
Արմեն Գրիգորյանը Թեհրանում ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված համաձայնագրերը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում կրկին ընդգծել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություները չեն ոտնահարի որևէ երկրի իրավունքները։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Նշվում է, որ Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ:
«Քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի համատեքստում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը և նշել, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու բացառապես երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Լարիջանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները՝ կարևորելով կայունության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգին՝ ընդգծելով տնտեսական փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը: