Իրանը կանխել է խորհրդարանական ընտրությունների խափանմանն ուղղված 200 կիբեռհարձակում
Իրանը Փորձագետների խորհրդի և Մեջլիսի (խորհրդարան) ընտրություններից մեկ ամիս առաջ կանխել է 200 կիբեռհարձակում, որոնք ուղղված էին ընտրական գործընթացի խափանմանը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբին կից Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ գեներալ Ղոլամռեզա Ջալալին։
«Ընտրություններին նախորդող մեկ ամսում մենք հետ ենք մղել տարբեր մասշտաբի 200 կիբեռհարձակումներ: Հակառակորդը բոլոր ջանքերը գործադրել էր ընտրական գործընթացը խափանելու համար, բայց շնորհիվ այն բանի, որ մենք մեր ջանքերը կենտրոնացրել էինք երկրի անվտանգության ապահովման վրա, ընտրություններն անցան հանգիստ իրավիճակում», – ասել է նա։
Ըստ Ջալալիի տեղեկատվության` այդ ընթացքում Հետախուզության նախարարության և Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարության մասնագետները «հետ են մղել մոտ հինգ խոշոր կիբեռհարձակումներ»։ Բացի այդ, «վերջին կես տարվա ընթացքում Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա իրականացվել է շուրջ 100 DDoS հարձակում»: Իրանցի զինվորականը հավելել է, որ կիբեռհարձակումները հիմնականում իրականացվել են արտասահմանից։
Իրանի Փորձագետների խորհրդի և Մեջլիսի (Խորհրդարանի) ընտրությունները տեղի են ունեցել մարտի 1-ին: Ընտրական շտաբի տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 41 %։ Փորձագետների խորհուրդը կառավարական մարմին է Իրանում, որում ընդգրկված են 88 հեղինակավոր աստվածաբաններ։ Դրա հիմնական գործառույթն է երկրի ղեկավարի և հոգևոր առաջնորդի ընտրությունը։ Մեջլիսը բաղկացած է 290 պատգամավորից։ Պատգամավորական լիազորությունների ժամկետը չորս տարի է։