Բաքվում պահվող գերիների թվի վերաբերյալ ԱԺ նախագահի հայտնած թիվը չի արտացոլում մեր կողմից ստուգված և հրապարակված թվերը. Սիրանուշ Սահակյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ  Բաքվում այժմ մոտավորապես 25 հաստատված գերի կա, ներառյալ՝ Արցախի Հանրապետության նախկին ղեկավարները։

«Եթե չեմ սխալվում, կարող է և սխալվեմ թվի մեջ՝ մեկ այս կողմ, մեկ այն կողմ լինի, մոտավորապես 25 հաստատված գերի կա։ Իրենց հետ կապված բանակցությունները շարունակվում են։ Ինչ որ պահ կար՝ չէինք խոսում գերիների մասին, բայց հետո պրոցեսը շարունակվեց, և մեծ թվով գերիներ հետ եկան։ Բանակցությունները միշտ կան»,- ասաց նա։

168.am հետ զրույցում Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ԱԺ նախագահի կողմից հնչեցրած թիվը չի համապատասխանում իրենց կողմից ստուգված և վերիֆիկացված տվյալներին։

«Համաձայն մեր տեղեկատվության, պաշտոնականացված անազատության մեջ պահվող հայերի թիվը կազմում է 23-ը, և այստեղ ներառված են 8-ը՝ Արցախի նախկին ղեկավարությունը։ Այսինքն՝ սա պաշտոնական թիվն է, երբ Ադրբեջանն ընդունում է  հայի՝ իր մոտ գտնվելը։ Այս անձանց հետ շփումներ են ապահովում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջով։ Այսինքն՝ նրանք տեսակցում են, և կա որոշակի կապ ընտանիքի անդամների միջև։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական թվին, ապա մենք բարձրաձայնել ենք 80 գերեվարման դեպքեր, և մեր ապացույցները կապված են գերեվարման ընթացքում կամ դրանից կարճ ժամանակ անց անձանց ողջ Ադրբեջանի տիրապետության տակ հայտնվելու հանգամանքի հետ։

Բայց մենք մի վերապահում արել ենք՝ քանի որ գերեվարումից անցել են տարիներ, շուրջ 4 տարի, մենք որևէ տեղեկատվություն չունենք նրանց այս պահի վերաբերյալ՝ արդյոք սպանվա՞ծ են, թե՞ ողջ են»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Ինչ վերաբերում է բռնի անհետացածներին, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Ադրբեջանը մերժում է նրանց անազատության մեջ պահելու, գերեվարելու կամ ձերբակալելու հանգամանքը։ Հերքում է այս կարևոր տարրը, և դրանով իսկ այդ մարդիկ հայտնվում են անորոշության մեջ, բացառված չէ նաև կամայական գործելակերպ այդ անձանց նկատմամբ։

«Այդ պատճառով բարձրաձայնված թիվն այդքան էլ չի արտացոլում մեր կողմից հրապարակված թվերը, կարծես թե մենք ունենք մեթոդաբանական տարբերություններ»,- շեշտեց Սիրանուշ Սահակյանը։

Նա նաև շեշտեց՝ նախորդ տարի դեկտեմբերին հայրենիք վերադարձված 32 գերիներն Ադրբեջանի կողմից պաշտոնապես հաստատվածներ են եղել։

Հարցին՝ այսօր գերիներին հայրենիք վերադարձնելու համար պետական մակարդակով ի՞նչ է արվում, որպես իրավապաշտպան, որը զբաղվում է գերիների հարցերով, պետական մակարդակով արած քայլերն իր համար նկատելի՞ են, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ որոշակի քայլեր ձեռնարկվում են, սակայն դրանց արդյունավետությունը կարող է քննարկման առարկա լինել։

«Այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ավարտից հետո դեռևս Ադրբեջանում պահվում են քաղաքացիական անձինք, որոնց գերեվարումը կապված է եղել 44-օրյա պատերազմի հետ, այդ խնդիրների մի մասը մնացել է չլուծված։ Իհարկե, այդ խնդիրները վերագրելի են ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին, գործ ունենք սպեցիֆիկ պետության հետ, որն աչքի է ընկնում իր ավտորիտար ռեժիմով, ճնշում է գործադրում քաղաքական ու այլ հարթակներում։ Չմոռնանք, որ խնդիրները լուծելու նպատակով դիմում է նաև միջազգային հանցագործության, կուտակել է որոշակի քաղաքական, դիվանագիտական, ռազմական պաշար, ինչը հնարավորություն է տալիս 21-րդ դարում միջազգային իրավունքի բացահայտ խախտումներով հարցերը լուծել ուժի գործադրմամբ։ Ավելին՝ այս ուժի գործադրմամբ և դրա սպառնալիքներով հայկական կողմին հարկադրում է ցանկացած փաստաթղթի ստորագրում։ Դրա համար, եթե Հայաստանը չդիմի ավելի խոլիստիկ մոտեցման և չզարգացնի իր կողմից վարվող քաղաքականությունը, չկոշտացնի դիրքորոշումներն Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում, այդ խնդիրները դեռ երկար ժամանակ մնալու են չլուծված»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Սիրանուշ Սահակյանի բնորոշմամբ՝ կա կարևոր հանգամանք, որ այս հարցերի լուծումը շատ է կապվել քաղաքական խնդիրների լուծման հետ, և մարդասիրական հարցերն ինքուրույնաբար չեն լուծվում, ինչը համարում է թերացում։

«Եթե միջազգային հանրությունն ինքնուրույնաբար մոտենար և միավորեր իր ջանքերը մարդասիրական խնդիրները լուծելու նպատակով, ապա այդ հարցը շատ ավելի հեշտ լուծելի կլիներ, քան այն պարագայում, երբ փոխկապակցվել է  քաղաքական օրակարգում ներառված այդ խնդիրներին։ Ընդունվել է խաղի հին կանոնը, որ քանի դեռ հայկական կողմը չի գնացել զիջումների, ադրբեջանական կողմն ազատ չի արձակելու գերիներին։ Այս պահին Հայաստանն այս մոտեցումը հակակշելու ռազմավարություն չունի»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս