ՄԱԿ-ը հայտնել է աշխարհում 55 հակամարտության առկայության մասին

Աշխարհում բռնկված 55 զինված հակամարտությունները հանգեցնում են հումանիտար ճգնաժամերի և էսկալացման սպառնալիքի: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում։

«Աշխարհում բռնկված 55 հակամարտություն կա», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ֆոլքեր Թյուրքն ուշադրություն է հրավիրել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների լայնածավալ խախտումների վրա, որոնք «կործանարար ազդեցություն ունեն միլիոնավոր խաղաղ բնակիչների վրա»։

«Բնակչության տեղահանումն ու հումանիտար ճգնաժամերն արդեն հասել են աննախադեպ մասշտաբների: Եվ այդ բոլոր հակամարտություններն ունեն տարածաշրջանային ու գլոբալ հետևանքներ», – ընդգծել է Թյուրքը։

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի խոսքով՝ հազվադեպ է, երբ մարդկությունը բախվում է այսքան սաստկացող ճգնաժամերի: Նա նախազգուշացրել է, որ իրար վրա կուտակված արտակարգ իրավիճակները մեծացնում են հակամարտությունների սրման վտանգը:

«Գազայի հատվածում պատերազմը պայթյունավտանգ հետևանքներ ունի ողջ Մերձավոր Արևելքի համար: Հակամարտություններն այլ տարածաշրջաններում, այդ թվում` Աֆրիկյան եղջյուրում, Սուդանում և Սահելի տարածաշրջանում, նույնպես կարող են կտրուկ սրվել», – ասել է Թյուրքը՝ հավելելով, որ «Կորեական թերակղզու ռազմականացման աճը բարձրացնում է սպառնալիքի մակարդակը»։

Նա նաև հիշեցրել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելյան նահանգներում անվտանգության խորացող ճգնաժամի և «Կարմիր ու Սև ծովերում հարձակումների մասին, որոնք ցնցումներ են ստեղծում ապրանքների գլոբալ փոխադրումների համար»:

Փետրվարի 26-ից մինչև ապրիլի 5-ը Ժնևում անցկացվում է Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանը։

Տեսանյութեր

Լրահոս