Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնը մեկ տարի թափուր թողնելու և նոր նշանակում կատարելու Փաշինյանի որոշման հիմքերը

Փետրվարի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար: Այս պաշտոնը թափուր էր մոտ մեկ տարի՝ 2023 թվականի մարտի 14-ից, երբ դրանից ազատել էին գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանին:

Նշենք, որ 2023 թվականի մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն:

«Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում: Եթե ուշադիր նայեք, դուք ինքներդ այդ փաստերը կտեսնեք»,- շեշտել էր Փաշինյանը:

Այս հայտարարությունից ժամեր անց ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել էր Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը: Հայ-ռուսական միացյալ զորքերի հրամանատար նա նշանակվել էր նախկին իշխանությունների օրոք՝ 2018 թվականի հունվարի 27-ին:

Կարդացեք նաև

Հաշվի առնելով այդ ընթացքում գոնե հրապարակային հայտարարությունների տեսքով ՀՀ իշխանությունների՝ ռուսական անվտանգային գոտուց դուրս գալու փորձերը, թվում էր, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որոշել, որ այս պաշտոնը՝ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի, պետք է վերացնել, ինչը, ըստ էության, ևս մեկ արկածախնդրություն կլիներ՝ հաշվի առնելով նոր պատերազմի մեծ հավանականությունը ՀՀ տարածքում:

Ի դեպ, այսօր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հաստատել է այս պնդումը և հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման մեծ հավանականություն է տեսնում:

Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնը թափուր չթողնելը գուցե պայմանավորված է այս փաստո՞վ: Իսկ գուցե այն տեղի ունեցավ, որովհետև Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցության հարթությունում սկսվեց «սառույցը հալվելը» և ռուսական կողմը սկսեց կատարել սպառազինության մատակարարումների իր պարտավորությունները: Այսինքն, այս առումով ՌԴ-ի և Հայաստանի միջև առկա խնդիրները երկուստեք փորձեցին գործընկերային ու կառուցողական մթնոլորտում լուծել:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 3-ին ՌԴ կառավարությունը որոշում էր ընդունել, որով ՌԴ նախագահին առաջարկվում էր հայկական կողմի հետ կնքել «Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը»։ Ավելի ուշ կողմերն այն ստորագրեցին Մոսկվայում: Համաձայնագրում, մասնավորապես, նշվում է.

– Միացյալ խմբավորման կառավարման համար ստեղծվում է Միացյալ հրամանատարություն, որը գլխավորում է Միացյալ խմբավորման հրամանատարը, որին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը` համաձայնեցնելով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ,

– Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինները և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններն (այսուհետև` Լիազորված մարմին) ամեն տարի պլանավորում են զորքերի (ուժերի) օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներ, պատասխանատվություն են կրում պլանների մշակման, ըստ բովանդակության, ներգրավվող զորքերի (ուժերի) կազմի, միջոցառումների անցկացման կարգի և դրանց համաձայնեցման, ինչպես նաև դրանց իրագործման համար,

– Միացյալ հրամանատարությունը կազմավորվում է ագրեսիայի անմիջական սպառնալիքի դեպքում կամ պատերազմի ժամանակ, հանդիսանում է Միացյալ խմբավորման ռազմական կառավարման մարմին և նախատեսված է Միացյալ խմբավորման վրա դրված խնդիրների լուծման կազմակերպման ու ղեկավարման համար, Միացյալ խմբավորման հրամանատարին անմիջականորեն և օպերատիվ կարգով ենթակա զորքերի (ուժերի) կառավարման համար,

– Միացյալ խմբավորման կիրառման համար որոշումների ընդունումն իրականացվում է ռազմական անվտանգության ապահովման նպատակներով,

– Միացյալ խմբավորման տեղաբաշխման և կիրառման համար որոշումը համատեղ ընդունվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից,

– Միացյալ խմբավորման տեղաբաշխման և կիրառման համար որոշումների ընդունման մեխանիզմը նախատեսում է Կողմերի պետական և ռազմական կառավարման մարմինների գործունեության և փոխգործակցության հետևողականություն,

– Լիազորված մարմինները Կողմերի գործադիր իշխանության շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակում և սահմանված կարգով ուսումնասիրման համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին են ներկայացնում Միացյալ խմբավորման կիրառման և տեղաբաշխման մասին համատեղ որոշման նախագիծը:

Բացի այս, համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է նաև հետևյալ պարտավորությունները՝

– Համաձայնագրի իրագործման նպատակով որպես Լիազորված մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը,

– ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինը Ռուսաստանի Դաշնության Լիազորված մարմնի հետ համատեղ սահմանեն Միացյալ խմբավորման կազմը ռազմաքաղաքական իրավիճակի համատեղ վերլուծության և համաձայնեցված եզրահանգումների հիման վրա` հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը, և զորքերի (ուժերի) կիրառման ընդհանուր մտահղացման հիման վրա,

– ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինը Ռուսաստանի Դաշնության Լիազորված մարմնի հետ համատեղ սահմանեն խաղաղ ժամանակ փոխգործակցության կազմակերպման կարգը ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության, միացյալ խմբավորման կիրառման ընդհանուր մտահղացման մշակման, դրա կիրառման համատեղ պլանավորման ժամանակ,

– ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջանում և պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միջև փոխգործակցության կազմակերպման նպատակով ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինը նախատեսի օպերատիվ խմբերի ուղարկումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբ և Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական օկրուգի շտաբ,

– ինքնուրույն իրականացնել Միացյալ խմբավորման կազմի մեջ առանձնացված ՀՀ զորքերի (ուժերի) նյութատեխնիկական և ֆինանսական ապահովումը, ստեղծել և լրացնել նյութական միջոցների պաշարները մինչև համաձայնեցված չափաքանակները,

– ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինը Ռուսաստանի Դաշնության Լիազորված մարմնի հետ համատեղ աշխատանքներ իրականացնեն զորքերի, հետախուզության և զենքի, կառավարման մարմինների հաշվողական կենտրոնների կառավարման ավտոմատացված համակարգերի, տեխնիկական և նյութական բազայի միասնականացումն ապահովելու, ինչպես նաև մարտական գործողությունների և օպերատիվ-մարտավարական խնդիրների մաթեմատիկական մոդելների մշակումներն ապահովելու ուղղությամբ:

Այսինքն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը նախատեսված է տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար: Այլ կերպ՝ փոխհամաձայնության սկզբունքների հիման վրա ենթադրում է փոխշահավետ համագործակցություն՝ նպատակ ունենալով դիմակայել կողմերի անվտանգության դեմ ուղղված մարտահրավերներին և սպառնալիքներին:

Իսկ թե Արտակ Բուդաղյանը որքանո՞վ լավ կկատարի Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պարտականությունները, ցույց կտա ժամանակը։

Տեսանյութեր

Լրահոս