Վարորդներն ահազանգում են.  «Վրացիները պահանջում են հետ գնալ դեպի Ռուսաստանի սահման, թափել վառելիքը, նոր սահմանն անցնել. 2000 լարի էլ տուգանք են գրում»

Վերին Լարսի անցակետում ռուս-վրացական անցակետն անցնող բեռնատարների հայ վարորդներին տհաճ անակնկալ է մատուցվել: 168.am-ի խմբագրություն ահազանգած հայ վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ վրացական անցակետում արգելում են վառելիքի լիցքավորված բաքերով սահմանն անցնել:

«Բեռնատարները Ռուսաստանի կողմից գալիս-մտնում են Վրաստան, վրացիները բաքերը ստուգում են՝ համապատասխանո՞ւմ են դրանք արդյոք vin կոդի պահանջներին, թե՞ ոչ: Այսինքն՝ ստուգում են՝ vin կոդով քանի՞ բաք պետք է լինի բեռնատարի համար: Բայց անգամ, երբ բաքերը գործարանային են ու ի սկզբանե vin կոդով մեքենայի վրա երկու բաք է դրված, տուգանում են: 2000 լարի (300 000 դրամ.- Գ.Ս.) ակտ են գրում, մեքենան ուղարկում են դեպի ռուսական սահման, չեզոք գոտի, ու պահանջում բաքերից մեկը դատարկել, որ այն լրիվ չոր լինի: Այսինքն՝ մեկ բաք դիզվառելիքով պետք է հասնենք Հայաստան: Խայտառակ վիճակ է»,- ասաց մեզ ահազանգած վարորդը:

Հիշեցնենք՝ vin կոդը յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի իդենտիֆիկացման 17 նիշանոց կոդն է: Նրանում ներառված են տեղեկություններ արտադրողի ու տրանսպորտային միջոցի արտաքին և ներքին բոլոր բնութագրիչների մասին

Մեր խմբագրություն զանգահարած վարորդը նշեց՝ արդեն տասնյակ բեռնատարներ են տուգանվել:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչ Վահան Հակոբյանն ասաց՝ խնդրի մասին տեղյակ է, արդեն երրորդ օրն է՝ վարորդները տուգանվում են, բայց տուգանքի չափը ոչ թե 2000, այլ 200 լարի է։

«Վրացական կողմի հետ զրուցել եմ խնդրի վերաբերյալ: Ինձ ասացին, որ Վրաստանում նման իրավական կարգավորում վաղուց է գործում, սակայն իրենք նոր են սկսել կիրառել: Ոչ թե ընդհանրապես 2-րդ բաքի հետ է խնդիրը, այլ ոչ գործարանային բաքի: Վրացական կողմն անօրինական ավելացում է դիտարկում, երբ ի սկզբանե 2-րդ բաք գործարանային պայմաններում դրված չի եղել»,- ասաց Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը:

Մեր դիտարկմանը, թե մեզ ահազանգած վարորդի մեքենայի 2-րդ բաքը գործարանային է, սակայն վրացական կողմն ասել է՝ մեզ մոտ ցույց չի տալիս, միգուցե դիլլերներն են դրել, Վահան Հակոբյանը պատասխանեց՝ նման դեպք իրեն էլ է հայտնի:

«Իրականում վրացական կողմն ասում է՝ «մենք բազա ունենք, դրանով ենք նայում, ու եթե բազայում չենք գտնում, փորձում ենք համացանցում ինչ-որ տեղեկություն գտնել բեռնատարի մասին, որ համոզվենք՝ երկու բաք ի սկզբանե է դրված»: Տնտեսվարողներից մեկը նման խնդրի առաջ կանգնել էր, ու քանի որ վրացական կողմն այդ գործարանային տվյալները չէր կարողանում գտնել, որ ի սկզբանե մեքենայի վրա 2 բաք է տեղադրվել, տնտեսվարողին խնդրեցի, որ արտադրողից կամ արտադրողի ներկայացուցչից ինչ-որ տեղեկանք ներկայացնի: Տեղեկանքը ներկայացվեց, ուղարկեցի վրացական կողմին, և համաձայնեցրինք, որ նման դեպքերում դիլլերից կամ պաշտոնական ներկայացուցչից ապացույց հանդիսանա, որ մեքենան ի սկզբանե գործարանային երկու բաքով է եղել: Վրացական կողմը համաձայնեց՝ նման դեպքերը ընդունի»,- ասաց Վահան Հակոբյանը:

Նկատեցինք՝ փաստորեն, ապացուցման բեռը մնում  է Վերին Լարսում օրերով նյարդային սպասումներ ունեցող, անմարդկային պայմաններում գտնվող վարորդների վրա, ու շատերը կգերադասեն այդ քաշքշուկից խուսափելու համար տուգանքն էլ վճարել, վառելիքն էլ թափել: Վահան Հակոբյանը համաձայնեց, բայց նաև նշեց՝ դա Վրաստանի իրավակարգավորումն է, ու իրենք ոչինչ անել չեն կարող:

Վահան Հակոբյանին ասացինք նաև՝ հայ վարորդները մտահոգություն ունեն, որ գուցե վրացական կողմի հետ հայկական կողմը նման պայմանավորվածություն է ձեռք բերել, որ այստեղ կոնկրետ իշխանամերձ որևէ գործարարի շահ սպասարկի, որովհետև փաստորեն, եթե նախկինում Ռուսաստանում երկու բաք լիցքավորած վարորդները գալիս էին Հայաստան, հետ գնում ՌԴ, նոր այնտեղ լիցքավորում մեքենան, հիմա ստիպված են լինելու կա՛մ Հայաստանում, կա՛մ Վրաստանում լիցքավորել:

«Իմ տեղեկություններով՝ խնդիրը հայկական բեռնատարների դեմ չի ուղղված: Այդ իրավակարգավորմանը ենթարկվում են Վրաստանի սահման մտնող բոլոր երկրների մեքենաները: Այսինքն՝ կոնկրետ մեր դեմ չէ: Այդ հսկողությունը նաև ռուսական, բելառուսական, ղազախական մեքենաներին է վերաբերում ու մեր դեմ չէ ուղղված»,- ասաց Վահան Հակոբյանը:

Հունվարի 26-ին Վրաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանն ու  Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես են եկել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

«Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ ստորագրել ենք Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր: Այսօրվա ձեռքբերումը վերջին մի քանի տարիների մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է և արտացոլում է մեր ընդհանրությունները և նպատակասլացությունը: Այնուամենայնիվ, այս նվաճումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր ջանքերը բազմապատկելու և ձեռք բերածով չսահմանափակվելու անհրաժեշտությունը, ինչի մասին խոսեցինք նաև միջկառավարական հանձնաժողովի նիստում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիմա մեր քաղաքացիները կանգնած են լուրջ խնդրի առաջ, և թերևս Նիկոլ Փաշինյանին ոչինչ չի խանգարում ռազմավարական գործըներության շրջանակներում Վրաստանի իր գործընկերոջ հետ կարգավորել այս հարցը:

Տեսանյութեր

Լրահոս