Մարտի 19-ին «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում» խորագրով համաժողով՝ Եվրոպական խորհրդարանում

Եվրոպական խորհրդարանում մարտի 19-ին տեղի կունենա «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը, տեղեկացնում է Հայաստանում Բելգիայի դեսպանությունը։

Համաժողովը կազմակերպել է Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության պատգամավոր Անդրեյ Կովաչևը։

2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շոշափելի քայլեր ձեռնարկել՝ երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ։ Այդ պայմանավորվածությունից վեց օր անց 32 գերիներ հայրենադարձվեցին Հայաստան։ Հայկական կողմն էլ իր հերթին Ադրբեջանին հանձնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին ու 11 տարով ազատազրկված Ագշին Բաբիրովին։

Ադրբեջանում, ըստ հայաստանցի իրավապաշտպանների, հիմա 23 հայ է պահվում, նրանց թվում՝ Արցախի նախկին ղեկավարները։

Դեռ 2021-ի մայիսին Եվրախորհրդարանը ձայների 607 կողմ 27 դեմ հարաբերակցությամբ բանաձև ընդունեց՝ կոչ անելով պաշտոնական Բաքվին առանց նախապայմանների ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, փակել հայերին նվաստացնող «Ռազմավարների պուրակը»։

Տեսանյութեր

Լրահոս