Զինվորականների գլխին կախված են բազում քրեական գործեր, նրանք ավելի շատ մտածում են դրանց, քան ծառայության մասին. ե՞րբ 44-օրյային առնչվող բոլոր հարցերին վերջակետ կդրվի

Փետրվարի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերում կադրային նոր նշանակումներ եղան, և տևական ժամանակ հետո վերջապես ունեցանք ՀՀ ԶՈւ օպերատիվ գլխավոր վարչության պետ:

Իսկ իշխանության ներկայացուցիչները մեկ շաբաթ է՝ այս նշանակումները քարոզչական նպատակների են ծառայեցնում, մամուլում էլ հրապարակումներ են լինում, թե դրանք «ՆԱՏՕ»-ական նշանակումներ են, ինչը պրոֆեսիոնալ չէ: Անկախ նշանակվածների փորձառությունից, կենսագրությունից, թերևս, ճիշտ չէ հստակ պնդումներ անելը և գնահատականներ տալը, երբ մարդիկ դեռ նոր են նշանակվել:

Բանակին առնչվող այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի հետ:

– Միայն այն փաստը, որ ամիսներ շարունակ թափուր մնալուց հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ նշանակելու փաստը Անդրանիկ Քոչարյանը համարում է մեծ երևույթ, ու ինձ է հիշեցնում, որ պարբերաբար խոսել եմ այդ մասին, արդեն տխրեցնող է։

Կարդացեք նաև

«Լավ է ուշ, քան երբեք» սկզբունքը Զինված ուժերի կադրային նշանակումների ոլորտում որևէ արդարացում չունի։ Անգամ բնականոն պաշտոնեական առաջխաղացումը, կադրային համալրումը իշխանությունները փորձում են շոուի էլեմենտներով լրացնել, ներկայացնում աշխարհացունց երևույթ։ Մոռանում են, սակայն, որ բազմաթիվ փորձառու, տաղանդավոր սպաներ, բարձրաստիճան զինվորականներ քաղաքական նպատակներով հեռացվել են բանակից։

Նոր նշանակումները, որքան էլ արժանավորների մասին խոսենք, չի կարող համարվել եղած բոլոր հիմնախնդիրների լուծում և փրկություն։ Դեռ չլուծված բազում հիմնական հարցեր կան, որոնք լուծման կարիք ունեն, բայց դրանք միտումնավոր աչքաթող են արվում։ Իսկ նշանակումները ներկայացնել իբրև բարեփոխումներ, այն էլ՝ ՆԱՏՕ-ական (ավելի հիմար գնահատում դժվար է պատկերացնել), հիմնազուրկ է և անտեղի։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իշխանական այլ պատգամավորներ նեղսրտում են, որ առաջնագծում կամ երկրորդ գծում ամրաշինական, ինժեներական աշխատանքների մասին իմանալով, դրանք տեսնելով, լավի մասին չեք խոսում, բայց բացթողումների մասին խոսում եք: Նախկինո՞ւմ էլ է Գեղամ Մանուկյանն այսքան ակտիվ եղել բանակի խնդիրների բարձրաձայնման առումով:

– Քոչարյանի խնդիրն է բարձրաձայնումներս տեսնելը կամ լսելը։ Չի եղել որևէ օր, որ այդ խնդիրների մասին չխոսեմ։ Ավելին, Ներքին Հանդում տեղի ունեցած ողբերգության ծնող պատճառների մասին ինչպես փակ, այնպես էլ բաց ռեժիմով Ազգային ժողովի ամբիոնից խոսել եմ, նույն Փաշինյանի կամ Պապիկյանի ներկայությամբ։

– 2021թ. փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այդ ժամանակ հասարակությունը և ընդդիմությունը հույսեր էին կապում ԶՈւ ղեկավարության հետ, բայց հետո եղավ այն, ինչ եղավ: Երբ հետադարձ հայացք եք նետում, ի՞նչ արձանագրում եք անում, փոխվե՞լ են ձեր պահանջներն ու սպասելիքները:

– Սա համապարփակ և շատ ավելի տարողունակ պատասխան ենթադրող նյութ է։ Մեկ բան, սակայն, կուզեմ շեշտել՝ զինվորականներն իրավունք ունեին ու պետք է իրենց անհանգստություններն այդ կերպ արտահայտեին։ Ընդհանրապես մեր երկրում բանակը պետք է շատ ավելի նախանձախնդիր և ակտիվ հանդես գար ու գա երկրի կարևորագույն հարցերի շուրջ։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին ընդդիմությունը չմասնակցելու քաղաքական որոշում կայացրեց: Մի առիթով մեզ ասել էիք, որ «Քննիչ հանձնաժողովի ողջ նյութերի պահպանման համար ԱԺ աշխատակազմում կա հատուկ բաժին, սակայն Անդրանիկ Քոչարյանը որոշել է այն դարձնել անձնական սեփականություն»: Հարցաքննությունների արձանագրություններին հասցրեցի՞ք ծանոթանալ, հատկապես ԳՇ նախկին պետի և Դավիթ Տոնոյանի փակ հանդիպման արդյունքներին:

– Քննիչ հանձնաժողովի գործունեության աննորմալություններից մեկը՝ եղած կանոնակարգերի և օրենսդրական պահանջների ոտնահարումն է։ Աննախադեպ երևույթ է Ազգային ժողովի պատմության մեջ, երբ գաղտնիության ռեժիմ ունեցող փաստաթղթերը պահվում են ոչ թե համապատասխան ստորաբաժանման մոտ, այլ այն Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշել է դարձնել անձնական սեփականություն։ Որպես հանձնաժողովի անդամ, մենք իրավունք ունեինք այդ փաստաթղթերին ծանոթանալ, սակայն անօրեն հանձնաժողովի նախագահը թաքուն է պահում դրանք։

Ամենայն հավանականությամբ, 44-օրյա պատերազմին առնչվող զեկույցը հետագայում լրիվ փակ կլինի: Այս դեպքում չպե՞տք է ռազմական նախկին ղեկավարությունը հանրության համար որոշակի հաշվետվություն ներկայացնի:

– Կարծում եմ, որ հնարավոր չի լինի բաց և համապարփակ նման զեկույց պատրաստել և հրապարակել։ Մոտեցումս այլ է՝ հարկ է բարձրագույն սպայական կազմի շրջանում, անխտիր բոլորի մասնակցությամբ փակ դռների ետևում մեծ ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎ-ԶԻՆԱԺՈՂՈՎ։ Օտար աչքերից հեռու, առանց տեսախցիկների, քարոզչության, շահադիտության լավ իմաստով հաշիվների մաքրում իրար միջև: Դա նման կլինի ցարական Ռուսաստանի սպայական ժողովի գաղափարին, բայց ավելի լայն, բարձր մակարդակով։ Զինաժողովով հնարավոր կլինի ավարտին հասցնել պատերազմական գործողությունների ժամանակ վիճահարույց, տարբեր գործողությունների շուրջ եղած ասեկոսեներին, քաղաքական կամ մարդկային շահարկումներին։ Վերջակետ դնելով բոլոր այդ հարցերին, ի վերջո, հնարավորություն կլինի անցնել լիարժեք գործողության։ Հիմա վիճակն այլ է՝ ամեն մեկի գլխին կախված են մնում բազում քրեական գործեր կամ քննություններ, արդյունքում՝ ավելի շատ մտածում են դրանց մասին, քան՝ ծառայության։

Անդրանիկ Քոչարյանը վերջերս հաճախ ասում է, որ սպառազինության մասով արձանագրումներ են լինելու զեկույցում՝ անորակ հրթիռներից մինչև անարդյունավոտ գնումներ:

– Չեմ էլ ցանկանա անդրադառնալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ այն ամբողջապես քաղաքականացված, փաշինյանական կառավարումն արդարացնող փաստաթուղթ է լինելու։

Ի դեպ, Դուք ի՞նչ հարց կտայիք Օնիկ Գասպարյանին և Դավիթ Տոնոյանին, եթե չլիներ քաղաքական որոշում՝ չմասնակցելու Քննիչ հանձնաժողովի նիստերին:

– Չեմ մեկնաբանում։

Լավ, վերադառնանք բուն անվտանգային խնդիրներին և դրանով ամփոփենք: ՀՀում ԵՄ դիտորդական առաքելությունը մեկ տարեկան է, ի՞նչ կարող ենք արձանագրել, իրականում որքանո՞վ ԵՄ դիտորդները նպաստեցին սահմանային դեպքերի նվազմանը, անվտանգության միջավայրի բարելավմանը: Ի դեպ, Ներքին Հանդի դեպքին անդրադառնալով՝ առաքելության ղեկավարությունն արդարացել է, թե ռուս զինծառայողներն իրենց չեն թողել մտնել Ներքին Հանդ, քանի որ դա իրենց պատասխանատվության գոտին է եղել: Նույն միտքը կրկնել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

– Առաջին իսկ օրից շեշտել ենք, որ պետք է հստակեցվի դիտորդների մանդատի հարցը։ Ցավոք, սահմանային մի շարք միջադեպերի պայմաններում ակնառու դարձավ, որ մանդատը հստակ չէ, նրանք վճռական ներկայություն չունեն և չեն կարողանում ազդել հրադադարի ռեժիմի պահպանման վրա։ Կա ևս մեկ ցավալի և վտանգավոր միտում՝ Հայաստանի իշխանությունների կողմից փորձ՝ հակադրելու ՀԱՊԿ և ԵՄ դիտորդներին, ՌԴ սահմանապահներին և դիտորդներին։ Սա կրկին Հայաստանը ներքաշում է աշխարհաքաղաքական հակասությունների վտանգավոր դաշտ, որը խնդրահարույց է մեր անվտանգային միասնական համակարգի համար։

Տեսանյութեր

Լրահոս