պատկերող լուսանկարների ալբոմը: 55-ամյա կինը, ինչպեսև Արցախի (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը) ավելի քան 120 հազար հայ քաղաքացիները, փրկվելով 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայից՝ այսօր որպես տեղահանված բնակվում է Գորիսի հյուրանոցներից մեկի սենյակում։ Փախուստի ժամանակ նրան հաջողվել է վերցնել միայն լուսանկարները՝ կեսդարյա անձնական և կոլեկտիվ պատմության մասին միակ հուշը, որում պատկերված են պարզ ու աշխատասեր մարդիկ, հպարտ ու հին աշխարհ, որն այլևս գոյություն չունի:
«Հարազատներիս հետ «ՈւԱԶ»-ով փախչելիս չէի կարողանում դիմացս նայել. շարունակ շրջվում էի, լալիս և ներողություն խնդրում իմ հողից, քանի որ լքում էի այն»:
Նունեի ցուցադրած լուսանկարները նրա խոշտանգված հոգու պատկերն են: «Սա իմ հարսանիքի օրն է: Երազանքն էր մեղրամիսն անցկացնել Վենետիկում: Այն ժամանակ, ես ու ամուսինս չէինք կարող դա թույլ տալ մեզ, բայց ինքներս մեզ խոստացանք, որ վաղ թե ուշ այդ ցանկությունը կիրականացնենք։ Սակայն, այսօր երազում եմ վերադառնալ Արցախ։ Երազանք, որն այլևս երբեք չի իրականանա»,- ասում է նա։
Նունեն իրավացի է. հունվարի 1-ից ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ, իսկ ադրբեջանական վարչակարգը փետրվարի սկզբին սկսել է «Մեծ վերադարձ» գործողությունը, որը նախատեսում է հայերի կողմից լքված տների տրամադրումը ադրբեջանական ընտանիքներին։
Լեռնային Ղարաբաղում, որը պատմականորեն հայկական հող է, բայց ֆորմալ առումով Ադրբեջանի մաս է կազմում, 1990-ականների սկզբին, Խորհրդային Միության փլուզումից հետո, հայկական և ադրբեջանական ուժերի միջև բախումներ եղան: Հակամարտությունը, որի հետևանքով ավելի քան 30 հազար մարդ զոհվեց, պսակվեց հայերի հաղթանակով։ Քսան տարվա խաղաղությունից հետո 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զորքերը հարձակվեցին հայկական ինքնահռչակ հանրապետության վրա՝ վերահսկողության տակ առնելով տարածքի մի մասը: Այնուհետև, խախտելով հրադադարի պայմանավորվածությունները, 2022 թվականի դեկտեմբերից մեկուսացրեցին Ղարաբաղը՝ արգելելով մարդկանց և մարդասիրական օգնության տարանցումը։ 9 ամիս տևած պաշարումից հետո Ադրբեջանը սկսեց վերջնական հարձակողական գործողությունը, որը հանգեցրեց հայ քաղաքացիների արտագաղթին: Եվրախորհրդարանը դա որակեց «էթնիկ զտման» գործողություն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ձայների 92%-ով հաղթեց փետրվարի 7-ին կայացած ընտրություններում և իշխանության ղեկին է արդեն ավելի քան քսան տարի, օգտվեց ուկրաինական պատերազմի հետևանքներից՝ Լեռնային Ղարաբաղը վերամիավորելու համար:
Ռուսաստանի ագրեսիայից հետո, հիրավի, Եվրոպայում բազում բանավեճեր ծավալվեցին Մոսկվայից էներգետիկ անկախություն ձեռք բերելու վերաբերյալ: Բաքուն դարձավ գազի և ածխաջրածինների մատակարարման մերձավոր գործընկեր: Սակայն սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական սրացումը, որը բերեց Արցախի Հանրապետության գոյության և տարածաշրջանում հայկական ներկայության ավարտին, չհանգեցրեց ռազմական գործողությունների ավարտին Հարավային Կովկասում, որտեղ լարվածությունը կրկին սրվում է։ Փետրվարի 13-ին չորս հայ զինվոր սպանվեց սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով: Խորհրդային նախկին երկու հանրապետությունների միջև բանակցությունները փակուղի են մտել: Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցնում, որ հետաքրքրված է Հայաստանի Սյունիքի մարզով, որպեսզի կարողանա Նախիջևանի էքսկլավը կապել երկրի մնացած մասի հետ։
Մինչդեռ արցախցի փախստականները ապրում են ժամանակավոր կացարաններում, անորոշության մեջ՝ այլևս չունենալով անցյալ և չիմանալով, թե արդյոք մոտ ապագայում նոր պատերազմ է սպառնում իրենց։ Նունեն իր լուսանկարները ցուցադրելուց հետո ընկղմվում է լռության մեջ: Նրա աչքերում հիշողությունների ու համակերպվածության համադրություն կա: Սակայն, հրաժեշտից առաջ ճամպրուկից մի փոքրիկ պայուսակ է վերցնում և սրբազան նվիրումով ցույց տալիս դրա պարունակությունը։ «Սա հող է, որը գնալուցս առաջ վերցրել եմ իմ տան բակից: Այն վերցրեցի, որպեսզի միշտ հետս լինի, քանի որ ուզում եմ հուղարկավորվել այս հողի հետ միասին, որպեսզի, գոնե մահացած ժամանակ խաղաղությամբ հանգչեմ իմ Արցախի հողում»։