Մերձավոր Արևելքը՝ մեծ «պայթյունի» շեմին. Իրանի աննախադեպ բալիստիկ հարվածները մտահոգել են Ադրբեջանին ու Թուրքիային

Վերջին օրերին Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հրթիռային աննախադեպ հարվածներ հասցրեց Իրաքի, Սիրիայի և Պակիստանի տարածքի մի շարք հակաիրանական թիրախների։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ հրթիռային հարձակումներն իրականացվել են ինքնապաշտպանության և Իրանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու նպատակով։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մի շարք հայտարարություններ տարածեց. բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Իրաքյան Քուրդիստանում Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի շտաբին, որը տեղի է ունեցել տարածաշրջանում հակաահաբեկչական խմբերի և ցանցերի դեմ գործողությունների շրջանակներում։

ԻՀՊԿ-ն հաղորդեց նաև, որ հրթիռային հարվածներ է հասցրել «լրտեսական մի շարք կենտրոնների և հակաիրանական ահաբեկչական խմբերի հավաքատեղիների տարածաշրջանի տարբեր մասերում, այդ թվում՝ Սիրիայում»։

Կարդացեք նաև

Երրորդ հայտարարության մեջ նշվում է, որ ԻՀՊԿ-ն թիրախավորել և բալիստիկ հրթիռներով ոչնչացրել է Իրաքյան Քուրդիստանում «Մոսադ»-ի շտաբը՝ «իրանական և դիմադրության հրամանատարների սպանության գործում իսրայելական վարչակարգի դերի համար»։

Թեհրանը հունվարի 16-ին էլ հարվածներ հասցրեց և ոչնչացրեց Պակիստանում գտնվող «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու առանցքային հենակետեր։

«Այս հենակետերը կոնկրետ թիրախավորվել և հաջողությամբ ոչնչացվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների միջոցով»,- նշում է իրանական Tasnim գործակալությունը։

Tasnim-ը նաև հավելելում է, որ հարվածները հասցվել են Պակիստանի Բելուջիստանի նահանգում, որտեղ կենտրոնացած են ահաբեկչական խմբավորման մեծ թվով զինյալներ։

«Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորումը 2023 թ․ դեկտեմբերին Իրանի Ռասակ քաղաքում հարձակվել էր ոստիկանության բաժանմունքի վրա՝ սպանելով 11 իրավապահի։

ԻԻՀ պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարեց, որ Իրանն իր ազգային շահերն ու ժողովրդին պաշտպանում է մեծ եռանդով և առանց որևէ վերապահումների։

Երեքշաբթի վաղ առավոտյան սիրիական Իդլիբում և իրաքյան Էրբիլում գտնվող թիրախների ուղղությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից հասցված հրթիռային հարվածների մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ Իրանի պաշտպանության նախարարն ասել է.

«Մենք սահմաններ չենք դնում մեր ազգային շահերի և ժողովրդի պաշտպանությանն ուղղված միջոցառումներում և նման միջոցներ կձեռնարկենք հզոր կերպով»։

Վերահաստատելով Իրանի հարգանքն այլ պետությունների ինքնիշխանության, շահերի և կանոնակարգերի նկատմամբ՝ Աշտիանին ասել է, որ Իրանը որևէ կողմի թույլ չի տա վտանգավոր գործողություններ կատարել սահմանին։

«Մենք կարձագանքենք ցանկացած տարածքից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված սպառնալիքներին»,- ընդգծել է նա։

Ուշագրավ է, որ ավելի վաղ բրիտանական The Guardian-ը գրել էր, որ ԱՄՆ-ը այլևս Մերձավոր Արևելքում գերտերություն չէ՝ ի տարբերություն Իրանի։

«Այսօր Իրանը, ինչպես և Հյուսիսային Կորեան, ռազմական առումով անձեռնմխելի են, մինչդեռ Սաուդյան Արաբիան մնում է ԱՄՆ-ի լիակատար վասալը՝ ելք փնտրելով Ռուսաստանի և Չինաստանի օգնությամբ։ Ժամանակի հարց է, երբ Իրանը կստեղծի իր ռազմական ավիացիան և կտիրի ողջ Մերձավոր Արևելքին»,- գրել էր բրիտանական պարբերականը։

Հարկ է ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ մինչ իրանական հարվածները Մոսկվայի և Թեհրանի միջև տեղի ունեցավ ուշագրավ երկու հեռախոսազրույց։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զրուցեց իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, իսկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ իրանցի գործընկեր Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ։

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի որակմամբ՝ երկու երկրների միջև հեռախոսային ձևաչափով նման երկխոսություն հազվադեպ է լինում, դա դրդված է Կարմիր ծովի ավազանում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական հարձակմամբ և Գազայի զարգացումներից հետո, և կողմերը պետք է խորհրդակցեն ոչ միայն համագործակցության, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։

Մերձավորարևելյան եռացող ու պայթյունավտանգ «կաթսան» մեծ անհանգստություն է առաջացնում Բաքվում և Անկարայում, քանի որ Իրանից ոչ պաշտոնական սպառնալիքներ են ուղղվում նաև Ադրբեջանին։

Թուրքիայի իշխանական խոսափող «Ենի Սաֆակ» թերթի նախկին տնօրեն, ներկայումս սյունակագիր Իբրահիմ Կարագյուլն իր թվիթերյան միկրոբլոգի էջում անդրադարձել է Իրանի վերջին օրերի հարվածներին։

Նա մասնավորապես նախօրեին գրել էր. «Իրանը Երեկ հրթիռային հարձակում իրականացրեց Էրբիլի վրա՝ Մոսադի բազային։ Այսօր հրթիռ արձակվեց Պակիստանի տարածք՝ բելուջների դեմ։ Վաղն ի՞նչ կլինի, եթե նա հրթիռ արձակի Ադրբեջանի վրա. Եվ սա հավանական է! Իսկապես…»։

168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Մերձավոր Արևելքը գտնվում է հզոր «պայթյունի» շեմին։

Ըստ նրա՝ Իրանի հարվածներն անսպասելի էին, սակայն տրամաբանական և անհրաժեշտ։

«Իրանը փորձեց բռունցք ցույց տալ Արևմուտքին, Իսրայելին և նրանց կողմից հովանավորվող խմբավորումներին Եմենի նկատմամբ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա գործողությունից հետո։ Սա ուղերձ էր ԻԻՀ բոլոր հակառակորդներին, և կարծում եմ՝ բավականին սթափեցնող, քանի որ Իրանը շատ ավելի հաճախ խոսել է իր շահերից՝ առանց ուժի ցուցադրության, որն Իրանի դիրքորոշումը շատ հարցերում թուլացրել է։

Ըստ իս՝ Իրանի ռազմական ուղերձների գլխավոր հասցեատերերից մեկն էլ Ադրբեջանն է, որի հետ Իրանն ունի խնդիրների մի քանի խումբ, որոնցից մեկը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը։

Վստահ եմ, որ Իրանի այս եռօրյա աննախադեպ գործողությունն Ադրբեջանում մտածելու և սեփական գործողությունները վերանայելու առիթ է դառնալու՝ մասնավորապես Հայաստանի նկատմամբ։ Իրանն իր ռազմական ուժն է ցուցադրում, որն ընդունում է նաև Բրիտանիան, ինչը չափազանց հետաքրքիր փաստ է, բրիտանական մամուլում Իրանին Մերձավոր Արևելքում գերտերություն անվանելը Արևմուտքում գործընթացների հետ կապ ունի»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ Իրանի շուրջ զարգացումներ տեղի կունենան, սակայն Իրանը վճռական է գործում և ունի իր գործողություններին հովանավորներ, այդ թվում՝ ՌԴ-ի տեսքով։

Տեսանյութեր

Լրահոս