Ադրբեջանն արագ տեմպով ցանկանում էր իրականացնել Նախիջևանի սցենարը. Լարիսա Ալավերդյան

36 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Ադրբեջանը պետական մակարդակով Սումգայիթում իրականացրեց հայերի ջարդ և բռնի տեղահանություն։ Ադրբեջանն իր այդ քայլով ցանկանում էր ոչ միայն կասեցնել Արցախի ազատագրական պայքարի համար մեկնարկած միլիոնանոց հանրահավաքները, այլև Ադրբեջանից բռնի տեղահանել կամ սպանել ողջ հայությանը, քանի որ նույն ձեռագրով Ադրբեջանը կոտորած իրականացրեց նաև Բաքվի հայության դեմ, արդեն 1990 թվականին։

168.am հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Սումգայիթում տեղի ունեցածը ցեղասպանություն էր տեղի հայերի դեմ, որը մինչև այս պահը պատշաճ գնահատական չի ստացել։

«Բազմաթիվ անգամ մեր «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը հայտարարում էր, որ եթե Սումգայիթում տեղի ունեցածին տրվեր պատշաճ իրավական ու քաղաքական գնահատական, ապա Սովետական Ադրբեջանը չէր շարունակի այն անմարդկային ցեղասպան գործողությունները, որոնք նա հետագայում շարունակեց Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ) և 320  բնակավայրերում, այլ պարզապես վերջ կտրվեր այդ ալիքին։ Նման գնահատական չի տրվել Սովետական Միությունում, մինչդեռ Սովետական Հայաստանի Գերագույն խորհուրդը հստակեցրել էր, որ Սումգայիթում տեղի ունեցածը ցեղասպանություն էր։ Ցավոք, նորանկախ Հայաստանն այդպես էլ չընդունեց որևէ նման որոշում։ ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր եղած ժամանակ առաջարկել եմ, որպեսզի ԱԺ-ն ընդունի նման որոշում, որը մշտապես մերժվում էր։ Մինչև այսօր անգամ կրկնում եմ՝ Հայաստանը չի տվել այդ գնահատականը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ Լարիսա Ալավերդյանի, միջազգային հանրությունը պաշտոնական Կրեմլից պահանջել է, որ տեղի ունեցածին տան գնահատական և պաշտպանեն հայերին՝ 20-րդ դարում երկրորդ ցեղասպանությունից։ Իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո նման որևէ որոշում չի ընդունվել։

Կարդացեք նաև

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կողքին ապրում են 360 հազարից ավելի ցեղասպանությունը վերապրած հայեր, բայց դրան որևէ ձևով արձագանք չի տրվել քաղաքական ուժերի կողմից։ Այնպես որ, երբ այսօր խոսում ենք միջազգային հանրության մասին, ստիպված եմ ասել, որ անպայման շահագրգիռ երկիրն ինքը պետք է սկզբից ճանաչի՝ որպես ցեղասպանություն, տարածի, կարողանա այդ հարցը դարձնել տարբեր քաղաքական կառույցների քննարկման առարկա, դրանից հետո միայն խոսել, թե միջազգային հանրությունը ինչն է արել, ինչը՝ ոչ։ Մեզ շատ քիչ տեղ է մնում խոսել նրանից, թե ինչ է արել միջազգային հանրությունը։ Վերջապես մեր աչքի առաջ Արցախի հայաթափումը, որը միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Օկամպոն բարձրաձայնեց, ու հստակ ասաց՝ Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն էր։ Հայաստանը պետք է դիմի դատարան՝ այդ եզրույթով ու մեղադրանքով»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ այսօր ևս հայության համար քննություն է, օրինակ, Հայաստանը փետրվարի սկզբին դարձել է Հռոմի ստատուտի անդամ, եթե մինչ այսօր հայությունը նամակներով չի հեղեղել միջազգային քրեական դատարանը, ապա որևէ մեկին մեղադրելու իրավունք չունի։

«Այսօր ի՞նչ է  անում իշխանությունը պետական մակարդակով, որպեսզի մենք կարողանանք այն անձանց, որոնց անունները նշել է Օկամպոն, առաջին շարքում Ալիևն էր, նրանց պատասխանատվության ենթարկի քրեական դատարանը,  արդյո՞ք որևէ բան արվել է, իհարկե ոչ։ Դրա համար ոչ թե այստեղ պետք է դատապարտենք միջազգային հանրությանը, այլ իշխանություններին ճնշենք, որպեսզի կարողանա դիմել դատարաններ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանությունը ոչ միայն Արցախյան շարժումը կասեցնելու համար էր, այլև դրանով Ադրբեջանն արագ աշխատում էր Նախիջևանի սցենարը կրկնել Արցախում, այսինքն՝ հայաթափել։

«Փետրվարի 20-ին ընդունած որոշումը եղել է ի պատասխան այն ահագնացող դիսկրիմինացիային ու հայաթափմանը, որն Ադրբեջանն իրականացնում էր Արցախում։ Այնպես որ, մենք չենք կարող ասել, որ Սումգայիթում տեղի ունեցածն արդյունք էր փետրվարի 20-ի որոշման, այլ ցանկանում էին անել այն, ինչին իրենք հասան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ հայաթափելով Արցախը»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս