Ձախողված հերթական ծրագիրը, որի իրականացմամբ սարեր էին խոստանում շուռ տալ
Արտահանողներին աջակցելու համար, շուրջ երկու տարի առաջ կառավարությունը որոշեց սուբսիդավորել լաստանավային բեռնափոխադրումները։ Ասում էին, որ լաստանավային փոխադրումները փրկօղակ են լինելու Հայաստանի տնտեսության և ոչ միայն տնտեսության համար։
Խոստանում էին դրանով ֆունդամենտալ խնդիրներ լուծել. բարելավել պարենային անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը, փոխել բեռնափոխադրումների լոգիստիկան, ավելացնել երկաթուղային բեռնափոխադրումները, մեծացնել հասանելիությունը, էապես բարձրացնել արդյունաբերության ու ընդհանրապես տնտեսության մրցունակությունը։
«Հայաստանը ներմուծման և արտահանման ժամանակ տարիներով բախվում է այն խնդրին, որ Վերին Լարսի անցակետը կամ այդ ճանապարհը փակ է, մեքենաների կուտակումներ կան տարբեր կողմերից:
Այս նոր իրավիճակում, երբ պարենային անվտանգությունը նաև դառնում է ամենակարևոր խնդիրներից մեկը յուրաքանչյուր երկրի համար, ֆունդամենտալ լուծման կարիք ունի:
Դրա համար մենք առաջարկում ենք սուբսիդավորել Փոթի-Պորտ Կավկազ լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը՝ շաբաթական 2 անգամ չվացուցակով, որպեսզի կարողանանք որոշ ժամանակի ընթացքում մեր լոգիստիկ բեռնափոխադրումների էական մասը տեղափոխել երկաթուղային տրանսպորտային ձևի, որը թույլ կտա էապես բարձրացնել Հայաստանի պարենային անվտանգությունը և լոգիստիկ հասանելիությունը:
Դա նաև էապես կբարձրացնի Հայաստանի արդյունաբերության մրցունակությունը։
Կարծում ենք, այս որոշումն ապահովելու է այն, որ մի քանի ամսվա ընթացքում կունենանք բեռնափոխադրումների էական տեղափոխում դեպի լաստանավային և երկաթուղային փոխադրամիջոցը, որի արդյունքում, թե՛ պարենային անվտանգության, և թե՛ տնտեսության մրցունակության առումով էապես կլավացնենք Հայաստանի վիճակը»,- ժամանակին ասում էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Այն ժամանակ շատերն էին զգուշացնում լաստանավային բեռնափոխադրումների անհեռանկարային լինելու մասին, հիշեցնում էին նախկին չհաջողված փորձը, ասում էին, որ լաստանավային փոխադրումները չեն կարող փոխարինել ցամաքային բեռնափոխադրումներին, որ դրանք ձեռնտու չեն լինելու տնտեսվարողներին։ Բայց կառավարությունում լսող չեղավ։
Մեկուկես տարի աշխատեցին լաստանավային փոխադրումներ կազմակերպելու ու իրականացնելու վրա։ Միայն վերջում հասկացան, որ ծրագիրը ձախողված է, որ լաստանավային բեռնափոխադրումները չեն կարող փոխարինել Վերին Լարսով իրականացվող բեռնափոխադրումներին, որ դրանով չեն լուծվելու՝ ինչպես պարենային անվտանգության, այնպես էլ՝ տնտեսության մրցունակության բարձրացման հետ կապված հարցերը։
Օրերս էկոնոմիկայի նախարարը ստիպված էր խոստովանել, որ լաստանավի գործարկումից մի քանի ամիս հետո աշխատանքները դադարեցվել են։
Դադարեցվել են, որովհետև լաստանավային հաղորդակցությունն արտահանողների և ներմուծողների շրջանում բավարար հետաքրքրություն չի առաջացրել:
«Մեր գնահատմամբ՝ այն չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների և ներմուծողների մոտ: Եվ մենք չենք տեսել, որ արտահանող և ներմուծող ընկերություններն օգտագործում են այդ լաստանավն այնպես, որ մենք ինքներս մեզ և մեր գործընկերներին համոզենք այդ ծրագիրը շարունակելու վերաբերյալ»,- արդարանում էր էկոնոմիկայի նախարարը։
Իսկ թե ինչո՞ւ այդքան գովաբանված լաստանավային բեռնափոխադրումների կազմակերպման ծրագիրը ձախողվեց, չարդարացրեց իրեն և չհետաքրքրեց արտահանող-ներմուծողներին, նախարարը, բնականաբար, խուսափեց ասել։ Թեև պատճառները դժվար չէ հասկանալ. պարզապես ձեռնտու չէր։ Այն, ինչի մասին ժամանակին այդքան զգուշացնում էին, բայց կառավարությունը համառորեն իր էշն էր քշում։
Լաստանավային բեռնափոխադրումների իրականացման միջոցով տնտեսության մրցունակությունն արտաքին շուկաներում բարձրացնելու երկու տարի շարունակ չարչրկված ծրագիրը բարեհաջող տապալելուց հետո, հիմա էլ որոշել են, որ հիմնական ջանքերը պետք է ուղղել այլ երկրներ արտահանումն ակտիվացնելու ուղղությամբ։ Հավաստիացնում են, թե իբր քայլեր են անում արտահանումը դիվերսիֆիկացնելու համար։ Քննարկում են արտահանման խրախուսման մի շարք նախագծեր՝ օժանդակություն տրամադրելու այն ընկերություններին, որոնք նոր ուղղություններով արտահանում են իրականացնում:
Ասում են, միայն մեկ ուղղության վրա ջանքերը կենտրոնացնելուց տեղափոխվելու ենք խորը դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարվող աշխատանքների։
Թե դա ի՞նչ է նշանակում և ի՞նչ կտա տնտեսությանը, ապագայում կտեսնենք։ Սակայն դատելով մինչև հիմա իրականացված նմանատիպ ծրագրերից ու մեր տնտեսության արտահանելի հատվածում առկա սարսափելի տխուր իրավիճակից, այսօր արդեն կարելի է ասել, որ գործ ունենք հերթական դատարկ հայտարարությունների ու իրականությունից կտրված խոստումների հետ։ Թե ինչ է արվել մինչև հիմա տնտեսության արտահանման պոտենցիալն ավելացնելու ու դիվերսիֆիկացնելու համար, բոլորի աչքի առաջ է։ Եղած հնարավորություններն էլ փոշիացրել են։ Ու չնայած վերարտահանումների միջոցով ճոխացրել են արտահանման ցուցանիշները, մեր տնտեսության արտահանելի հատվածի կարողություններն ավելի են սեղմվել։
Բայց այդ իրավիճակը բնավ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ երկու տարի շարունակ լաստանավային բեռնափոխադրումների կազմակերպման վրա անիմաստ ժամանակ ու միջոցներ վատնելուց հետո, վերջում ունեցանք հերթական չաշխատող ու տապալված ծրագիրը։
Այդպիսի ծրագրեր վերջին տարիներին բազմիցս են եղել, որոնք մնացել են թղթի վրա կամ արդյունք չեն տվել։
Հիմա էլ հերթը Գյումրու «չոր նավահանգստինն» է, որի իրականացման ու ակնկալվող արդյունքների շուրջ են այժմ էլ հեքիաթներ հորինում։ Իբր ծրագրի իրականացումը թույլ կտա ստեղծել խոշոր արդյունաբերական գոտի, դրական արդյունքներ կապահովվեն տնտեսության համար։ Ժամանակին էլ լաստանավային փոխադրումների մասին էին վերամբարձ հայտարարություններ անում։ Թե ինչ եղավ հետո, ավելորդ է ասել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ