Ոչ ոք չի կարող չեղարկել Հայաստանի Անկախության հռչակագիրը, և այն գերակա է ցանկացած Սահմանադրության նկատմամբ․ Արամ Օրբելյան

Ինչ-որ մեկին կարող է և պետք է նոր Սահմանադրություն, և կախված նրանից, թե ովքեր են ներառված ենթադրյալ շահառուների ցանկում, նրանք կարող են փորձել այն փոխել։ Բայց ՀՀ-ին նոր Սահմանադրություն պետք չէ։ Քննարկվում է այն, որ նոր Սահմանադրությունը նպատակ ունի հանելու Անկախության հռչակագրի հղումը։ Դա թեև թելադրվող, բայց կեղծ օրակարգ է։ Այդ ո՞վ է ասել, որ Անկախության հռչակագիրը գործում է Սահմանադրության ուժով, և առհասարակ՝ այդ երկուսից ո՞րն է գերակա։ Անկախության հռչակագիրն է Սահմանադրության և հետագա իրավական ակտերի հիմքը, այն, ի վերջո, ՀՀ ծնունդը փաստող փաստաթուղթն է։ Հռչակագիրն ընդունվել է 1990-ին, Սահմանադրությունը՝ 1995-ին, երբ Հայաստանն արդեն կայացած և միջազգային կազմակերպությունների անդամ պետություն էր։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը։

«Ոչ ոք չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը, քանի դեռ մեր հանրապետության գոյությունը ոչ ոք չի չեղարկել։ Կարող եք փորձել չորրորդ հանրապետություն ստեղծել, բայց դրանից առաջ նախ պետք է հասկանալ՝ ո՞րն է երրորդ և չորրորդ հանրապետությունների տարբերությունը։ Իսկ ինչո՞ւ գոյություն ունի ՀՀ-ն։ Պատճառն այն է, որ այլ պետությունների կազմում բնակվելով՝ հայ ազգի գոյությունը վտանգվել է։ Երբ, օրինակ, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել, Ռուսական կայսրությունում էլ՝ հեղափոխություն, այս տարածաշրջանում հայկական պետություն է ստեղծվել։ Սա շատ պարզ տրամաբանություն է։ Հայաստանի Երրորդ Հանրապետությունն առաջացել է, քանի որ Արցախում հայերի իրավունքների խնդիր է առաջ եկել, Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում հայերի են ցեղասպանել»,- ասաց փաստաբանը։

«Ի սկզբանե Հայաստանը ձևավորվել է, որպեսզի Արցախը լինի նրա մաս։ Եթե Արցախը Հայաստան չէր լինելու, հանգիստ կարելի էր մնալ Խորհրդային Միության կազմում։ Երրորդ հանրապետությունը ձևավորվել է հայկական պետականության ավանդույթների հիմքով, այդ թվում՝ թագավորությունների, իշխանությունների, Առաջին Հանրապետության։ Սահմանադրության փոփոխություններից առավել՝ կարևոր են եկեղեցու դեմ հարձակումները կամ պատմության դասագրքի վերանայումները։ Անկախ նրանից՝ սահմանադրության մեջ ինչ է գրված, երեխաներին կրթում են կոնկրետ ուսումնական ծրագրերով և դասագրքերով։ Ի՞նչ է իրականացնում ՀՀ-ն հայկականության և հայկական արժեքների պահպանման և հանրահռչակման նպատակով։ Եթե սահմանադրության մեջ պնդումները մնան, իսկ պատմության դասագրքերը վերանայվեն, շատ ավելի անմխիթար վիճակում կհայտնվենք»,- նշեց Օրբելյանը։

Փաստաբանի կարծիքով՝ պետք է առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ, և ոչ թե խոսել դրա անկատարության մասին․ «Ժողովուրդն ընդունել է Անկախության հռչակագիր և Սահմանադրություն, այսինքն՝ իշխանության մարմիններին հանձնարարել է իրականացնել դրանցում ամրագրված խնդիրները։ Եթե իշխանությանը դուր չի գալիս այդ տեքստը, թող հրաժարական տա և հեռանա։ Իշխանության ասածը հետևյալն է՝ դուք ինձ վարձել եք, բայց ինձ այդ մոդելը դուր չի գալիս, ուզում եմ մոդելը փոխել։ ՀՀ-ն ստեղծվել է ԽՍՀՄ փլուզման արդյունքում, և դրա պատճառներից մեկն այն էր, որ Արցախը չպետք է ադրբեջանացվի»:

«Իշխանությունը չի կարող հրաժարվել Սահմանադրության կատարումից՝ պատճառաբանելով, թե իբր այն լավը չէ։ Եթե դու պետությունը չես կարողանում կառավարել այս արժեհամակարգի շրջանակում, ուրեմն քո տեղում չես։ Պետք չէ գալ իշխանության ու մեր հաշվին սովորել, պետք է արդեն սովորած գալ։ Սահմանադրությունը ոչ թե պետք է հարմարեցվի օրվա իշխանության քիմքին, այլ պիտի հիմք լինի իշխանության գործունեության համար»,- ամփոփեց Արամ Օրբելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս