Իշխանությունը ժողովրդին տանում է երկրի փլուզմանը համակերպվելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների փաստաթղթից սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի և ռեգիոնալ ապաշրջափակման մասին դրույթների առանձնացումն ու զուգահեռ գործընթաց տանելն ամբողջությամբ զրոյացնում է, այսպես կոչված, խաղաղության օրակարգի իրացումը:
«Եթե պարզ խոսենք, ապա խաղաղության պայմանագիրն իր մեջ 3 առանցքային հարց էր պարունակում՝ սահմանների ճշգրտում, ճանապարհների բացում, ապաշրջափակում և Արցախի հարց: Արցախի հարցը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը փորձեց լուծել ռազմական ճանապարհով, իսկ մյուս 2 դրույթների շուրջ ստեղծված հակասությունները փորձում են լուծել՝ դրանք պարզապես հիմնական փաստաթղթից հեռացնելով: Ի՞նչ է ստացվում: Մի կողմից՝ ընթանում է բանակցություններ՝ բարի ցանկությունների ու մաղթանքների մասին փաստաթղթի մասին, որը Հայաստանի իշխանությունն ինչ-որ փուլում փորձելու է թանկ ծախել հասարակության վրա, իսկ զուգահեռ իրականությունում՝ բանակցություններն անկյունաքարային հարցի վերաբերյալ մտնում են փակուղի»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով՝ այս ամենը նշանակում է, որ տարածաշրջանում սպասված ու չարչրկված երկարաժամկետ խաղաղության ու կայունության մասին պետք է մոռանալ:
«Իշխանությունը մի օր, ըստ քաղաքական նպատակահարմարության, խոսում է խաղաղությանը մոտ լինելու մասին՝ փափուկ բարձ դնելով հասարակության գլխի տակ, մեկ այլ իրավիճակում ստիպված է լինում խոստովանել իրականությունը՝ խոսում է խաղաղության գործընթացի տորպեդավորման կամ գործընթացի վտանգման մասին: Խաղաղություն բառը երբեք այսքան ոչնչացված չէր եղել: Մի կողմից՝ միջազգային դերակատարների լռությունը, մի կողմից՝ Ադրբեջանի ագրեսիվ դիրքավորումը, մյուս կողմից՝ շարունակ ստեր ու կեղծիքներ հայաստանյան իշխանության կողմից, որոնք անընդհատ իրենց հետ նոր մարդկային և տարածքային կորուստներ են բերում: Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն աննախադեպ բռնաբարության է ենթարկվում, իսկ իշխանությունը շարունակում է պնդել, որ պետք է թուլանալ և հաճույք ստանալ: Այս իշխանությունը հասարակությանը ոչ թե խաղաղության, այլ երկրի փլուզման համակերպմանն է տանում»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը:
Մնարամասները՝ 168.am-ի տեսանյութում