«Լարսի հետ կապված քաղաքական խնդիր չենք տեսնում. լաստանավերի առումով խնդիրները շատ են». Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Լարսի հետ կապված խնդրին, որտեղ օրեր շարունակ բեռները չեն կարողանում առաջ շարժվել, և իր խոստացած լաստանավին, որով պետք է բեռներ տեղափոխեին։

Լրագրողների հարցին, թե քաղաքական խնդիր տեսնո՞ւմ է Վրաստանի կողմից, որ հայկական բեռնատարները հատուկ են կանգնեցնում, Վահան Քերոբյանը պատասխանեց՝ քաղաքական որևէ խնդիր չի տեսնում։

«Լարսի հետ կապված մենք որևէ քաղաքական խնդիր չենք տեսնում, տեսնում ենք մեր ռուս և վրացի գործընկերների խիստ շահագրգռվածությունը՝ հարցը հնարավորինս արագ կարգավորելու, որովհետև պատկերացրեք՝ 1600 խոշոր բեռնատար Վրաստանի տարածքում, Վրաստանի իշխանություններին ու բնակիչներին բնականաբար հաճելի չէ։ Իսկ այն բեռները, որոնք պետք է գնան դեպի Ռուսաստան, շատ պահանջված են ռուս սպառողների, ՌԴ քաղաքացիների, ընկերությունների կողմից, և որևէ մեկը շահագրգռված չէ, որ նման խցանումներ լինեն»,- շեշտեց Վահան Քերոբյանը։

Ինչ վերաբերում է լաստանավին, ապա Վահան Քերոբյանն ասաց՝ վերջին մի քանի հարցազրույցներում նշել է, որ աշխատում են։

Կարդացեք նաև

«Հաջորդ նորությունը, որը դուք կլսեք այս առթիվ՝ հենց լաստանավի աշխատելն է։ Թե երբ կլինի այդ աշխատանքը, դժվարանում եմ ասել։ Էլի պետք է կրկնեմ, որ՝ այո, մենք ի սկզբանե գիտեինք, որ այս նախագիծը ռիսկային նախագիծ է, և նաև այդ պատճառով է, որ երկար ժամանակ որևէ մեկը չի ստանձնել կամ հանձն չի առել այդ խնդիրը լուծել։ Հիմա մենք սկսել ենք, եթե չստացվի, մենք կընդունենք մեր ձախողումը, բայց այս պահի դրությամբ տեսնում ենք, որ…»,- խոսքն ուղղելով լրագրողներին՝ ասաց Վահան Քերոբյանը։

Թե որո՞նք են լաստանավի գործարկվելու հետ կապված խնդիրները, Վահան Քերոբյանն ասաց, որ դրանք շատ են, և ավելի լավ է այս խնդիրների մասին ոչինչ չասի։

Անդրադառնալով արտահանողների կրած վնասներին, որոնք Լարսում այնքան են սպասել, որ բեռներում եղած մթերքը փչացել է, Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ բոլոր արտահանողների հետ կապի մեջ են, նրանց հետ հաճախ են շփվում, երկու օրից նրանց հետ մեծ հանդիպում է ունենալու՝ քննարկելու բոլոր խնդիրները, այդ թվում՝ լոգիստիկ։

«Կքննարկենք նաև ինքնարժեքի, փոխարժեքի փոփոխության և այլ խնդիրներ։ Արտահանողների հետ խնդիրները շատ են, բայց նաև պետք է նկատի ունենալ, որ այդ ամենի հետ միասին՝ մենք ունենք արտահանման աննախադեպ աճ, և հոկտեմբեր ամսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 125 տոկոսով, այսինքն՝ 2,25 անգամ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ չնայած խնդիրներին, հնարավորություններն էլ են մեծ, այսինքն՝ մենք տեսնում ենք, որ բազմաթիվ ընկերությունների՝ ՌԴ շուկայից դուրս գալու արդյունքում առաջացել է մեծ վակուում, որն այժմ ընկերությունները լցնում են։ Այնպես որ, երբ խոսում ենք վնասների մասին, չենք կարող կենտրոնանալ միայն վնասների վրա, բայց մենք կենտրոնանանք ընդհանուր պատկերի վրա։ Այսինքն՝ կարող են լինել ընկերություններ, որոնք հունիսին վնասով են աշխատել, իսկ օգոստոսին՝ գերշահույթով, և այլն»,- ընդգծեց Էկոնոմիկայի նախարարը։

Նա նաև հավելեց, որ ամբողջ տարին Լարսն աշխատել է խնդիրներով, հետևաբար՝ նայում են արտահանումների ընդհանուր ֆինանսական ցուցանիշները։ Իսկ վնաս կրած արտահանողներին փոխհատուցելու վերաբերյալ այսօր քննարկում կունենան  որոշ «կլասի»  արտահանողների ու արտադրողների հետ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս