Իրանի դեմ պատերազմն ապրիլին կկրկնապատկի Ռուսաստանի նավթային եկամուտները՝ հասցնելով դրանք 9 միլիարդ դոլարի․ Reuters
Ռուսաստանն ապրիլին կկրկնապատկի իր նավթային եկամուտները՝ դրանք հասցնելով 9 միլիարդ դոլարի՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով առաջացած նավթագազային ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հիմնվելով իր կողմից արված հաշվարկների վրա։
Հաշվարկները ցույց են տալիս, որ Ռուսաստանը, որն աշխարհում երկրորդ խոշորագույն նավթ արտահանողն է, անսպասելի շահույթ է ստացել Իրանի դեմ պատերազմից, որն, ըստ նավթի առևտրով զբաղվողների, նորագույն պատմության ընթացքում ամենալուրջ էներգետիկ ճգնաժամն է առաջացրել։
Գործակալության հաշվարկների համաձայն՝ ՌԴ նավթի արդյունահանման հարկը ապրիլին կավելանա՝ հասնելով մոտ 700 միլիարդ ռուբլու (9 միլիարդ դոլար)՝ մարտ ամսվա 327 միլիարդ ռուբլու (4,2 միլիարդ դոլար) համեմատ։ Եկամուտը մոտ 10%-ով աճել է 2025 թ. ապրիլի համեմատ։
Ողջ 2026 թվականի համար Ռուսաստանը բյուջեում նախատեսել է 7,9 տրիլիոն ռուբլի (101 մլն դոլար) հանքանյութերի արդյունահանման հարկից։
Ռուսաստանի նավթագազային արդյունաբերության հիմնական եկամուտը հիմնված է արտադրության վրա։ Հում նավթի արտահանման տուրքը չեղյալ է հայտարարվել 2024 թվականի սկզբից՝ այսպես կոչված ավելի լայն հարկային մանևրի շրջանակներում։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել է, որ համաշխարհային էներգետիկ ճգնաժամի ֆոնին տարբեր երկրներից ստացվել են ռուսական էներգակիրների գնման հսկայական քանակությամբ դիմումներ։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա ավիահարվածներից հետո Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի մեկ հինգերորդը, որի հետևանքով Brent նավթի ֆյուչերսները գերազանցել են մեկ բարելի դիմաց 100 դոլարը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունների ֆոնին նավթի գինը փոքր-ինչ նվազել է։



