Կառավարության բնակարանային ապահովման ծրագիրն արցախահայերի արտագաղթի ծրագիր է. Դավիթ Գալստյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, «Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը վստահ է՝ իշխանությունները Եռաբլուր այցելելով ու Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհելով՝ փորձում են հասարակությանը ցույց տալ, թե հայրենասեր են, մինչդեռ ոտնահարել են Վազգեն Սարգսյանի, նրա ընկերների ու այն ժամանակ եղած ամբողջ գաղափարախոսությունը։
«Փորձում են հիմնովին ջնջել այն արժեքները, որով սկսվեց արցախյան պայքարը, և որի արդյունքում ունեցանք երկու հայկական պետություն։ Կործանեցին Արցախը, հենց այն գաղափարը, որի համար Վազգեն Սարգսյանը համարվեց սպարապետ, այսօր չկա այն, ինչի համար Վազգեն Սարգսյանը զոհաբերել է իր կյանքը»,- 168TV-ի «Ռեվյու» hաղորդաշարի եթերում ասաց Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Վազգեն Սարգսյանի 65-ամյակին Եռաբլուր այցելող իշխանություններին։
Խոսելով արցախահայերի խնդիրների, մասնավորապես՝ ՀՀ կառավարության բնակարանային ապահովման ծրագրի մասին, Դավիթ Գալստյանն ասաց՝ այն, ինչն իշխանություններն անվանում են բնակարանային ապահովման ծրագիր՝ ուղղակի արցախցիների արտագաղթի ծրագիր է, ոչ թե բնակարանաշինության։
«Ելնելով այն իրավիճակից, որում մենք ապրում ենք և, այսպես կոչված, բնակարանային ապահովման ծրագիրը, որը հոկտեմբերի 1-ից մեկնարկել են՝ իրականությանը համահունչ չէ։ Բնակարանների գներն ու իրենց տրամադրած գումարը համարժեք չեն, նույն կերպ համարժեք չէ իրենց ներկայացրած ծրագիրը։
Խնդիրները, որոնք այսօր արցախցիները բարձրաձայնում են, շատ ավելի խորն են, քան զուտ բնակարանային ծրագիրը։ Այսօր արցախցիների համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նրանք չարտագաղթեն և նրանց մեջ չսպանեն այն հույսը, որը պետական մակարդակով արվում է՝ վերադարձի իրավունքները։
Մենք ԱԺ հինգ խմբակցություններով հստակ հայտարարությամբ ասել ենք, որ ծրագիրը, որը ներկայացրել է ՀՀ իշխանությունը՝ խթանելու է արցախահայերի արտագաղթին։ Հասկանալի է, որ այս իշխանության բոլոր քայլերը միտված են իրենց աթոռներին կառչած մնալուն, իսկ դժգոհ արցախահայերին որակում են՝ որպես դժգոհ մասսա։ Մենք շատ լավ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանն անձնական ատելություն ունի արցախահայերի նկատմամբ»,- ընդգծեց Դավիթ Գալստյանը։
Նա հիշեցրեց՝ երբ ՀՀ իշխանությունն արցախահայերի համար որևէ ծրագիր է ցանկանում իրականացնել, պարտադիր պայման է դնում, որպեսզի նրանք անպայման դառնան ՀՀ քաղաքացիներ։ Արցախահայերի խնդիրները որևէ կերպ չեն քննարկում Արցախի ինստիտուցիոնալ մարմինների հետ։
«Հարց պետք է հնչեցվի, ես ո՞ր երկրի քաղաքացիությունից պետք է հրաժարվեմ՝ ընդունելով ՀՀ քաղաքացիություն։ Եթե իմ անձնագիրը ոչնչով չի տարբերվում, բացի եռանիշ կոդից, ինչո՞ւ պետք է փոխեմ։ Այս կառավարությունն իրականությունից կտրված ծրագրեր է մշակում և նետում հանրային դաշտ, որն էլ առաջացնում է արցախցիների դժգոհությունը։
Եթե հայը ոտքի չկանգնի ու Արցախին տեր չկանգնի, ապա միանշանակ արտագաղթի մակարդակը բարձրանալու է, գնալու են ոչ միայն արցախցիները, այլև հայաստանաբնակները»,- նշեց Դ. Գալստյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախում պետական մակարդակով իրականացվող վանդալիզմին, Դավիթ Գալստյանն ասաց, որ 2020 թվականից Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի մշակութային հուշարձանները, և եթե Հայաստանի կողմից պետական մակարդակով միջազգային հարթակներում Ադրբեջանի այս քաղաքականությանը չեն հակադարձում, ապա Ադրբեջանն ավելի է առաջ տանում իր այդ քաղաքականությունը։
«Պետական մակարդակով որևէ համարժեք քայլ չանելու դեպքում Ադրբեջանը շարունակելու է իր այդ քաղաքականությունը։
Արցախը եղել է Հայաստանի անվտանգության դարպասը, և այն քայլերը, որոնք այսօր իրականացնում է Ադրբեջանը, ոտնձգություն է նաև Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև, օրվա իշխանությունը չի կարող լուծել, նրանք պատրաստ չեն այսօր իրենց տեղը զիջելու կարող ուժերի։ Երբ մարդն իր անձնականն ավելի է գերադասում, քան պետական շահը, ունենում ենք նման ցավալի իրավիճակ։ Նիկոլի և իր իշխանության հետ ես չեմ կարող ապագա կանխատեսել»,- ընդգծեց Դավիթ Գալստյանը։
Արցախի ԱԺ պատգամավորը խոսեց նաև Արցախում մնացած մի քանի հայրենակիցների մասին՝ ասելով, որ նրանց ճակատագրի վերաբերյալ իրեն որևէ բան հայտնի չէ։
«Ադրբեջանցու հետ կողք կողքի քնելն արդեն իսկ վտանգ է, Ռամիլ Սաֆարովը կացնահարեց քնած հային»,- հիշեցրեց Դավիթ Գալստյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում